ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԲՈՒՖՈՆԻ ԵՎ ՉԱՎԻԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ
Արխիվ 12-16
ՌՈՆԱԼԴՈՒԻ, ԲՈՒՖՈՆԻ ԵՎ ՉԱՎԻԻ ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԸ ԿԱՍԻԼՅԱՍԻՆ
Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաջողություն է մաղթել Իկեր Կասիլյասին, ով 25 տարի Արքայական ակումբի մարզաշապիկը կրելուց հետո տեղափոխվել է պորտուգալական «Պորտու»: Ռոնալդուն իր թվիթերյան էջում գրել է. «Իկե՛ր, հպարտ եմ, որ այսքան տարի աշխատել եմ քո հետ: Քեզ հաջողություն եմ մաղթում նոր թիմում»: Թուրինի «Յուվենտուսի» ավագ Ջանլուիջի Բուֆոնը եւս հաջողություն է մաղթել Իկեր Կասիլյասին. «Դու միշտ եղել ես «Ռեալի» դեմքը եւ մեր ժամանակների լավագույն դարպաապահներից մեկը: Հաջողություն, Իկեր. անհնար կլինի քեզ այլ ակումբի խաղաշապիկով տեսնելը»,- գրել է Բուֆոնը «facebook»-ի իր էջում: Իսկ կատալոնական «Բարսելոնայի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Չավին իր անհանգստությունն է հայտնել Կասիլյասի հետ տեղի ունեցածի վերաբերյալ. «Ինձ համար ցավալի է տեսնել
այն, ինչ կատարվում է Կասիլյասի հետ։ Վերջին տարիներին տեսել եմ, որ նա ֆուտբոլից այլեւս հաճույք չի ստանում այնպես, ինչպես նախկինում։ Տեսել եմ Իկերին տխուր եւ հիասթափված եւ կարծում եմ, որ այդ երկրում բոլորը պետք է մտածեն այդ մասին։ Եւ ես տեսնում եմ Բուֆոնին, ով 37 տարեկանում վայելում է ֆուտբոլը։ Կասիլյասը վերջին տարիներին ստիպված էր ապացուցել, որ մեծագույն դարպասապահ է։ Այժմ նա տեղափոխվեց «Պորտու», եւ ես վստահ եմ, որ նրան այնտեղ հերոսի պես կդիմավորեն»,- Չավիի խոսքը մեջբերում է «La Vanguardia»-ն։
Հիշեցնենք, որ 34-ամյա Կասիլյասը «Պորտուի» հետ կնքել է 2 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk