ՊԱՐԶՎՈՒՄ Է` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴ ԾԱՌԵՐ ՉԿԱՆ
Արխիվ 12-16ՊԱՐԶՎՈՒՄ Է` ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԻՎԱՆԴ ԾԱՌԵՐ ՉԿԱՆ
Վերջերս Երեւանի քաղաքապետարանը հայտարարեց, որ մայրաքաղաքի կանաչապատման աշխատանքների շրջանակում վարչական բոլոր շրջաններում մայիսից մեկնարկած ծառերի բուժման աշխատանքները մոտենում են ավարտին: Այդ հայտարարությունն առնվազն տարօրինակ էր նրանով, որ այս օրերին կան բազում բողոքներ` բառացիորեն` որդերի մեջ կորած ծառերի մասին: Պարզաբանման համար մի քանի գրավոր հարց ուղղեցինք Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությանը.
- Տեղեկացնում ենք Ձեզ, որ Երեւան քաղաքի ծառերի բուժման աշխատանքները հիմնականում ավարտված են:
- Որքա՞ն գումար է հատկացվել ծառերի բուժման համար:
- Բուժման աշխատանքներն իրականացնում են վարչական շրջանների կանաչապատման ընկերությունները` բյուջեով նախատեսված ֆինանսավորումից:
- Ինչպե՞ս հասկանալ, որ հայտարարվում է, թե մայրաքաղաքի ծառերի բուժման գործընթաց է իրականացվում, ավելին` մոտենում է ավարտին, սակայն այս պահին մայրաքաղաքում կան բազմաթիվ բուժման խնդիր ունեցող ծառեր:
- Մայրաքաղաքում ներկայիս ժամանակահատվածում բացառվում է հանդիպել «բուժման խնդիր ունեցող բազմաթիվ ծառեր»: Ծառերի` միջատներով եւ հիվանդություններով վարակվածության աստիճանը վերացված է: Ի հայտ եկող 5-10 տոկոս հիվանդությունները ենթարկվում են կրկնակի բուժման:
«Լավ» է ասված` «կրկնակի բուժում»: Սակայն պարտավորվում ենք քաղաքապետարանի պատկան աշխատակիցներին ներկայացնել ծառեր, այն էլ` քաղաքի տարբեր հատվածներում, որոնք նախնական բուժման երեսն էլ չեն տեսել: Լուսանկարում, որը մեկ կոնկրետ օրինակ է, ի զորու չէ ամբողջ «շքեղությամբ» ցույց տալ, թե ինչպես են որդերը ուտելով` թափանցիկ տեսքի բերել ծառի տերեւները: Եվ եթե սա է «բուժման» արդյունքը, ապա ավելի լավ չէ՞, որ առհասարակ մոտ չգան:
Մինչդեռ, եթե «համընդհանուր բուժում» է արվել, դա նշանակում է, որ կոնկրետ ծառի համար եւս համայնքային բյուջեից որոշակի գումար է հատկացվել: Այն, որ այդ փողը կարելի է կորած համարել, դա էլ չէ էականը. շատ ավելի ծանրակշիռ հարց է, թե կոնկրետ ի՞նչ քանակի գումար է ծախսել քաղաքապետարանն այս ուղղությամբ: Եվ քանի որ ֆինանսավորման հետ կապված` մեր միանգամայն կոնկրետ հարցին տրվել էր, մեղմ ասած, շրջանցող պատասխան, փորձեցինք հստակ պատասխան ստանալ` ի վերջո, ի՞նչ ծախսերի մասին է խոսքը: Էլի հստակ որեւէ պատասխան չտվեցին. այդ ամենը ներկայացված է քաղաքապետարանի կայքէջում ներկայացված քաղաքային բյուջեում: Իսկ այստեղ առավելագույնը որ գտանք, դա շրջակա միջավայրի պաշտպանության համար նախատեսված գումարի չափն է` 1.148.409.136 դրամ. բավականին պատկառելի գումար:
Փաստը, որ մայրաքաղաքում կան ծառեր, որոնք բուժման կարիք ունեն, մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ բնապահպան ԼԵՎՈՆ ԳԱԼՍՏՅԱՆԸ.
- Երեւանի քաղաքապետարանի համապատասխան կառույցը պարզապես իմիտացիա է անում` իբր թե գործ են անում, թե բուժման կարիք ունեցող ծառերի խնդրով են զբաղվում: Իրականում կարելի է ասել` ոչ մի բան էլ չեն անում: Գնացեք տեսեք մայրաքաղաքի ծառերը, մեծ մասը հիվանդ են` տերեւները կերած: Բայց դե, իրենց ով կարա հակառակը համոզի:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝