«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է»
Արխիվ 12-16«ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄԸ ԺԱՄԱՆԱԿԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է»
Ամառը թեպետ կես դարձավ, սակայն մի շարք ընդդիմադիր քաղաքական գործիչներ այդպես էլ դեռ չեն թեւակոխել արձակուրդային շրջան: Նրանցից ոմանք նոր կուսակցություն ստեղծելու գաղափարով են տարված, որոշները սեփական կաշին առաջիկա քաղաքական գործընթացներին փրկելու մասին են մտորում, մյուսներն էլ սահմանադրական բարեփոխումներին «ձեռնոց են նետել» ու «ճակատամարտում» են դեռեւս չեղած փաստաթղթի դեմ: Հենց այս քաղաքական վայրիվերումների մասին էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ համահիմնադիր ԼԵՎՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:
«ԻՐԵՆՔ ԷԼ ՉԳԻՏԵՆ` ԻՆՉԻՆ ԵՆ ԿՈՂՄ, ԻՆՉԻՆ` ԴԵՄ»
–Վերջին շրջանում սահմանադրական բարեփոխումների դեմ ընդդիմադիր ուժերի կողմից կոնկրետ արշավ է նկատվում: Այդ թվում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն առաջարկում է միասնական ճակատ ստեղծել` ընդդեմ սահմանադրական փոփոխությունների: Ի՞նչ կասեք այս մասին:
– Փաստաթուղթ դեռ չկա, հետեւաբար բացարձակապես անլուրջ է առանց փաստաթղթի խոսել ինչ-որ դրույթների, փոփոխությունների մանրամասների մասին: Այլ հարց է, որ հայեցակարգը կա, եւ հայտարարություններ կան պաշտոնական, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական մեխը կառավարման համակարգի փոփոխությունն է լինելու, այսինքն` անցնելու ենք կառավարման խորհրդարանական համակարգի: Այս առումով քաղաքական ուժերը կարող են արդեն իսկ իրենց դիրքորոշումներն արտահայտել, թե կողմ են կառավարման համակարգի փոփոխությանը կամ` ոչ: Բայց, անկեղծ ասած, վերջին մի քանի ամիսների ընթացքում ոչ միայն ես, այլեւ բոլորը խառնաշփոթ են տեսնում, թե ընդդիմադիր որ ուժը որ համակարգի կողմնակից է: Մի քանի ամիս առաջ բոլորը միահամուռ ասում էին, որ դեմ են խորհրդարանական համակարգի անցնելուն: Մինչդեռ հիմա այդպես չէ, գոնե հստակ այդպիսի հայտարարություններ չկան: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին առանձին վերցրած, կարծում եմ` իրենք պետք է պաշտոնական հայտարարություններով հանդես գան` որպես քաղաքական ուժեր, որից հետո հնարավոր կլինի իրենց դիրքորոշումը քննարկել: Կուսակցության փոխնախագահի կամ ինչ-որ պատգամավորի մակարդակով արված հայտարարությունները պաշտոնական չեն:
– Նույն ընդդիմադիր մի շարք կուսակցությունների նախընտրական ծրագրերում կար կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու մասին կետ, ի՞նչն է այսօր փոխվել, որ իրենք իրենց իսկ ծրագրերին որոշել են դեմ դուրս գալ:
– ՄԻԱԿ-ի ծրագրում էլ էր այն առկա եւ, իսկապես, շատ կուսակցությունների ծրագրերում կա: Ըստ էության, անկախ իրենցից, այդ ծրագրային դրույթներն իրագործվում են: 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգը գրեթե պաշտոնապես հայտարարվել է, այսինքն` այն, ինչը մեր ընդդիմադիր գործիչները տարիներով, եթե ոչ տասնամյակներ շարունակ պնդում էին: Իհարկե, դեռ վերջնական փաստաթուղթը պետք է լինի, բայց, փաստորեն, որոշ ուժեր դրան էլ են դեմ: Ստացվում է, որ իրենք էլ չգիտեն ինչին են կողմ, ինչին` դեմ: Անձամբ իմ դիրքորոշումը եթե հայտնեմ` խորհրդարանական համակարգին կողմնակից եմ: Այն քաղաքակիրթ համակարգ է, այլ հարց է, որ Հայաստանի համար ռիսկային է: Ինչ վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելուն, այն քննարկման առարկա է, որովհետեւ կարծում եմ` մեծամասնականի եւ համամասնականի մեջ չէ խնդիրը, այլ` քաղաքական համակարգի: Համամասնական-մեծամասնական, ինչպես ասում են, ճաշակի հարց է: Այս պահին հայեցակարգով ընտրվել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգն իր բարդություններով: Ամեն դեպքում, մեր ընդդիմադիր գործիչները` որպես քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, պետք է պաշտոնապես իրենց դիրքորոշումներն արտահայտեն, որովհետեւ, ուզած թե չուզած, անելու են այն առաջիկա ամիսներին, որովհետեւ շուտով սահմանադրական հանրաքվեն է լինելու, եւ եթե շատ ուզեն էլ թաքցնել իրենց դիրքորոշումը, չեն կարող:
ՆՈՐԱԹՈՒԽ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ՁԵՎԱԿԱՆ ՄԱՍՆ ԵՆ ԱՊԱՀՈՎԵԼ
–Անդրադառնանք նաեւ քաղաքական վերջին վերադասավորումներին, որոնց շարքում խոսվում է, որ մի նոր կուսակցություն էլ է ձեւավորվելու` Վարդան Օսկանյան-Վահե Հովհաննիսյան ձեւաչափով:
– Ոչինչ չգիտեմ այդ մասին, բացարձակապես տեղեկություն չունեմ: Երբ կտեղեկանամ, այն ժամանակ էլ տեսակետ կհայտնեմ:
– Իսկ ինչպե՞ս կգնահատեք արդեն ձեւավորված նորաթուխ կուսակցությունների գործունեությունը:
– Իրենք դեռ առաջին քայլերն են արել: Ձեւական մասն են ապահովել` համագումարներ անելով, ինչ-որ կանոնադրություններ ընդունելով, ղեկավար մարմինների ընտրություններ անցկացնելով: Դրանից հետո ինչ են արել, գոնե ես տեղյակ չեմ: Դժվարանում եմ մասնագիտական կարծիք արտահայտել, որովհետեւ ինքս էլ ժամանակին կուսակցություն եմ ստեղծել, գործունեություն ծավալել: Ինչ-որ մի փուլ պետք է անցնի, որ դրանից հետո գնահատական տրվի: Այս պահին ո՛չ դրական, ո՛չ բացասական գնահատական չեմ կարող տալ, որովհետեւ բովանդակային որեւէ բան, գոնե ժամանակի առումով, այդ ուժերը չեն հասցրել անել:
– Ըստ Ձեզ` աշնանը, ի վերջո, ընդդիմադիր լիդերներ կհայտնվե՞ն քաղաքական դաշտում:
– «Սուրբ» տեղը դատարկ չի մնում եւ, ուզած թե չուզած, այդ դաշտը պետք է բյուրեղանա եւ նաեւ լիդերների մակարդակով ի հայտ գա: Թե որ քաղաքական գործիչներն են առաջնորդելու ընդդիմադիր կամ ոչ իշխանական զանգվածը, որքան մոտենան քաղաքական կարեւոր իրադարձությունները, այնքան ավելի պարզ կդառնա: Չէ որ առաջիկայում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, դրանից հետո 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները: Ի դեպ, եթե Սահմանադրության այն տարբերակն անցնի, որի մասին խոսվում է, այլեւս ՀՀ նախագահի ընտրություններ Հայաստանում չեն լինելու, այսինքն` 2017 թվականի խորհրդարանական ընտրություններն են կարեւորագույն քաղաքական ընտրությունները լինելու: Իսկ դրան այնքան քիչ ժամանակ է մնացել` ընդամենը մեկուկես տարի մինչեւ ընտրարշավի սկիզբ, որ շատ արագ տեմպերով, ուղղակի, քաղաքական դաշտի բյուրեղացումը եւ նոր ուժերի ու առաջնորդների ի հայտ գալը ժամանակի հրամայականն է դարձել:
«ՄԻՇՏ ԷԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԿԱ ԳԵՂԵՑԿՈՒՀԻՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊԵԼՈՒ»
–Ինչպես տեսաք, ցույցերի տեսքով Բաղրամյան պողոտայում սկիզբ առած սոցիալական պայքարը շաբաթների ընթացքում քաղաքականացվեց, մասնատվեց ու ավարտվեց «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի հացադուլով: Հետաքրքիր է Ձեր տեսակետն այս ամենի շուրջ:
– Այն չքաղաքականացվեց, եւ, ի պատիվ մեր քաղաքացիական ակտիվիստների, իրենք, բառիս ուղիղ իմաստով, վռնդեցին բոլոր քաղաքական դեմքերին այնտեղից` հստակ ցույց տալով, որ իրենց հետ առնչություն չունեն: Թեեւ չեմ բացառում, որ մեր քաղաքական գործիչներից շատերը բարի դրդապատճառներով են այնտեղ հայտնվել, ոչ թե ինքնագովազդվելու, ինչպես շատերը: Բայց, այնուամենայնիվ, այն մինչեւ վերջ մնաց քաղաքացիական շարժում: Ինքս այն ողջունեցի մի քանի անգամ, որովհետեւ լավ է, որ մեր երիտասարդները քաղաքացիական ակտիվություն են հանդես բերում, մտահոգ են այս կամ այն հարցի լուծմամբ: Այլ հարց է, որ հաջորդ քայլն իսկապես պետք է լինի քաղաքական: Ինչ-որ քաղաքական հայտ պետք է ներկայացվի, որպեսզի մարդիկ հասկանան, որ այս երիտասարդները բացի տվյալ, թեկուզեւ այսրոպեի կարեւոր հարցից, ինչ խնդիրներ են ուզում դնել իրենց առաջ, ինչպիսին են տեսնում մեր երկիրը առաջիկայում: Այնպես որ, մասնատվեց կամ դրանից հետո ով է հացադուլ անում, այդքան էլ կարեւոր չէ, կարեւորը լավ նախադեպ ստեղծվեց. առողջ քաղաքացիական շարժումներ կան, նոր սերունդ կա, ակտիվություն կա, որը մեր երկրի ապագայի համար շատ լավ է:
– Պարոն Մարտիրոսյան, եւ վերջում մի ոչ քաղաքական հարց. այս օրերին Հայաստանում է իտալացի կինոդիվա Օռնելա Մուտին, Քիմ Քարդաշյանի հետ ընթրած պատգամավորը չի՞ պատրաստվում հանդիպել նաեւ համաշխարհային գերաստղին:
– Քանի որ մեկ շաբաթ բացակայել եմ հայրենիքից եւ նոր եմ վերադարձել, անկեղծ ասած, լավ տեղյակ չեմ, համաշխարհային հռչակ ունեցող այդ հայտնի դերասանուհու հայաստանյան ծրագրից: Հետեւաբար, որեւէ կոնկրետ բան ասել չեմ կարող, բայց ոչինչ բացառել նույնպես չեմ կարող:
– Փաստորեն, այդպիսի ցանկություն, այնուամենայնիվ, ունե՞ք:
– Իհարկե, միշտ էլ ցանկություն կա գեղեցկուհիների հետ հանդիպելու:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk