ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ
Արխիվ 12-16ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՆԵՐՆ ԱՍՏԱՆԱՅԻ ՄՐՑՈՒՅԹԻՑ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ 4 ԳԼԽԱՎՈՐ ՄՐՑԱՆԱԿՈՎ

Հուլիսի 3-7-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած ամենամյա «Շատտիկ» միջազգային մրցույթ-փառատոնից Երեւանի մշակույթի պետական քոլեջի ուսանողները վերադարձել են գլխավոր մրցանակներով: Ի դեպ, անցյալ տարի այս մրցույթից նույն քոլեջի ուսանող, երգիչ Կարեն Օհանյանը Հայաստան վերադարձավ Գրան պրի մրցանակով: Նշենք, որ այս տարի մրցույթին մասնակցում էին նաեւ Ռուսաստանը, Բուլղարիան, Մոլդովան, Բելառուսը, Ուզբեկստանը, Լատվիան, Լիտվան, Ղազախստանը:
«Իրավունքի» հետ զրույցում Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն, երգիչ ՎՐԵԺ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ, ով եւս ժյուրիի կազմում է եղել, ասաց, որ վերը նշված երկրների մասնակիցներն էլ էին ուժեղ ու մրցակից, բայց. «Մեր ազգային երգը լավ ընդունվեց ու հետաքրքրեց ժյուրիի անդամներին: Ժյուրին ղեկավարում էր Ղազախստանի ամենահռչակավոր երգչուհիներից մեկը` ժողովրդական արտիստ Բիբիգուլ Տուլեգենովան, ով Սովետական Միության շքանշանակիր է, ակադեմիկոս, պրոֆեսոր: Իսկ ժյուրիի մյուս անդամներից յուրաքանչյուրը ներկայացնում էր մասնակից երկրները, որտեղ բոլորը պրոֆեսիոնալ երաժիշտներ էին: Նրանց թվում էր նաեւ մոլդովացի երաժիշտ Կոնստանտին Մոսկովիչը, ով 2009 թվականին Մոնսերատ Կաբալիեի հետ եկել էր Հայաստան եւ Արա Գեւորգյանի հետ համերգ էին ունեցել Արցախում, որից հետո Մոսկովիչը նույնպես հայտնվեց Ադրբեջանի սեւ ցուցակում` դառնալով անցանկալի անձ իրենց երկրում»:Ըստ մեր զրուցակցի, հրաշալի մրցութային օրեր են անցկացրել, որտեղ հենց առաջին օրը բավականին լավ արդյունքներ են գրանցել. «Մեր 2 տղաները` Համլետ Հովհաննիսյանն ու Ալեքսեյ Ունանյանը, ներկայացրին ազգային ժողովրդական երաժշտություն, իսկ 2 աղջիկները` հանդես եկան էստրադային ժանրում: Անի Սարգսյանը կատարեց Կ. Օրբելյանի «Վոկալիզը»` սաքսոֆոնով, իսկ Սուսաննա Վարդանյանը` Սիրուշոյի երգացանկից «Հեռանում եմ» երգը: Երբ ամփոփում էին արդյունքները, պարզվեց, որ մեր երեխաները ամենաբարձր միավորներն են հավաքել: Արդյունքում` Համլետ Հովհաննիսյանն արժանացավ գլխավոր մրցանակի` Գրան պրիի, իսկ Անի Սարգսյանը, Ալեքսեյ Ունանյանը եւ Սուսաննա Վարդանյանը իրենց տարիքային խմբերում արժանացան առաջին մրցանակների»:
Ի դեպ, ժյուրիի անդամներն իրենց հիացմունքը չեն թաքցրել Անիի` սաքսոֆոնով Կ. Օրբելյանի «Վոկալիզի» կատարման վերաբերյալ եւ առաջարկել, որ մրցույթի բացօթյա գալա համերգին, որտեղ ոչ բոլոր մասնակիցներն են հանդես գալիս, Գրան պրին շահած Համլետ Հովհաննիսյանից բացի, ելույթ ունենա նաեւ Անի Սարգսյանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝