ԲՈՒԴԱՂՅԱ՞ՆՆ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԹԵ ԿԱ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ
Արխիվ 12-16ԲՈՒԴԱՂՅԱ՞ՆՆ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉԸ, ԹԵ ԿԱ ԵՐՐՈՐԴ ԿՈՂՄ

Այն, որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ իրականացված մահափորձի պատմությունը պետք է ուղղվեր Բուդաղյանների ուղղությամբ, ի սկզբանե էլ ենթադրվում էր: Հիշեցնենք. օրերս կալանավորված Արա Բուդաղյանը Ս. Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ այդ պատմության հետ կապված դեռ դատական քաշքշուկների մեջ գտնվող գնդապետ Արտակ Բուդաղյանի եղբայրն է:
Սակայն կալանքի որոշումը, ըստ Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանի, անհիմն է եւ ապօրինի. «Զրո, որեւէ հիմք չկա, դա բացարձակ ապօրինություն է»: Թե կոնկրետ ինչի մեջ են մեղադրում Արային, փաստաբանն ասաց. «Պաշտպանյալիս մեղադրում են կատարողներից մեկին, կոնկրետ՝ Վիտալիին մարզպետի դեմ մահափորձը կազմակերպել շահագրգռելու մեջ: Ընդ որում՝ պաշտպանյալս ճանաչում է այդ մարդկանցից միայն մեկին` Վիտալի Մինասյանին, այն էլ՝ հեռակա կարգով»:
Բայց ահա հենց Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած անձնավորություններից մեկը, ով չցանկացավ, որպեսզի հրապարակենք իր անունը, ներկայացրեց հետեւյալը. «Մարզպետի մահափորձի գործով անցնող Գորիսի բնակիչ Վիտալիկը ¥ով, ինչպես հետագայում պարզվեց, բարեկամական կապի մեջ է մյուս երկու կալանավորվածների հետ¤ մահափորձից օրեր առաջ դիմել էր Արային եւ նրանից երկու հարյուր հազար դրամ գումար ուզել՝ որպեսզի մոր ծնունդը նշի: Արան նրան տրամադրել է այդ գումարը: Սակայն հետագայում, երբ Վիտալիկն իր նշած օրվանից հետո պարտքը չի վերադարձրել, Արան սկսել է զանգել եւ գումարը հետ ուզել, ու Վիտալիկը, ըստ իմ ունեցած տեղեկության, միայն մի մասն է հետ է վերադարձրել: Բացի դրանից՝ Վիտալիկը մի քանի անգամ էլ է գնացել Բուդաղյանների օֆիս՝ գործ խնդրելու, եւ Արան ասել է, որ հենց «տենդերը» շահեն, անպայման մի գործ կտան իրեն: ԱԱԾ-ն հենց Արայի ու Վիտալիկի այդ շփումներն է փորձում կապել, թե այդ հանդիպումներով եւ հաճախակի հեռախոսազրույցներով է Ա. Բուդաղյանը շահագրգռել տվյալ անձնավորությանը, որպեսզի նա սպանի Խաչատրյանին»:
Մեր զրուցակցի այս պատմածը, իհարկե, որոշակի հակասություն ունի փաստաբանի՝ Հ. Ալումյանի այն պնդման հետ, թե Ա. Բուդաղյանը Վիտալի Մինասյանին միայն հեռակա կարգով է ճանաչել: Բայց մեկ է, այդ կապով հանդերձ էլ գոնե հրապարակավ դեռ ներկայացված չեն ապացույցներ, որ հենց Ա. Բուդաղյանն է պատվիրել Ս. Խաչատրյանի սպանությունը: Առավել եւս, որ կա նաեւ այն հարցը, թե ինչո՞ւ պետք է Բուդաղյանները Ս. Խաչատրյանների տան մոտ կատարվածից այսքան ժամանակ անց որոշեին վրեժ լուծել: Սպասում էին, որ թեման հանդարտվե՞ր: Բայց չէ՞ որ հայտնի ծեծուջարդի սկանդալային պատմության հետ կապված` Ս. Խաչատրյանի անունը նորից առաջին պլանում էր, իսկ Արտակ Բուդաղյանի մասով գործը դեռ դատական փուլում է:
Փոխարենը՝ համառորեն շրջանառվում է այն վարկածը, թե հնարավոր է՝ այս ամենը սարքվել է երրորդ անձի կողմից եւ այն հաշվարկով, որ կասկածները հենց Բուդաղյանների ուղղությամբ են գնալու: Մեր հիշատակված աղբյուրը այս հարցի հետ կապված նման կարծիք ուներ. «Բոլորը գիտեն, որ Խաչատրյաններն ու Բուդաղյանները միմյանց հետ թշնամական հարաբերություններ ունեն, եւ շատ հնարավոր է, որ այս դեպքում երրորդ մեկին պետք լիներ՝ նրանց հարաբերություններն էլ ավելի լարված իրավիճակի հասցնել: Քանի որ բոլորին է հայտնի, որ եթե Բուդաղյաններից որեւէ մեկը ցանկանար Խաչատրյանին վնասել, դա կաներ մեկ տարի առաջ: Բայց եթե այն ժամանակ նրանք այդ քայլին չեն դիմել, ուրեմն հիմա աբսուրդ է: Լսում ենք, որ ասում են՝ Արան կարող էր նման քայլի գնալ Զաքարյան եղբայրների ¥«Սդղի գյոլում» ծեծված- հեղ.¤ համար: Բայց թե՛ Զաքարյանները եւ թե՛ Բուդաղյանները համենայնդեպս այս պահի դրությամբ գոհ են նախաքննական մարմնի իրականացրած քննությունից: Շատ հնարավոր է նաեւ, որ կալանավորված անձանցից մեկը իսկապես կապ ունենա այս հանցագործության հետ, բայց ոչ հաստատ Արան»:
Վերջում մեր զրուցակիցը հավելեց նաեւ, որ «Արա Բուդաղյանի հայրը նրա հետ կատարված դեպքից օրեր առաջ մեկնել էր ՌԴ՝ վիրահատության: Իմանալով որդու հետ կատարվածը՝ տոմս էր գնել, որ հետ վերադառնա, բայց առողջական վիճակը կտրուկ վատացել է եւ նրան թույլ չեն տվել ինքնաթիռ նստել»:
Ի դեպ, հիշեցնենք, որ երրորդ կողմի մասին խոսակցություններ կային դեռ Ս. Խաչատրյանի տան պատմության հետ կապված: Այն ժամանակ էլ շրջանառվում էր այն տեղեկությունը, թե չգիտես ով զանգահարել է տանը գտնվող Արտակ Բուդաղյանին, թե՝ հասիր, եղբորդ Ս. Խաչատրյանի տան մոտ սպանում են:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk