ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՌՅԱԿ, ԿԱՄ ԵՐԵՔԸ` ՄԵԿՈՒՄ
Արխիվ 12-16ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՆՈՐ ԵՌՅԱԿ, ԿԱՄ ԵՐԵՔԸ` ՄԵԿՈՒՄ

Սահմանադրական բարեփոխումները գնալով ակտուալ են դառնում: Հայտնի է, որ հայաստանյան պատվիրակությունը հուլիսի 1-2 ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ գտնվում էր Վենետիկում եւ ակտիվ քննարկումներ էին կատարում բարեփոխումների վերաբերյալ: Այս փաստն իհարկե հանգիստ չի տալիս քաղաքական որոշ հատվածին, որի արդյունքում կարծես ձեւավորվում են նոր օղակներ: Վերջին շրջանում նկատելի է դառնում ՌԴ-ում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի եւ ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի համագործակցությունը, որը նրանք սկսել են քավորսանիկությունից: Բացի այդ, բոլորին է հայտնի, որ Արա Աբրահամյանի տեղակալը, կամ այլ կերպ ասած` օգնականներից մեկը համարվում է ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը, որն էլ իր հերթին կոորդինացնում է կապը հայաստանյան քաղաքական իրականության եւ Ա. Բաղդասարյանի հետ: Այս ամենից զատ, բոլորովին վերջերս, ըստ որոշ լրատվամիջոցների, Արթուր Բաղդասարյանը «Ռոսնեֆտի» տնօրենների խորհրդի անդամ ընտրվելուց հետո ընտրվել է «Սիստեմա ԱՖԿ»-ի խոշոր բանկերից մեկի` ՄՏՍ-ի տնօրենների խորհրդի անդամ է: Իսկ ինչպես հայտնի է, «Սիստեմա» ընկերության բաժնետեր եւ տնօրենների խորհրդի անդամ է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Դե, իսկ նախկին ԱԽՔ Արթուր Բաղդասարյանի այնտեղ հայտնվելը բոլորովին էլ պատահական չէ: Այնպես որ, կարծես ձեւավորվում է նոր եռյակ, կամ կարելի է ասել` «երեքը մեկում» մի քաղաքական օղակ, իսկ թե նրանցից ով կշահի, Աստված գիտի:
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk