ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արխիվ 12-16ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՏՐՈՆՆԵՐՈՒՄ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Չնայած որ վերջին տարիներին Երեւանի թատրոնների շենքերն աստիճանաբար վերանորոգվեցին եւ ստացան նոր տեսք, այնուամենայնիվ, դեռ կան թատրոններ, որոնք ունեն բազմաթիվ խնդիրներ` տեխնիկականից մինչեւ շենքային: Էլ չենք խոսում մարզային թատրոնների մասին, որոնց մեծ մասի անմխիթար լինելը գաղտնիք չէ շատերիս համար: Ինչեւէ, տարբեր ծրագրերով, երեւանյան որոշ թատրոններում արդեն իսկ սկսվել են վերանորոգման աշխատանքներ, այդ թվում առաջինը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն է:
Իսկ թե երեւանյան մյուս թատրոններն ի՞նչ խնդիրներով են գնում արձակուրդ եւ առաջիկայում, ե՞րբ իրենց բախտ կվիճակվի վերազինվել նոր տեխնիկայով ու շենքային նորացված պայմաններով, «Իրավունքը» պարզեց հենց թատրոնների տնօրեններից:
ՊԱՐՈՆՅԱՆՆ ՈՒՆԻ ՄԻԱՅՆ ԲԵՄԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԽՆԴԻՐ
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն ԿԱՐՈ ՇԱՀԲԱԶՅԱՆ.
- 2009-2010 թվականներին մեր թատրոնի շենքն ամբողջությամբ վերանորոգվել է: Մենք ունենք միայն բեմի տեխնիկայի հետ կապված` լուսային, ձայնային սարքավորումների խնդիրներ: Ինչպես նախկինում վերազինվեց Օպերան, այնպես էլ այսօր Արամ Խաչատրյան համերգասրահն է վերանորոգվում, ու, ըստ իմ ունեցած տեղեկությունների, Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնն էլ առաջիկայում կանցնի այդ փուլով: Այս ամենից հետո հերթը կհասնի մեզ` բեմական տեխնիկայով կվերազինվի մեր թատրոնը: Կարծում եմ` դա տեղի կունենա հաջորդ տարի:
«ԹԱՏՐՈՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՐԲԵՔ ՉԵՆ ՍՊԱՌՎՈՒՄ»
Պետական կամերային երաժշտական թատրոնի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ.
- Մեր թատրոնում առանձին ծրագիր է իրականացվել` թատրոնի տեսքն ենք կարգավորում, փոխում ենք լույսերը: Այսպես մենք պատրաստվում ենք մինչեւ աշնանային թատերաշրջանի բացվելը, հանդիսատեսին ներկայանալ նորացված: Շենքի հետ կապված` կան շատ խնդիրներ` սպասասրահի, պահեստների կառուցում, կապիտալ վերանորոգումների եւ տեխնիկական վերազինման, դահլիճի կահավորման խնդիր: Բայց կարեւորն այն է, որ ադմինիստրացիան եւ թատրոնը գործեն միասին, այժմ տարանջատված ենք: Թատրոնի խնդիրները երբեք չեն սպառվում: Բայց այն, ինչ այսօր ձեռնարկել ենք, հուսով ենք մինչեւ սեպտեմբեր` նոր թատերաշրջանի բացվելը, կավարտենք: Սեպտեմբերի 10-ից հետո կհայտարարենք թատրոնի նոր թատերաշրջանի բացումը եւ, հավանաբար, դրա հետ միասին կանենք նաեւ թատրոնի բացումը, տեսնենք, թե ինչպես կստացվի:
«ԲՈԼՈՐ ԹԱՏՐՈՆՆԵՐՆ ԷԼ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԵՆ»
Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն ՖՐԵԴ ԴԱՎԹՅԱՆ.
- Բոլոր թատրոններն էլ խնդիրներ ունեն` մանր, միջին ու խոշոր, վերջինը վերաբերում է լուսային, ձայնային եւ բեմական մեխանիզմների փոփոխությանը: Ոչ մի թատրոն հնարավորություն չունի իր միջոցներով լուծելու այդ խնդիրները, դա պետության հարցն է: Մեր թատրոնն արդեն հերթագրված է, որպեսզի առաջիկայում փոխվեն բոլոր լուսային, ձայնային եւ բեմական սարքավորումները: Իսկ մինչ այդ, մենք կիրականացնենք փոքրիկ վերանորոգումներ, որպեսզի թատրոնը կարողանա պատրաստվել ջեռուցման: Սեպտեմբերին կվերադառնանք եւ կբացենք նոր թատերաշրջանը, իսկ դրանից առաջ պետք է վերացնենք բոլոր մանր թերությունները:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk