ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ
Արխիվ 12-16ՀԻՆԳ ՀՈԳՈՎ ՎԵՑ ԵՐԳ ԵՆ ԵՐԳՈՒՄ
Ազատության հրապարակը կրկին վերածվեց թատերաբեմի, որտեղ բոլորովին նոր «դերասանական» կազմ էր ընտրվել: «Ոչ թալանին» նախաձեռնության արած գործն իրենց վերագրելով ինչ-որ նոր դեմքեր «Լուսավորիչ» անունը որդեգրած` մի նոր շարժում են սկսել ու երեկ հայտնվեցին բարձրախոսների առաջ: Ի դեպ, նրանց թվում էր նաեւ մինչեւ երեկ ուշ երեկո հացադուլի նստած «Ժառանգություն» կուսակցության խոսնակ, Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը, ով հրաժարվեց խոսել մեզ հետ` պատճառաբանելով, որ ի վիճակի չէ: Սակայն պարզվեց, որ համակարգող խմբի մյուս անդամներն էլ «ի վիճակի չեն» պատասխանել լրագրողական հարցերին: «Իրավունքը» փորձեց զրուցել Ազատության հրապարակից կոչեր հղող, շարժման համակարգող խմբի անդամ ներկայացող ՀՐԱՅՐ ԳԻՇՅԱՆԻ հետ:
–Հրայր, նախ ուզում եմ անդրադառնալ նրան, որ այսօր հարթակից քաղաքական
հայտարարություններ եղան...
– Իմ հայտարարության տեքստում չի եղել քաղաքական հայտարարություն:
– «Ո՛չ ռեժիմին» կոչերը քաղաքական չե՞ք համարում:
– Ես չեմ եղել:
– Համակարգող խումբը մեկ չէ՞:
– Կոնկրետ հիմա խոսում են մարդիկ, ամեն մեկը հայտնում է իր կարծիքը, իր տեսակետները, իսկ ընդհանուր տեսակետները հայտնեց Դավիթ Սանասարյանը:
– Այսինքն` միասնական կարծիքներ չկա՞ն ձեւավորված համակարգող խմբում:
– Ես շեշտեցի` միասնական կարծիք հայտնեց Դավիթ Սանասարյանը:
– Իսկ ի՞նչ կասեք «Ոչ թալանին» նախաձեռնության եւ Ձեր շարժման միջեւ եղած
փոխհարաբերությունների մասին, քանի որ նրանք այսօրվա հավաքին այդպես էլ չեկան: Հնարավո՞ր է միանաք նրանց:
– Ամեն ինչ հնարավոր է, եթե ուշադիր էիք, միասնության կոչ եղավ: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ: Մեր խնդիրը երեւալը չէ, այլ երկրում ստեղծված իրավիճակի լուծում ստանալը:
– Ձեր շարժման հասցեին հնչեցին մեղադրանքներ` սկիզբ առած շարժումը քաղաքականացնելու համար, չե՞ք կարծում, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը` կոչ անելով պատգամավորներին մանդատները վայր դնել ու ստեղծել կառավարական ճգնաժամ, նույնպես անցավ քաղաքականության:
– Խնդրում եմ` հարցեր տվեք իմ ելույթի վերաբերյալ:
– Ի վերջո, ելույթից բացի Դուք նաեւ համակարգող խմբի անդամ եք:
– Հարցրեք Դավիթին, ինքը խմբի անունից կպատասխանի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.– Հավելենք, որ Դ. Սանասարյանն իր «դարակազմիկ» ելույթով, որտեղ իշխանություններին քննադատելուց զատ, որեւէ բովանդակային առաջարկ չկար, օգուտ մնաց այն, որ հավաքվածները գթացին երիտասարդին ու ստիպեցին դուրս գալ հացադուլից:
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk