«ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՅՔԱՐ Է ՏԱԼԻՍ»
Արխիվ 12-16«ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԶԻՎ ԳՈՅԱՏԵՎՄԱՆ ՊԱՅՔԱՐ Է ՏԱԼԻՍ»
Չնայած Սիրիայում խաղաղություն եւ կայունություն հաստատելու այսպես ասած՝ միջազգային հանրության ջանքերին եւ «Իսլամական պետությանը» պատերազմ «հայտարարած» ամերիկյան կոալիցիայի «կռիվ-կռիվ խաղալուն», արաբական այդ երկրում ռազմական իրավիճակը վերջին ժամանակներս գնալով միայն թեժանում է: Մեզ համար ամենամտահոգիչն այն է, որ բախումները նոր թափ են ստացել հատկապես Հալեպում: Իսկ դա նշանակում է, որ երբեմնի այդքան հզոր հալեպյան հայ համայնքը կանգնած է վերջնական ոչնչացման եզրին: Ինչեւէ՝ իրավիճակի գնահատման խնդրանքով դիմեցինք Սիրիայում ՀՀ դեսպան ԱՐՇԱԿ ՓՈԼԱԴՅԱՆԻՆ:
- Ի՞նչ կասեք տեղի հայերի մասին:
- Հայերը շատ ավելի վատ վիճակում են` ահաբեկված եւ վախեցած: Կորցնում են տարիների քրտինքով ձեռք բերած տները, աշխատանքը, մայրերը` երեխաներին, երեխաները` ծնողներին: Այս իրավիճակին գումարեք սարսափելի թանկությունը, տեղական արժույթի արժեզրկումը: Արդյունքում՝ սիրիահայությունը հազիվ գոյատեւման պայքար է տալիս, որեւէ լավ բան ասել չեմ կարող:
- Ունե՞ք տվյալներ, թե որքան հայեր են մնացել Սիրիայում եւ որքան են արտագաղթել:
- Արտագաղթը, ցավոք սրտի, տարերային ձեւով շարունակվում է. ով ինչպես կարողանում է, ուր կարողանում է, բառիս բուն իմաստով, փախչում է: Մնացածն էլ, ովքեր ո՛չ գնալու հնարավորություն ունեն, ո՛չ էլ` տեղ, հույսով սպասում են, թե մի օր ամեն բան կկարգավորվի, շատերն էլ անորոշության մեջ են: Կդժվարանամ ասել, թե ստույգ քանի հայ ընտանիք է արտագաղթել, եւ քանիսն են շարունակում պայքարել, քանի որ չունենք վիճակագրական տվյալներ:
- Իսկ անձամբ Դուք ի՞նչ ակնկալիքներ ունեք, հնարավո՞ր է` մի օր սիրիական մղձավանջն ավարտվի:
- Ցավոք, դա ոչ ոք չի կարող ասել:
«ՔԵՍԱԲՈՒՄ ԱՄԵՆ ԲԱՆ ՀԻՄԱ ԼԱՎ Է»
Դեսպանի նշած այն հատուկենտ վայրերից մեկը, որտեղ այս օրերին իրավիճակը ոչ միայն հանգիստ է, այլեւ արտագաղթած հայերի մի մասը վերադարձել են, դա Քեսաբն է: Այդ մասին մեզ հետ զրույցում ասաց Քեսաբի հայկական համայնքի համայնքապետ ՎԱԶԳԵՆ ՉԱՓԱՐՅԱՆԸ.
- Ընդհանուր առմամբ՝ Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բայց մեզ մոտ` Քեսաբում ամեն բան հիմա լավ է: Հիմա քեսաբահայերի մոտ հիսուն ընտանիք վերադարձել է եւ շարունակում է ապրել այստեղ: Մարդիկ այստեղ այս պահին հիմնականում զբաղվում են իրենց տների վերանորոգմամբ, պարտեզների մշակմամբ: Տեղի իշխանություններն էլ են աջակցում իրենց օջախ վերադարձած հայ ընտանիքներին: Առաջվա պես գործում են բոլոր պետական կառույցները, մանկապարտեզները: Հույս ունենք, որ մեր հայ ընտանիքներից էլի վերադարձողներ կլինեն:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk