ԿԱՍԻԼՅԱՍԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ (լուսանկարներ)
Արխիվ 12-16
ԿԱՍԻԼՅԱՍԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻՆ (լուսանկարներ)
Մադրիդի «Ռեալի» երկրպագուները «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում հրաժեշտ տվեցին մադրիդցիների կազմում իր կարիերան կերտած Իկեր Կասիլյասին, ով իր ելույթները կշարունակի պորտուգալական «Պորտուի» կազմում, որի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր։ Վերջին տարիներին իսպանական մամուլում պարբերաբար շրջանառվում էին լուրեր, որոնց համաձայն Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը լարված հարաբերությունների մեջ է «արքայական» ակումբի ավագի հետ, ըստ Կասիլյասի ծնողների հենց դրա արդյունքում է, որ Կասիլյասը որոշեց լքել մադրիդյան թիմն, այլեւս չդիմանալով ճնշմանն ու վատ վերաբերմունքին: Իր հրաժեշստի մամուլի ասուլիսում Իկեր Կասիլյասն ասաց.«25 տարի անց եկավ այն օրը. օր, որում հրաժեշտ եմ տալիս մի ակումբի, որը տվել է ինձ ամեն բան: Ես զգացել եմ, որ ինձ սիրում են թե՛ լավ պահերին, թե՝ վատ: Ես մեծացել եմ այս ակումբում՝ հենվելով նրա արժեքների վրա: Միայն հույս ունեմ, որ այստեղ ինձ կհիշեն որպես լավ մարդ: Ուր էլ որ տեղափոխվեմ, միշտ շարունակելու եմ կրկնել Hala Madrid»,- Կասիլյասի խոսքը մեջբերում է Daily Mail-ը: Հիշեցնենք, որ Կասիլյասը «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կազմում նվաճել է հնարավոր բոլոր տիտղոսները. Իսպանիայի հնգակի չեմպիոնություն, կրկնակի գավաթակիր, քառակի սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի եռակի չեմպիոնություն, աշխարհի ակումբային չեմպիոն, միջմայրցամաքային գավաթի տիրակալ, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Կոնֆեդերացիաների գավաթի հաղթող։ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը եւս իր խոսքն է ասել Իկեր Կասիլյասի տրանսֆերի մասին.«Չնայած որ կցանկանայի Կասիլյասը կարիերան ավարտեր այստեղ, ստիպված եմ համակերպվել նրա որոշման հետ: Ոչ ոք նրան չի խնդրել հեռանալ, առաջարկ ունեինք «Պորտուից», որն էլ ուսումնասիրվեց: Ռաուլի հետ նույն իրավիճակն էր, Կասիլյասը նույնպես իրավունք ուներ հեռանալ թիմից, այն ամենից հետո ինչ արել է «Ռեալի» համար: Իկերն ակումբ եկավ, երբ 9 տարեկան էր, իսկ հեռանում է՝ նվաճելով ամեն ինչ։ Վստահ եմ, որ ակումբում նրան շատ երկար տարիներ կհիշեն որպես լեգենդ»,- Պերեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը։






ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk