ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ», ԿԱՄ ՈՒՄ Է ՁԵՌՆԱՏՈՒ ԷՇԻ ԱԿԱՆՋՈՒՄ «ՔՆԵԼԸ»
Արխիվ 12-16ՀՐԱԶԴԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ «ԱՆՏԵՂՅԱԿՈՒԹՅՈՒՆԸ», ԿԱՄ ՈՒՄ Է ՁԵՌՆԱՏՈՒ ԷՇԻ ԱԿԱՆՋՈՒՄ «ՔՆԵԼԸ»
«Իրավունքը» բազմիցս է անդրադարձել Հրազդանի ավտոկայանում կատարվող շինաշխատանքներին: Թեեւ տրանսպորտի եւ կապի նախարարությունն ի պատասխան մեր գրավոր հարցմանը տեղեկացրել էր, որ Հրազդանի ավտոկայանի տարածքից որեւէ մաս չի վաճառվել անհատի կամ այլ կազմակերպության՝ ռեստորանային համալիր կառուցելու համար։
«Ավտոկայանն արդեն շուրջ 10 տարի է, որ օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ չի շահագործվում, ինչի հետևանքով հայտնվել է վատ վիճակում՝ ջրաթափանց տանիք, կիսաքանդ միջնորմային պատեր, շարքից դուրս եկած սանհանգույց, կոտրված ապակիներ և այլն։ Ավտոկայանը նման վիճակից դուրս բերելու, պահպանության և հարկային պարտավորություններն ապահովելու համար «Հայավտոկայան» ընկերությունն ավտոկայանի մի մասը ժամանակավորապես տվել է վարձակալության»,- տեղեկացրել էր նախարարությունը:
Հրազդանի մեր հավաստի աղբյուրները, սակայն, պնդում է հակառակը` Հրազդանի ավտոկայանի տեղում ռեստորան է կառուցվում, ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ ռեստորան կառուցելու գործընթացն այնքան արագ է ընթանում, որ արդեն խոսվում է ռեստորանի կահկարասու, սպասքի, սեղան-աթոռի մասին: Հրազդանցիները պարզապես քմծիծաղով են վերաբերվում թե' նախարարության, թե' քաղաքապետի այն սուտ տեղեկություններին, որ ավտոկայանը մնալու է իր տեղում` այն էլ վերանորոգված վիճակով:
«Իրավունքը» կրկին կապ հաստատեց Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ` պարզելու, ի վերջո, ինչ է կառուցվում Հրազդանի ավտոկայանի տարածքում: Հարցը լսելուն պես Արամ Դանիելյանը նյարդայնացավ, ապա ասաց. «Մենք բազմաթիվ անգամ ասել ենք Ձեզ` դա տրանսպորտի նախարարության սեփականությունն է: Տրանսպորտի նախարարությունը դիմել է մեզ ընթացիկ վերանորոգման համար: Դիմեք տրանսպորտի նախարարություն: Հիմա ես ինչ իմանամ`ինչ են անում: Իրենց սեփականությունն է»:
- Մեր վերջին զրույցի ժամանակ ասել էիք, որ դուք փաստաթուղթ եք ստորագրել եւ ավտոկայանն է վերանորոգվում:
- Վերանորոգման համար շինթույլտվություն չի տրվում (նկատի ունի տրանսպորտի նախարարությանը վերանորոգում է իր սեփականությունը-խմբ.):
- Կոնկրետ ի՞նչ է վերանորոգվում…
- Նախարարությունը վերանորոգում է իր սեփական տարածքը: Դիմեք տրանսպորտի նախարարություն: Ախր դիմել եք, 100 անգամ դիմել եք նախարարություն...
- Ըստ Ձեզ`ինչո՞ւ են Հրազդանի բնակիչները հակառակը պնդում:
- Չեմ իմանում: Սպառիչ պատասխան կտա տրանսպորտի նախարարությունը:
- Իսկ որպես Հրազդանի քաղաքապետ կփորձեք ճշտել` Հրազդանի բնակիչնե՞րն են ճիշտ ասում, թե՞ տրանսպորտի նախարարությունը:
- Բնակիչները երբ մեզ դիմեն, մենք կպատասխանեք:
- Իսկ եթե լրատվամիջոցի՞ն են դիմում:
- Դե լրատվամիջոց ես, դիմել ես ինձ, ես էլ ասում եմ` ուր դիմի:
-Այսինքն` ո՛չ հերքում եք, ո՛չ հաստատում` թե կոնկրետ ինչ է կառուցվում Հրազդանում:
- Այո: Էդտեղ ընթացիկ վերանորոգում է կատարվում: Իսկ թե ինչ է կառուցվում, դիմեք տրանսպորտի նախարարությանը:
Հ.Գ. Արամ Դանիելյանին ցանկանում ենք հիշեցնել մեր նախորդ զրույցը, որտեղ հստակ ասել է, որ Հրազդանի ավտոկայանը վերանորոգվում է: «Իրենք (նկատի ունի տրանսպորտի եւ կապի նախարարությանը-խմբ.) մեզ գրություն է ուղարկել, որ ավտոկայանը վերանորոգում են»,- ասել էր մեզ պրն Դանիելյանը: Իսկ հիմա քաղաքապետը սրբագրում է իր նախորդ խոսքը եւ ասում` տեղյակ չեմ` ինչ է վերանորոգվում կամ կառուցվում: Ա. Դանելյանի այս պատասխանից կարելի է ենթադրել` կամ քաղաքապետը չի հետաքրքրվում, թե որ պատկան մարմինն իր քաղաքում ինչ է կառուցում, ով ինչ ուզի, կարող է անել Հրազդանում, կամ ջայլամի կեցվածքն այս պահին շահավետ է թե' իրեն, թե' Հրազդանի գլխավոր բժիշկ Ռոբերտ Սահակյանին, ով չի բավարարում մեկ ռեստորանով եւ սկսել է ավտոկայանի փոխարեն երկրորդը կառուցել: Ինչպես ժողովուրդն է ասում` ախորժակն ուտելուց է բացվում:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk