ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐ ԴԻՄԱԾ 50 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՕԳՆԵՑԻՆ ՎԵՐԼՈՒԾԵԼ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Արխիվ 12-16ՄԱՍՆԱՎՈՐ ԲՈՒՀԵՐ ԴԻՄԱԾ 50 ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ՕԳՆԵՑԻՆ ՎԵՐԼՈՒԾԵԼ ՈԼՈՐՏԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանում ազատականցվեց նաև կրթության ոլորտը: Արդյունքում սնկի նման աճեցին մասնավոր բուհերը, որոնց մի մասն արդեն հուշ են դարձել, իսկ մի մասն էլ շարունակում են գործունեություն ծավալել և այսպես ասած՝ դիպլոմավոր մասնագետներ պատրաստել: Թե որքանո՞վ է այսօր ընդհանրապես բարձրագույն ուսումնական հաստատություններին հաջողվում ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ մասնագետներ պատրաստել, այլ խոսակցության թեմա է, բայց ակնհայտ է, որ դիմորդները պետականի և մասնավորի միջև ընտրություն կատարելիս նախընտրում են պետական բուհը: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հուլիսի 2-ին, իր ֆեյսբուքյան գրառումներից մեկում նշել էր՝ «Այս տարի Հայաստանի բոլոր մասնավոր բուհերը միասին դիմել է ընդամենը 50 դիմորդ։ Ես ունեմ իմ բացատրությունը, բայց ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը:Ըստ ձեզ, ո՞րն է պատճառը»:
Պատճառների ֆեյսբուքյան բուռն քննարկման արդյունքում կարելի է գալ այն եզրակացության, որ հասարակության գիտակցության մեջ մասնավոր բուհը մնացել է ոչ թե բարձրագույն մասնագիտական կրթություն ապահովող ու գիտելիք տվող, այլ ընդամենը օժիթի համար «դիպլոմ նկարող» սովորական հաստատություն:
Անշուշտ բոլորին նույն արշինով չափել պետք չէ, քանի որ Հայաստանում կան նաև մասնավոր բուհեր, որոնք արդեն ինստիտուցիոնալ հավատարմագում են ստացել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի անկախ հանձնաժողովի կողմից, որի կազմում կան նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ հայկական որոշ բուհերի արդեն հաջողվել է եվրոպական չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովել ու նաև մրցել պետական բուհերի հետ:
Հ.Գ.
Ի դեպ ՀՀ-ում գործունեություն ծավալող բոլոր պետական և մասնավոր բուհերը մինչև 2018 թվականը պետք է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնեն: Մինչ այս պահը ինստիտուցիոնալ հավատարմագրում են ստացել ԵՊՀ-ն 6 տարի ժամանակահատվածով, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, Երևանի «Գլաձոր» համալսարանը, Կառավարման ակադեմիան և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ 4 տարի ժամանակահատվածով, Հյուսիսային համալսարանը և «Մխիթար Գոշ» համալսարանները ստացել են 2 տարի պայմանական ժամանակահատվածով, իսկ Երևանի գյուղատնտեսական համալսարանը՝ մերժվել է:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk