Սկանդալային պրեմիերա.«Ինձ չեմ կարող նույնիսկ տեսահոլովակում թույլ տալ` սեր խաղալ օտար տղամարդու հետ»
Արխիվ 12-16Սկանդալային պրեմիերա. «ԻՆՁ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՆՈՒՅՆԻՍԿ ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿՈՒՄ ԹՈՒՅԼ ՏԱԼ` ՍԵՐ ԽԱՂԱԼ ՕՏԱՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՀԵՏ»
Վերջերս կայացավ ռուսական շոու-բիզնեսին քաջ հայտնի մեր հայրենակցուհու` ԷԼԻՆԱ ՍԱՄԱՐԻՆԱՅԻ նոր տեսահոլովակի պրեմիերան: «Դու չես հեռանա» երգի հիման վրա նկարահանված այս տեսահոլովակը, լինելով բավական սկանդալային, կարճ ժամանակամիջոցում լայն արձագանք գտավ: Երգչուհին տեսահոլովակում հանուն սիրո դարձավ միանձնուհի, որպեսզի գրավի երիտասարդ հոգեւորականի սիրտը, որն արգելված էր: Արդյունքում փոխադարձ զգացմունքներ ունենալով միմյանց հանդեպ`այնուամենայնիվ, հոգեւորականը մնաց իր կոչմանը հավատարիմ, իսկ հերոսուհին` մերժված: Իրականում թե ինչո՞ւ Է. Սամարինան որոշեց երգել մերժված սիրո մասին ու այն ներկայացնել հոգեւորականի ու հանուն սիրո տառապող միանձնուհու պատմությամբ, «Իրավունքը» պարզեց հենց նրանից` անդրադառնալով նաեւ երգչուհու ստեղծագործական եւ անձնական կյանքին:
«ԱՇԽԱՐՀՈՒՄ ԿԱՆ ԱՎԵԼԻ ԼՈՒՐՋ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐ, ՔԱՆ ՍԵՐՆ ՈՒ ԿԻՐՔՆ Է»
- Էլինա, նախ անդրադառնանք Ձեր նոր տեսահոլովակի պատմությանը…
- «Դու չես հեռանա» երգի հիման վրա նման պատմությամբ տեսահոլովակ նկարահանելն ինչ-որ առումով ստիպված էինք: Չնայած, որ տեսահոլովակի սյուժեն շատերի համար սկանդալային էր` հաշվի առնելով թեմատիկան, բայց, ըստ իս, այս սցենարը միակ հնարավոր տարբերակն էր:
- Ի՞նչու:
- Երգը կրքոտ ու պայծառ սիրո մասին է, որը ենթադրում է զգացմունքների արտահայտում եւ սիրային հարաբերություններ: Հենց այդպիսին էլ պետք է լիներ տեսահոլովակը, որպեսզի արդարացված լիներ: Բայց, հաշվի առնելով իմ կանացի սկզբունքները` ես ինձ չեմ կարող նույնիսկ տեսահոլովակում թույլ տալ` սեր խաղալ օտար տղամարդու հետ: Այդ պաճառով էլ որոշեցի որպես տեսահոլովակի զուգընկեր ընտրել հոգեւորականի մարմնավորող կերպարի, ով ունի լրջագույն պատճառ մերժել կնոջ սերը` սիրելով նրան:
- Արդյո՞ք Ձեր մարմնավորած հերոսուհին որեւէ կապ ունի Ձեր իրական կերպարի հետ:
- Պետք չէ զուգահեռներ տանել իմ կերտած հերոսուհու եւ իմ միջեւ: Դրանք բոլորովին տարբեր են: Իմ մարմնավորած հերոսուհին թեթեւամիտ է, քմահաճ, արկածախնդիր, ում բոլորովին էլ չի հուզում, որ աշխարհում կան ավելի լուրջ զգացմունքներ, քան սերն ու կիրքն է: Բայց տեսահոլովակի վերջում, նա այնուամենայնիվ, հասկացավ, որ Աստծո նկատմամբ հավատքը մեծ է: Եվ հնարավոր է, որ ինչ-որ կերպ սկսեց մտորել դրա շուրջ, ով գիտե…
«ՄԵՐ ՆԱԽՆԻՆԵՐԸ, ՈՐՈՆՔ ԱՆՑԵԼ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԺՈԽՔԻ ՄԻՋՈՎ, ԻՆՁ ՕԳՆԵՑԻՆ ԳՐԵԼ ԱՅՆ»
- Տեսահոլովակն, ըստ էության, անպատասխան սիրո մասին է: Հետաքրքիր է, թե հանուն ինչի՞ Դուք կարող եք մերժել այն:
- Առաջ ես կթվեի բազմաթիվ պատճառներ` չունենալով մեծ փորձ նման փոխհարաբերությունների մեջ: Բայց այսօր կարող եմ միայն ասել, որ սերը ծանր ու մշտական մի ահռելի աշխատանք է: Սերը պահպանելն այդքան էլ հեշտ չէ… Հավանաբար, եթե զգամ, որ դիմացինս ինձ այլեւս չի սիրում, միայն այդ դեպքում կհրաժարվեմ իմ սիրուց: Մնացած ամեն ինչ կարող եմ ներել ու երբեք չշրջվել:
- Հնարավո՞ր է, որ մի օր որոշեք հայերեն երգել:
- Հայերեն չեմ երգի միայն այն պատճառով, որ մաքուր չեմ կարողանում խոսել: Իսկ ընդհանրապես շատ եմ սիրում այս գեղեցիկ լեզուն եւ հայկական ժողովրդական երգերը: Բայց ինքս, դժվար թե, հայերեն երգեմ:
- Եթե չեմ սխալվում, նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Վկա է Արարատը» երգի հեղինակն եք, ինչպե՞ս ծնվեց նման երգ գրելու գաղափարը:
- Իրավացի եք, ես եմ գրել այս երգը եւ հպարտանում եմ դրանով: Այս երգի պատմությունը շատ հետաքրքիր է: Ինձ զանգահարեց զարմիկս` երգիչ Էդուարդ Մհերը, ում նախագծերով արդեն մեկ տարի է, ինչ զբաղվում եմ: Նա խնդրեց, որ մի երգ գրեմ հայերի Ցեղասպանության մասին: Ես խճճվել էի, որովհետեւ թեման շատ բարդ էր եւ հոգեպես էլ էր դժվար անդրադառնալ դրան: Սակայն, նստեցի համակարգչի առաջ ու 12 րոպեում գրեցի երգի բառերը եւ արդեն իսկ փայլուն պատկերացնում էի այս բառերին համահունչ երաժշտությունը: Ուղարկեցի երգի բառերը Էդուարդ Մհերին ու ստացա
պատասխան. «Արցունքներս գետ դարձած հոսում են…Ինչ ազդեցիկ բառեր են, ո՞վ է հեղինակը»: Նա նույնիսկ չէր կարող պատկերացնել, որ այդքան արագ կկարողանայի մի ամբողջ երգի բառեր գրել: Իրականում ես էլ ինձնից չէի սպասում: Միգուցե մեր նախնիները, որոնք անցել են Ցեղասպանության դժոխքի միջով, ինձ օգնեցին գրել այն: Էդուարդը տաղանդավոր երիտասարդ է: Նա ունի յուրահատուկ ձայնային տվյալներ ու շատ խարիզմատիկ է: Արդյունքում նա կատարեց այս երգը ու հենց այս երգի շնորհիվ է, որ այսօր ունենք մեր ստեղծագործական ուղուն հետեւող մի ողջ բանակ:
- Իսկ մտադրություն կա՞ համագործակցելու հայաստանյան երգիչների հետ, թե՞ Ձեզ միայն ռուսական շոու-բիզնեսում եք տեսնում:
- Հայաստանյան երգիչները շատ տաղանդավոր են: Իրենք շատ լավ զգում են երաժշտությունը: Սիրով երգեր կգրեի հայ երգիչների համար: Սա շատ լավ գաղափար է, եւ այդ մասին վաղուց եմ մտածել:
«ԱՅԴ ՄԱՍԻՆ ԻՄ ՓՈԽԱՐԵՆ ԿԲԱՐՁՐԱՁԱՅՆԵՆ ԵՐԳԵՐՍ»
- Երգիչ, սցենարիստ, երգերի հեղինակ, կա՞ էլի մի ոլորտ, որտեղ հնարավոր է տեսնել Էլինա Սամարինային:
- Նաեւ բավական հետաքրքիր գրքերի հեղինակ եմ: Իմ հեղինակած գրքերի հիման վրա այսօր գրվում են սցենարներ ու քննարկումներ են գնում ֆիլմերի նկարահանման վերաբերյալ: Շատ կցանկանայի մասնակցել այդ գործընթացին, իսկապես, այն ինձ համար կարեւոր է: Անկեղծ ասած, միշտ քննադատական դիրքերից եմ խոսում ու մշտապես խառնվում եմ գործընթացին, երբ խոսքն իմ ստեղծագործությունների մասին է: Եվ սա երբեմն անդրադառնում է փոխհարաբերությունների վրա, որովհետեւ գործի պրոֆեսիոնալները չեն սիրում, երբ հեղինակը հայտնում է իր տեսակետը: Նման մարդկանց հետ չեմ աշխատում: Սիրում եմ պրոֆեսիոնալների համատեղ աշխատանք:
Այն միշտ հետաքրքիր է ու արդյունավետ:
- Ձեր երգերը բավական սիրառատ են, հետաքրքիր է, թե Ձեր սիրտն արդեն գրավվե՞լ են, թե՞ Ձեր երկրպագուները դեռ հնարավորություն ունեն նվաճելու այն:
- Իմ ստեղծագործական կյանքին հետեւողները միշտ էլ հնարավորություն ունեն գրավելու այն (ժպտում է Է. Սամարինան-հեղինակ): Երգերս լի են սիրով եւ իմ ողջ կյանքն էլ սեր է: Սիրում եմ տաղանդավոր, գեղեցիկ մարդկանց: Միշտ տաղանդավոր մարդկանց մեջ գտնում եմ բազում դրական մարդկային որակներ: Ավելին` կարծում եմ ու նույնիսկ վստահ եմ, որ տաղանդավոր մարդը չի կարող վատ մարդ լինել: Ինչ վերաբերում է իմ սրտին… Չեմ սիրում խոսել անձնական կյանքիս մասին, այդ մասին իմ փոխարեն կբարձրաձայնեն երգերս:
Հարցազրույցը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk