ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
Արխիվ 12-16ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԱՌԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՐՈՇԸ
Երեկ ադրբեջանական Ղաբալի քաղաքում տեղի ունեցած «Դինամո» (Թբիլիսի)-Ղաբալա ֆուտբոլային խաղի ընթացքում ադրբեջանական հանդիսատեսները հարձակվել են վրացի երկրպագուների վրա: Ծեծկռտուքի ընթացքում ադրբեջանցիները վառել են Վրաստանի դրոշը, եւ բարձրացրել պաստառներ «Բորչալին հին ադրբեջանական հող է», «Սարվանը Մարնեուլի չէ» պաստառներ, ինչպես նաեւ ցուցադրել են Ադրբեջանի քարտեզներ, որտեղ վերոհիշյալ վրացական տարածքները նշված էին որպես Ադրբեջանի մաս: Բաքվում Վրաստանի դեսպանը կոչ է արել ադրբեջանական իշխանություններին շտապ հետաքննել վերոհիշյալ մեծ սադրանքը:
Մինչ այդ, հուլիսի 2-ին Թբիլիսիում նույնպես տեղի են ունեցել բախումներ նույն թիմերի հանդիպման ժամանակ, որի ընթացքում վրացիները ոտնատակ էին քցել ադրբեջանի դրոշը եւ ցուցադրել պաստառ` «Մենք հիշում ենք. Զաքատալա, Գախ. 1921»: Բախումներ են եղել նաեւ մեկ տարի առաջ Բաքվում, Բաքվի «Նեֆտչիի» եւ վրացական «Չիխուրա» թիմերի միջեւ ֆուտբոլային խաղի ընթացքում, երբ ի պատասխան ադրբեջանցիների ազգայնամոլական պահվածքի վրացիները ցուցադրեցին Վրաստանի քարտեզը, որը իր մեջ ներառում էր ներկայիս Ադրբեջանի Զաքատալայի եւ Բելոկանի շրջանները:
Ըստ որոշ տեղեկությունների ադրբեջանցիների հետ բախումներին մասնակցում են Ջորջիան, Որլտրաս, Դինամո խմբերը, որը իր սոցցանցերի էջերում հանդես է գալիս ադրբեջանցիների եւ թուրքերի դեմ:
2014 թվականի հուլիսի 17-ին թուրքական Բուրսայում, եվրոպայի լիգայի ֆուտբոլային խաղի ընթացքում թուրքական ֆանատները հարձակվել են վրացի հանդիսատեսների վրա: Պատասխան խաղը տեղի ունեցել Թբիլիսիում հուլիսի 24-ին, որտեղ ադրբեջանցիները թուրքերի հետ միասին բարձրացրել են իրենց երկրի դրոշները: Ու թեեւ վրացիները խիստ վիրավորված էին իրենց զգում, խաղն անցել է առանց բախումների:
Մի խոսքով, պետք է նշել, որ Ադրբեջանը աչք է դրել ոչ միայն հայկական Արցախի, Սյունիքի եւ այլ հողերի վրա, այլեւ մեծ ախորժակ է պահում վրացական մի շարք տարածքների նկատմամբ: Եթե դրան գումարենք այն, որ Ադրբեջանում տպագրվում են քարտեզներ, որտեղ Ադրբեջանի մաս են կազմում Իրանի հյուսիսային եւ Ռուսաստանի հարավային տարածքները, հասկանալի է դառնում, որ Ադրբեջանը տառապում է հողեր ուզելու ֆոբիաներով, պահանջներ ունի իր բոլոր հարեւանների նկատմամբ:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk