«ԵԹԵ ՏԵՔՍՏԸ ՉԵՆ ՏԵՍԵԼ, ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ»
Արխիվ 12-16«ԵԹԵ ՏԵՔՍՏԸ ՉԵՆ ՏԵՍԵԼ, ԻՆՉԻ՞Ն ԵՆ ԴԵՄ»
Օրերս մինչ ՍԴ նախագահ, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը հանդիպում էր Վենետիկի մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ ու քննարկում սահմանադրական փոփոխությունների մի քանի կարեւորագույն կետեր, ժամանակ չկորցնելով` խորհրդարանական ընդդիմությունը շարունակում էր մերժել սահմանադրական բարեփոխումների գաղափարն ամբողջովին: Բացառությամբ ՀՅԴ-ի, ընդդիմության կողմից ակտիվ գրոհ է սկսվել: «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն անգամ առաջարկել է միասնական ճակատ ձեւավորել` ընդդեմ սահմանադրական բարեփոխումների: Իսկ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` նշել է, որ չի ցանկանում խոսել մի գործընթացի մասին, որի շուրջ նույն հանձնաժողովում չկա միակարծություն եւ միատեսակ դիրքորոշում: Ընդդիմախոսների հայտարարությունների, ինչպես նաեւ Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ հանդիպման մանրամասների մասին «Իրավունքը» զրուցեց ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԱԳԻԿ ՂԱԶԻՆՅԱՆԻ հետ:
«ՎԵՆԵՏԻԿԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ»
–Պարոն Ղազինյան, մամուլում տեսակետներ կային, որ Վենետիկի հանձնաժողովի մասնագետների հետ հանդիպումից է կախված, թե սահմանադրական բարեփոխումների արդյունքում ինչպիսի կառավարման խորհրդարանական մոդել կունենանք, եւ ինչպիսին կլինի դատական իշխանությունը: Արդյո՞ք սա է եղել հանդիպման քննարկման թեման:
– Նախ ասեմ, որ Վենետիկի փորձագետների հետ հանդիպումից ոչինչ կախված չէ: Վերջին հաշվով այնտեղ չեն որոշվում, թե ինչ փոփոխություններ պետք է լինեն մեր Սահմանադրությունում: Այնպես որ, նրանք ոչինչ չեն պարտադրում ու նման իրավունք չունեն: Ավելին` նման հավակնություն էլ չունեն` թելադրելու, պարտադրելու որեւէ բան: Հատկապես ձեր թվարկած հարցերում, թե ինչպիսին պետք է լինի ընտրական կամ դատական համակարգը: Քննարկումը վերաբերել է սկզբունքներին, չափանիշներին, որոնք հարիր են ժողովրդավարական երկրներին: Դատական համակարգի հետ կապված` խոսվել է համակարգի անկախության ապահովման երաշխիքների մասին, թե ինչպիսի իրավակարգավորում պետք է լինի, որով կբարձրացվի համակարգի նկատմամբ հասարակության վստահելիությունը, հասարակության առջեւ հաշվետվողականությունը: Վենետիկի հանձնաժողովի մասնագետները խորհուրդներ էին տալիս, թե ինչը կարող է նպաստել այդ ժողովրդավարական սկզբունքների պահպանմանը: Ինչ վերաբերում է ընտրական համակարգին, ինչպես գիտեք, ամբողջ Անգլիայի կամ Միացյալ Նահանգների ընտրական համակարգերը մեծամասնական են, եւ այն որեւէ կապ չունի, երկիրն ինքն է որոշում` պահպանել համամասնական կուսակցական ցուցակները, թե` ոչ, որպեսզի լինեն ազատ, արդար ընտրություններ: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների առաքելությունը սրանում է, այլ ոչ թե թելադրել, թե ինչպես պետք է լինի:
– Այսինքն` կարո՞ղ ենք ասել, որ մասնագետների վենետիկյան հանդիպումը զուտ խորհրդատվական բնույթ է կրել:
– Այո, եւ ընդհանրապես Վենետիկի հանձնաժողովի ստեղծման նպատակը հենց այդ է` օժանդակել, օգնել, նպաստել մեր նման երկրներում սահմանադրականության հաստատմանը, լավ սահմանադրություն ունենալուն` իրենց մասնագիտական-փորձագիտական ուժերով խորհուրդներ տալով:
«ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՕՐԳԱՆԱԿԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ Է ՆԵՐՄՈՒԾՎՈՒՄ»
–Կնշե՞ք, թե սահմանադրական բարեփոխումների նախագծի մասնավորապես ո՞ր կետերն արժանացան Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հավանությանը, որոնք` ոչ:
– Ինչպես գիտեք, ներկայացված էր 4 գլուխ` ՀՀ նախագահ, կառավարություն, Ազգայն ժողով եւ դատական մարմիններ ու արդարադատության խորհուրդ: Ի պատիվ մեր հանձնաժողովի եւ մեր հանրապետության` նրանք գոհ էին նախագծերի պատրաստվածության մակարդակով, որոնք ուղարկվել էին որպես առաջին տարբերակ: Իսկ նրանց մտահոգությունները, դիտարկումները վերաբերում էին ձեւակերպումներին, երաշխիքներին: Այսինքն` գնում էր բովանդակային քննարկում: Մասնավորապես` կարծիք հնչեց, որ մեզ մոտ շատ մանրամասնորեն է գրված նախագծում, ինչը սահմանադրությանը հարիր չէ: Սահմանադրության մեջ, սովորաբար, ընդունված է ձեւակերպել իրավակարգավորումների սկզբունքային մոտեցումները, իսկ մնացածը օրենքներով է կարգավորվում: Չես կարող սահմանադրությունը վերածել մանրամասն օրենսդրական կարգավորումների: Մինչդեռ մեզ մոտ քիչ ավելի մանրամասն էր, քան պահանջում է ցանկացած երկրի հիմնական օրենքը: Այս առաջարկի հետ մենք համաձայնեցինք եւ պայմանավորվեցինք, որ հետագա լրամշակումներն այդ ուղղությամբ կվերանայենք: Այսինքն` անհրաժեշտ է այնքան մանրամասն գրել սահմանադրությունը, որ օրենքին փոխարինի, ոչ էլ այնքան ընդհանուր, որ օրենքով հնարավոր լինի լայն հայեցողական մոտեցում դրսեւորել, ինչը վտանգավոր է: Ինչպես գիտեք, օրենքներն ընդունվում են` շատ դեպքերում րոպեական կամ այժմեական կամ ձեւավորված պահանջներին համաձայն, որովհետեւ օրենքների ընդունումը սահմանադրություն չէ, հանրաքվե չէ, այլ կարող է մեծամասնություն կազմող քաղաքական ուժի կողմից նախաձեռնվել եւ անցկացվել: Դրա համար ի լրումն ասեմ, որ մեր սահմանադրության մեջ առաջին անգամ օրգանական օրենքների ինստիտուտ է ներմուծվում: Այն իրենից ենթադրում է օրենքների կամ օրենսգրքերի որոշակի շրջանակ, որոնք կարգավորելու են մեր հասարակական կյանքի կարեւորագույն ոլորտները: Եվ այդ օրգանական օրենքները պետք է ընդունվեն ավելի դժվարացված ընթացակարգով` ոչ թե պարզ ձայների մեծամասնությամբ, այլ որակյալ 2/3 կամ 3/5ձայների հարաբերակցությամբ, ինչը ենթադրում է նաեւ ավելի լայն կոնսոլիդացիա Ազգային ժողովում:
«ՍԱ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐԸ ՉԷ, ԱՅԼ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ»
–Չե՞ք կարծում, որ արդեն ժամանակն է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ` ի տես հանրության, բովանդակայաին քննարկման անցնելու, քանի որ դեռեւս ընդդիմախոսները միայն ասում են, որ դեմ են, մինչդեռ բովանդակությունից անտեղյակ են:
– Բայց ինչի՞ շուրջ են ընդդիմանանում: Եթե տեքստը չեն տեսել, ինչի՞ն են դեմ: Եթե քաղաքական նկատառումներով են առաջնորդվում, իհարկե, ընդունելի է, քանի որ քաղաքական պայքար է: Քաղաքական ուժը կարող է, անկախ բովանդակությունից, դեմ լինել նման բարեփոխումներին` ծանոթ չլինելով բովանդակությանը: Սակայն սա հանձնաժողովի խնդիրը չէ, այլ` քաղաքական ուժերի: Երբ այդ բովանդակային տեքստը կլինի, շատ կարեւոր է կազմակերպել ձեր ասած մասնագիտական քննարկումները, եւ դրանք անպայման կլինեն:
«ԱՄԵՆ ՏԱՌԻ, ԲԱՌԻ, ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ ԼԻՆՈՒՄ ԵՆ ԲԱՆԱՎԵՃԵՐ»
–Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների ընդդիմախոսներից ոմանք էլ նշում են, որ չեն կարող կողմ լինել մի նախագծի, քանի որ անգամ ստեղծված հանձնաժողովի անդամներն ունեն իրարամերժ տեսակետներ:
– Բայց ինչպե՞ս կարող են 9 մասնագետ միաժամանակ նույն հոդվածի մասին նույն կարծիքն ունենալ: Այդ կնշանակեր, որ այդտեղ մասնագետներ չեն, այլ որոշակի ուղղորդված մարդիկ, եւ վիրավորական կլինի մեր հանձնաժողովի համար: Եթե դուք ներկա լինեք մեր բանավեճերին, երեւի թե, ինքներդ կհամոզվեք: Աշխատանքային քննարկումների ժամանակ, ամեն մի տառի, բառի, բառակապակցության, նախադասության շուրջ լինում են բանավեճեր: Ընդ որում, մենք ամեն մի քննարկված հարցին երեւի անդրադառնում ենք արդեն 5-6-րդ անգամ: Հետեւաբար, բնական է եւ շատ ողջունելի, որ կան տարակարծություններ: Մեկը մյուսին փորձում է համոզել, փաստարկներ բերել, այլ երկրների փորձը ներկայացնել, որը շատ կարեւոր է:
– Ե՞րբ հանձնաժողովը կգա ընդհանուր հայտարարի, որպեսզի հանրության սեղանին դրվի սահմանադրական փոփոխությունների նախնական տարբերակը:
– ժամկետները, իհարկե, պայմանավորված են մեր աշխատանքի ինտենսիվությամբ: Հենց այսօր ամբողջ օրը լինելու են քննարկումներ` վերոնշյալ կետերի եւ նոր գլուխների շուրջ: Ըստ ծրագրի` այն պետք է առաջին տարբերակով պատրաստ լինի մինչեւ ամսվա վերջ, որպեսզի ուղարկենք Վենետիկի փորձագետներին, հետո ուղարկենք Ազգային ժողով` քաղաքական քննարկումների համար: Իսկ օգոստոսի 2-րդ կեսին, ինչպես պայմանավորվել ենք, կլինի Վենետիկի հանձնաժողովի վերջնական եզրակացությանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk