ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏ
Արխիվ 12-16ՅՈՒՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԽԱՂԱԴԱՇՏ
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը այս օրերին Մոսկվայի «Սպարտակի» կազմում Շվեյցարիայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի: Վնասվածքից հետո հայ ֆուտբոլիստը դեռ վերականգնողական փուլում է եւ մարզվում է անհատական ծրագրով:
Նախորդ մրցաշրջանը խիստ անհաջող ստացվեց Մովսիսյանի համար: Թիմի նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ լարված հարաբերությունները նրան նստեցրին պահեստայինների նստարանին, ինչին հաջորդեց վնասվածքը, որի հետեւանքների դեմ հայ ֆուտբոլիստը դեռ պայքարում է. «Տեսնենք՝ ինչպես ինձ կզգամ, եւ ինչ կլինի ոտքիս հետ: Մի բան պարզ է` դեռ մի քանի օր ես ստիպված կլինեմ մարզվել անհատական ծրագրով, հետո միայն կմիանամ թիմին: Դժվար է ասել՝ կհասցնե՞մ լիովին պատրաստ լինել մրցաշրջանի մեկնարկին. մնացել է մոտ 10 օր, իսկ ես, կարելի է ասել, երկու ամիս է չեմ մարզվել, միայն մարզասրահներում… Բացի այդ՝ գարնանը խաղային պրակտիկայի պակաս կար: Դժվար է լինելու, բայց ժամանակ դեռ կա»,- Մովսիսյանի խոսքն է փոխանցում «Չեմպիոնատը»: Մովսիսյանը նաեւ անդրադառնալով սպարտակցիների նոր, ինչպես նաեւ՝ պաշտոնից ազատված նախկին գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հետ ունեցած հարաբերություններին` նշել է. «Դմիտրի Անատոլեւիչն ինձ ասաց, որ ուզում է, որ ես խաղամ: Ինձ համար դա շատ կարեւոր է, քանի որ ցանկացած հարձակվողի համար չկա ավելի վատ բան, քան վստահության բացակայություն մարզչի կողմից, ինչն ինձ հետ եղավ Մուրատ Յակինի ժամանակ: Մուրատ Յակինի հետ մենք ունեինք նորմալ հարաբերություններ, կոնֆլիկտ չկար: Պարզապես, ես չէի խաղում, բայց դա նրա որոշումն էր: Նա ոչինչ չէր բացատրում ինձ: Ես իմ կարծիքն ունեմ դրա վերաբերյալ, սակայն այն կպահեմ իմ մեջ»:
Մովսիսյանը վերջին շրջանում մշտապես քննադատության է ենթարկվել, հայ հարձակվողի բացակայությունը խաղադաշտից եւ գոլերի սակավությունը քննադատները որակում էին, որպես ֆուտբոլիստի թույլ աշխատանք եւ արդեն պատրաստ էին «թոշակի» ուղարկել նրան: Այն դեպքում, երբ թիմում Մովսիսյանի եւ ազգությամբ թուրք Մուրատ Յակինի հարաբերությունները դուրս էին եկել սպորտի սահմաններից: «Ես այն տարիքում չեմ, որպեսզի հանգիստ նստեմ պահեստայինների նստարանին՝ միեւնույն ժամանակ գումար վաստակեմ եւ վայելեմ կյանքը: Ես հարգում եմ այն մարդկանց, ովքեր վճարում են ինձ: Միշտ կաշխատեմ այնպես, որ հուսախաբ չանեմ ինձ հավատացողներին: Նախկինում երբեք չեմ նստել պահեստայինների նստարանին: Հիմա շատերը կարծում են, որ Յուրան մոռացել է, թե ինչպես են գոլեր խփում. դա այդպես չէ: Կցանկանայի, որ նոր մարզիչի օրոք խաղայինք հարձակողական ֆուտբոլ: Ուրախ եմ, որ Դմիտրի Ալենիչեւը միացել է մեզ»,- Մովսիսյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk