ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՀԻՇԵՑԻՆ ՀԷՑ-Ի ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Արխիվ 12-16ԲԱՅՑ ԻՆՉՈ՞Ւ ՀԵՆՑ ՀԻՄԱ ՀԻՇԵՑԻՆ ՀԷՑ-Ի ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Օրերս հայտնի դարձավ, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) պատրաստվում է մոտ 1,5 տասնյակ զանցանքների համար` ընդհանուր առմամբ 75 մլն դրամի տուգանքի ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությանը: Ու միանգամից էլ հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է պատահում, որ ՀԾԿՀ-ն մի կողմից դառը ողբ է ասում ՀԷՑ-ի ծանր ֆինանսական վիճակի մասին ու դա կարգավորելու համար հոսանքն է թանկացնում, իսկ մյուս կողմից նման կլորիկ տուգանքներ է սահմանում ՀԷՑ-ի նկատմամբ` էլ ավելի խորացնելով ֆինանսական ճեղքվածքը:
Չնայած եթե ՀԷՑ-ը խախտումներ է թույլ տվել, իհարկե, պետք է տուգանել. համենայնդեպս դա ՀՀ օրենսդրության պահանջն է: Միայն թե, օրինակ, ընկերությունը մեղադրվում է, թե փոխել է բաժանորդների էլեկտրաֆիկացման կարգը, այսինքն` դրա համար պահանջվող ծախսերը թողել է ապագա բաժանորդների վրա: Բայց ամբողջ հարցն այն է, որ այս նոր «կարգը» սկսել է կիրառվել դեռ ամիսներ առաջ: Ավելին ասենք, այն ժամանակ ստացել ենք բազում բողոքներ, որ որոշ բաժանորդներ նույնիսկ հասցրել են հին կարգով լուծել էլեկտրաֆիկացման բոլոր փաստաթղթային խնդիրները, իսկ բուն աշխատանքների ժամանակ նրանց դեմ են տվել այդ նոր կարգը: Ուրմեն ՀԾԿՀ-ն միայն հիմա՞ իմացավ այդ մասին. միամտություն կլիներ այդպես մտածել: Կամ այդ մոտ 1,5 տասնյակ տարբեր բնույթի զանցանքների մասին ե՞ւս նոր է նշված հանձնաժողովը տեղեկացել: Ու, բնականաբար, հարց է ծագում, թե ինչու է միայն այս պահին հանձնաժողովը հիշել իր «կարգավորող» գործառույթների մասին:Մյուս կողմից էլ ՀԷՑ-ի մեր աղբյուրները փոխանցում են, որ ընկերությունն էլ իր հերթին է որոշել կամաց-կամաց ջրի երես հանել փաստեր, որոնք արդեն ՀԾԿՀ-ի գործունեության որոշ «անհասկանալի» էջեր կպարզեցնեն: Մի խոսքով, ինչպես ենթադրվում էր, կարծես թե ՀԾԿՀ-ն ու ՀԷՑ-ը սկսել են կամաց-կամաց իրար միս ուտել` ապացուցելու համար, թե իրենցից որն է ճիշտ աշխատում, եւ եղած խնդիրների, թալան առաջ բերող գործոնների թելերն ուր են տանում:
ՋՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ Է ՎՏԱՆԳԱՎՈՐ
Այս ամենից զատ, հիշեցնենք նաեւ, որ օրերս մայրաքաղաքի ջրամատակարարմամբ զբաղվող «Երեւան ջուր» ընկերությունն էլ իր հերթին որոշեց ետ կանչել ջրի սակագինը բարձրացնելու մասին հայտը: Եվ ահա, այս հանգամանքի հետ կապված, մեր արժանահավատ աղբյուրները հետաքրքիր բաներ են պատմում: Մասնավորապես, որ թեեւ «Երեւան ջուրն» էլ իր հերթին է գիտակցել, որ այս խառն օրերին իմաստ չունի ավելորդ սակագնային պատմությունների տակ մտնելը, մյուս կողմից էլ ՀԾԿՀ-ից էլ են հարկ համարել ընկերությանը, համենայնդեպս, հուշել` ձեռնպահ մնալ նման հարկից: Բայց մեկ է, ըստ մեր աղբյուրի` ՀԾԿՀ-ում դեռ կան լուրջ մտավախություններ, որ դա էլ ջրի սակագնի հետ կապված որոշ «տհաճ անակնկալներից» չի փրկի, եթե հանկարծ հոսանքի թեմայով իրենց նկատմամբ քիչ թե շատ լուրջ մեղադրանքներ ֆիքսվեն: Այսինքն` այդ դեպքում առաջ կգա նաեւ մյուս սակագները մանրադիտակով դիտարկելու թեման, եւ հատկապես ջրի հետ կապված, կարող են լուրջ հարցադրումներ առաջանել: Այն պարզ պատճառով, որ արդեն նախանցած տարվանից նախատեսված ժամանակացույցի համաձայն` 1 խմ ջուրը պետք է արժենար 75 դրամ եւ ոչ թե դրանից մոտ 2 անգամ բարձր: Ընդ որում, այստեղ ոչ մի այլ «թանկացումային գործոն» մեյդան բերելը չի փրկի, քանի որ 10 տարի առաջ, երբ ջրամատակարարումը հանձնվում էր հավատարմագրված կառավարման, քանիցս պաշտոնապես հայտարարվել է, թե ինքնարժեքի վրա ազդող հիմնական գործոնը էլեկտրաէներգիան է: Հիմա էլ պաշտոնապես հայտարարվում է, թե այս տարիներին էլեկտրաէներգիայի մոտ 70-80 տոկոսանոց խնայողություն է արվում, որի դեպքում արդեն ջրի ներկայիս սակագներն անզեն աչքով էլ են դառնում սովորական թալան: Այսինքն` այս պահին պետք է քննվի ոչ թե սակագինը 1-2 դրամով բարձրացնելու, կամ գոնե նույնը պահելու, այլ այն էականորեն նվազեցնելու հայտ: Ու դրան ՀԾԿՀ-ն ոչ մի դեպքում չի գնալու, թեկուզեւ որպեսզի խուսափի այն պարզ հարցից, թե ինչո՞ւ անցած տարի սակագնի նվազեցում չկար: Ու եթե սրան ենք գումարում, որ ջրամատակարարման տեւողության եւ որակի հետ կապված եւս աղաղակող բողոքներ են լսվում, ուստիեւ, ըստ մեր աղբյուրի` ՀԾԿՀ-ում կա այն լուրջ վախը, որ այս հարցով եւս հնարավոր է` «պայթյունից» չխուսափեն:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝