ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՀԵՏ ԻՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Արխիվ 12-16ԱՄՆ ԴԵՍՊԱՆԱՏՈՒՆԸ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑԻ ՀԵՏ ԻՐ ՔՄԱՀԱՃՈՒՅՔՈՎ Է ԱՇԽԱՏՈՒՄ
Բաղրամյան պողոտայում մոտ տասը օր տեւած հոսանքի թանկացման դեմ բողոքի ակցիային, ըստ մամուլի որոշ հրապարակումների, մասնակցել են նաեւ օտարերկրացիներ: «Իրավունքի» տեղեկությունների համաձայն` հունիսի 25-ին այդ ակցիային մասնակցել էին նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներ: Այս տեղեկությունը ճշտելու համար գրավոր հարցում էինք ուղարկել դեսպանատուն հունիսի 26-ին: Բացի վերոնշյալ հարցից` եւս մեկ հարց էինք ուղղել Միացյալ Նահանգների դեսպանատանը: Հունիսի 22-ի լույս 23-ին տեղի ունեցած բռնությունների վերաբերյալ ԱՄՆ-ն հայտնել էր իր մտահոգությունը: Եթե իրոք Վաշինգտոնը մտահոգված է այդ դեպքերով, հնարավոր է ԱՄՆ կառավարությունը մարի ՀԷՑ-ի 24 մլրդ պարտքի մի մասը: Բավական չէ, որ ժողովրդավարություն, խոսքի ազատություն եւ այլ արժեքների քարոզող ու դա դրոշակ դարձրած յանկիների երկրի դեսպանատունը հնգօրյա ժամկետում գրավոր հարցմանը չի պատասխանել, այսօր էլ «Իրավունք» թերթի թղթակիցը զանգ է ստանում դեսպանատնից եւ տեղեկանում` հարցերը չեն մեկնաբանվում: Խնդրեցինք գոնե մերժումը գրավոր ուղարկել, սակայն մինչ աշխատանքային օրվա վերջ այդպես էլ պատասխան չստանցանք: Հուսանք` գոնե այլոց դասեր տալու եւ քննադատելու փոխարեն դեսպանատունը կբարեհաճի գոնե վաղը մերժման գրավոր եւ ոչինչ չասող պատասխանն ուղարկել:
Իսկ հարցերին անպատասխան թողնելը տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Օրինակ, որ մեր տեղեկությունները ճիշտ են եւ իրոք դեսպանատան աշխատակիցները որպես տիկին Նուլանդներ կամ շպիոնօնիկներ մասնակցել են ակցիային:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk