ԱՂԻՔԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ ԵՆ
Արխիվ 12-16ԱՂԻՔԱՅԻՆ ԻՆՖԵԿՑԻԱՆԵՐԻ ԴԵՊՔԵՐԸ ԳՆԱԼՈՎ ԱՃՈՒՄ ԵՆ
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը հերքում է աղիքային ինֆեկցիաների բռնկման մասին տեղեկությունը: Մասնագետի տեղեկացմամբ, թեև սննդային գործոնով պայմանավորված աղիքային ինֆեկցիաների դեպքերը ամեն տարի գնալով աճում են, սակայն իրավիճակը կատաստրոֆիկ չէ: Վերլուծությունները ցույց են տվել, որ նման դեպքերը սնվելուց առաջ կամ սնունդ պատրաստելու ժամանակ հիգիենայի և սննդամթերքի պահպանման կանոնների խախտման հետևանք է, որը հատկապես ամռանը կարող է խնդիրների պատճառ դառնալ:
«Այսօր ոչ ճիշտ է իրականացվում կրեմային թխվածքների վաճառքը: Դրանք երբեմն չեն դրվում սառնարան, ինչը կարող է վարակիչ հիվանդության պատճառ դառնալ»,- ասում է Լ. Ավետիսյանը:
Բացի այդ, մասնագետը խորհուրդ է տալիս խուսափել նաև լցնովի պաղպաղակ ուտելուց, քանի որ այն նույնպես կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Խոսելով թթից թունավորման դեպքերի մասին մասնագետը հորդորեց այն ուտելուց առաջ անպայման լավ լվանալ, քանի որ թութը ամենաաղտոտվող պտուղներից մեկն է: Թթի վրա կարող են լինել ճանճերի և թռչունների միջոցով տարածվող մանրեներ, որոնք կարող են լուրջ աղիքային հիվանդություններ առաջացնել: Ինչ վերաբերում է ամենօրյա սննդին, մասնագետը խորհուրդ է տալիս այն այնքան պատրաստել, որ ամբողջությամբ սպառվի, քանի որ նույնիսկ սառնարանում երկար մնացած ճաշը կամ աղցանը շոգ եղանակին կարող է վտանգավոր դառնալ առողջության համար:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk