Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՃԻՇՏ ՉԷ ՀԻՄԱ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼԸ»
Արխիվ 12-16Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆ. «ՃԻՇՏ ՉԷ ՀԻՄԱ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼԸ»

Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով կալանավորվել են Կապանի բնակիչներ Գարեն Աթաջանյանը, Հենրիկ Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ` Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Առանցքային ֆիգուրը, հասկանալի է, Ա. Բուդաղյանն է, ում փաստաբանը մեզ հետ զրույցում հերքում է իր պաշտպանյալի մասնակցությունն այդ պատմությանը:
«ՊԱՇՏՊԱՆՅԱԼՍ ՑՈՒՑՄՈՒՆՔ ՉԻ ՏՎԵԼ»
Իսկ ահա մյուս մեղադրյալ Հենրիկ Ավագյանի տնից առգրավված «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, հենց որն էլ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, օգտագործվել է Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի ժամանակ: Չնայած դրան՝ Հ. Ավագյանի փաստաբան ՍՅՈՒԶԱՆ ԽՉԵՅԱՆԸ երեկ մեզ հետ զրույցում այն միտքն առաջ տարավ, թե՝ ինքնաձիգի փաստը դեռ ոչինչ չի նշանակում.
- Նախ՝ այդ AK-74 տեսակի ինքնաձիգը հայտնաբերվել եւ առգրավվել է իմ պաշտպանյալի հաշվառման վայրի հասցեից, որն իր մշտական բնակության վայրի հասցեն չէ: Այդ ինքնաձիգը հայտնաբերվել է իր ծեր մոր բնակարանից, որտեղ պաշտպանյալս շատ քիչ է լինում, եւ այս պահին որեւէ գնահատական եւ վերլուծություն այդ կապակցությամբ դեռ չեմ անի:
- Բայց եթե նրա հաշվառման վայրից է զենքը հայտնաբերվել, Ձեր պաշտպանյալը, դժվար թե, առհասարակ կապ չունենար այդ ինքնաձիգի հետ:
- Ես բազում վարկածներ ունեմ, բայց այս պահի դրությամբ ես որեւէ վարկած ես ո՛չ ինձ համար հիմնավորված եմ համարում եւ ո՛չ էլ բացառում եմ:
- Սակայն մամուլը պնդում է, թե Ձեր պաշտպանյալը ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ դեռեւս չի հրապարակվում:
- Ձերբակալվելուց ընդամենը մի քան ժամ հետո ես ներգրավվել եմ այս գործում, եւ կարող եմ ասել, որ իմ մասնակցությամբ կատարված քննչական գործողության, ինչպես նաեւ ինձ հետ տեսակցության ժամանակ իմ պաշտպանյալը իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել եւ ցուցմունք չի տվել:
- Ի՞նչ հարաբերությունների մեջ է Ձեր պաշտպանյալը մնացած մեղադրյալների, ինչպես նաեւ՝ մարզպետի հետ:
- Քանի որ այդ հանգամանքի վերաբերյալ պաշպանյալս ցուցմունք չի տվել որեւէ բարեկամական, մտերմական կամ թշնամական հանգամանքի վերաբերյալ, այդ իսկ պատճառով այս պահի դրությամբ զերծ կմնամ որեւէ բան ասել: Սակայն հաստատված հանգամանք է, որ Գարեն Աթաջանյանը եւ Հենրիկ Ավագյանը մի քաղաքից են, հետեւաբար՝ իրար կճանաչեն եւ, ըստ իս, մոտիկից:
«ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻՍ ԵՎ ՄԱՐԶՊԵՏԻ ՄԻՋԵՎ ԵՂԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՆՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Կապանցի երկրորդ մեղադրյալի` Գարեն Աթաջանյանի տանը հայտնաբերվել եւ առգրավվել է «ՏՕԶ-8» տիպի հրացան եւ «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ: Ի դեպ՝ մարզպետի օգնական Զարզանդ Նիկողոսյանը օրերս ջարդել էր Աջաթյանի որդուն պատկանող խանութի ապակիները, իսկ դա հուշում է, որ առնվազն Ս.Խաչատրյանի շրջապատում Գ. Աջաթյանին համարում են մեղավոր: Սակայն, Աթաջանյանի փաստաբան ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ եւս բացառեց իր պաշտպանյալի առնչությունը վերոնշյալ գործին` նկատելով.
- Ըստ պաշտպանյալիս հայտարարության՝ Սյունիքի մարզպետի հետ հարաբերություններ ունեցել է բավական վաղուց, դեռեւս ազատագրական պայքարի տարիներից, երբ միասին մասնակցել են ՀՀ սահմանների պաշտպանության համար մղվող մարտերին: Այդ ժամանակվանից սկսած` պաշտպանյալիս եւ մարզպետի միջեւ եղել են բնականոն հարաբերություններ. թշնամություն, հակասություն, բացասական որեւէ վերաբերմունք միմյանց նկատմամբ չեն ունեցել: Ի դեպ, իմ տեղեկություններով՝ նմանատիպ դիրքորոշում է հայտնել նաեւ պարոն Խաչատրյանը: Ըստ այդմ՝ մեզ համար անհասկանալի է քննչական մարմնի մոտեցումը, քանի որ, եթե առկա է չբացահայտված հանցագործության դեպք, ապա քննիչը առաջին հերթին պետք պարզի հանցագործության մոտիվը կամ շարժառիթը: Աթաջանյանի մասով շարժառիթը կամ մոտիվը բացակայում է:
- Ըստ տարածված լուրերի՝ Ձեր պաշտպանյալը մեղադրյալներից Հենրիկ Ավագյանի հետ բարեկամական կապ ունի:
- Մյուս մեղադրյալներին ճանաչելու մասով Աթաջանյանը ոչինչ չի հայտնում: Մասնավորապես՝ Աթաջանյանը ասել է, որ Արա Բուդաղյանին չի ճանաչել եւ չի ճանաչում, ոչ մի հարաբերություն երբեւէ նրա հետ չի ունեցել, անգամ՝ դեմքով չի ճանաչում: Մյուս խմբի անդամի` Վ. Մինասյանի հետ ծանոթացել է դեպքից քսան-քսանհինգ օր անց: Հենրիկ Ավագյանի հետ պաշտպանյալս ծանոթություն ունեցել է. նրանք մանկության ընկերներ են եւ ընկերական հարաբերություններ ունեն մինչ օրս:
- Ասացիք, որ Վ. Մինասյանի հետ այնուամենայնիվ ծանոթացել է դեպքից հետո, ինչպե՞ս:
- Ծանոթացել է այլ գործարքի շրջանակներում, որը դեպքի հետ ընդհանրապես կապ չունի. ծանոթացել է երրորդ անձի միջոցով:
- Փորձե՞լ եք հանդիպել եք Ս. Խաչատրյանի հետ:
- Ո՛չ, չեմ փորձել, առաջիկայում երեւի չեմ փորձի հանդիպել, որովհետեւ տեղյակ եմ, որ մարզպետը ինքն էլ ցանկանում է, որ պատժվեն իրական մեղավորները: Մեր գործը հիմա նախաքննական մարմնի հետ է:
- Իսկ որտե՞ղ է եղել Ձեր պաշտպանյալը մահափորձի օրը:
- Իհարկե գիտեմ, թե որտեղ է եղել, բայց կարծում եմ, որ այս պահին չարժե դրա մասին բարձրաձայնել:
«ՃԻՇՏ ՉԷ ՀԻՄԱ ԻՄ ԿՈՂՄԻՑ ՈՐԵՎԷ ՏԵՍԱԿԵՏ ՀԱՅՏՆԵԼԸ»
Փորձեցինք կապվել նաեւ գործով տուժող ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ, ով մեզ հետ զրույցում չցանկացավ ինչպես գործի, այնպես էլ մեղադրյալների վերաբերյալ որեւէ տեսակետ հայտնել եւ շատ կարճ արտահայտվեց. «Ճիշտ չէ հիմա իմ կողմից որեւէ տեսակետ հայտնելը: Խնդրում եմ, թողեք, թող քննությունը ընթանա»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk