«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ»
Արխիվ 12-16«ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՐԵԼ»
Ինչպես հայտնի է, հուլիսի 5-ին Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության թանգարանի հարեւանությամբ գտնվող անտառում ծավալուն հրդեհ էր բռնկվել: Կրակն արագորեն տարածվում էր, ու թեեւ ժամանել էին 80-ից ավելի հրշեջներ, 10-ից ավելի մարտական հաշվարկ, սակայն հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին կարողանում կրակի դեմն առնել: Արդյունքում՝ այրվեց մոտ 15 հա բուսածածկ տարածք:
Մի կողմից` հասկանալի է. շոգ ամառ է, խոտը չորանում է, եւ ամեն մի անզգուշությունից, կայծից կարող է հրդեհ առաջանալ: Բայց «անհասկանալի» դրվագ էլ կա. ի վերջո, հրդեհավտանգ իրավիճակի մասին նույնիսկ պաշտոնական ծանուցում է եղել: Իսկ Ծիծեռնակաբերդը, ինչպես հայտնի է, ոչ միայն կարեւորագույն, այլ համայնքապատկան` արդեն գրեթե միակ նման ծառապատ մեծ տարածքն է: Հնարավոր չէ՞ր գոնե այստեղ վաղօրոք ձեռնարկել անվտանգության միջոցառումներ, որ նման հսկայական տարածքը կրակի տակ չգնար...Ինչեւէ՝ ՀՀ Տեղական կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր ՎՐԵԺ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ կատարվածի առնչությամբ մասնավորապես նկատեց.
- Այո, հրդեհային վտանգավորության մասին հայտարարությունը մեր կողմից հայտարարվել է հրդեհավտանգ ջերմաստիճանին հասնելուց շատ ավելի շուտ: Մենք հայտարարել ենք, որ պետք է այս օրերին հնարավոր բոլոր վայրերում հնձել խոտը, որ բնության գրկում հանգստի մեկնող անձինք զգույշ լինեն եւ պահպանեն հակահրդեհային կանոնները: Մենք ասել եւ ասում ենք՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է ինքը դառնա իր երկրի տերը եւ հասկանա, որ թեկուզ տասը տոկոս անտառազանգված կազմող տարածքի համար պետք է պայքարեն բոլորը, քանի որ այն շատ կարեւոր եւ կենսական նշանակություն ունի մեր երկրի համար: Սակայն, ցավում եմ, որ այդքանից հետո այսօր մենք ունենք դեպքեր, երբ խոտածածկ տարածքներն այրվում են, իհարկե՝ նաեւ վնաս պատճառելով ծառերին: Դրա վառ ապացույցը Ծիծեռնակաբերդի տարածքում բռնկված հրդեհն է, որտեղ շուրջ տասնհինգ հեկտար դարձավ հրդեհի ճարակ: Ամբողջ ցավն այն է, որ այդ տարածքը չէր ոռոգվում. եթե ոռոգվեր, եւ բարձր խոնավության ռեժիմ պահպանվեր, հրդեհային վիճակ չէր ստեղծվի այնտեղ: Ծիծեռնակաբերդի տարածքի պատասխանատուները, սակայն, ոչինչ չեն արել մեր հայտարարություններից հետո, այն դեպքում, երբ նրանք պետք է ակտիվ գործողություններ իրականացնեին` ոռոգեին, որպեսզի չչորանար այդ տարածքը, ինչն էլ թույլ չէր տա հրդեհի առաջացումը: Այնինչ՝ մենք ականատես եղանք, որ Ծիծեռնակաբերդի որոշ տարածքում նույնիսկ ոռոգման համակարգն էր բացակայում:
Իսկ թե ինչու է նման վիճակ Ծիծեռնակաբերդում, փորձեցինք պարզել քաղաքապետարանից: Սակայն այս կառույցի լրատվության բաժնի աշխատակիցը, հին «խասյաթի» համաձայն, մեզանից հարցը գրավոր խնդրեց: Սակայն համբերությամբ կսպասենք մեր գրավոր հարցի պատասխանին, մասնավորեպես, թե ինչո՞ւ է «Ծիծեռնակաբերդի որոշ տարածքում ոռոման համակարգը բացակայում»:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝