«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»
Արխիվ 12-16«ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՎԱԿԱՆԻՆ ՄԵԾ ԵՆ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԻՍԿԵՐԸ»
Տնտեսագիտության դոկտոր ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԸ անտրամաբանական է համարում այն, որ եթե ՀԷՑ-ի աշխատանքն անարդյունավետ է եղել, եւ պարտքեր են գոյացել, ապա ինչպե՞ս է կազմակերպությունը ճոխ բարեգործական ծրագրեր իրականացրել եւ գումարներ ծախսել:
«Պարադոքսը հենց սրանում է կայանում: Ինչպե՞ս է պատահում նաեւ, որ այդ համակարգում աշխատողները միլիոն դոլարները գերազանցող տներում են ապրում: Այսինքն` այնքան տեսանելի բաներ կան, որոնք թաքցնել հնարավոր չէ: Դրանք շատ տեսանելի են քաղաքացիների համար, եւ այսօրվա զայրույթը նաեւ դրանով է պայմանավորված»,- ասում է Վ. Բոստանջյանը:Տնտեսագետի կարծիքով, եթե նման աչք ծակող փաստեր չլինեին, ապա հնարավոր էր, որ հասարակության շրջանում նման մեծ բողոքի ալիք չբարձրանար:
Հոսանքի սակագնի հաշվարկման լղոզված մեթոդաբանության առումով, Վ.Բոստանջյանի կարծիքով` դրանք տիեզերքից չեն բերվում, եւ շատ դեպքերում ամենազանազան հանձնաժողովները, ինչպես օրինակ` Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կամ տարբեր վիճակագրական տվյալներ հրապարակող ընկերությունների դեպքում այնպիսի մեթոդոլոգիաներ են կիրառվում, որոնք հենց առաջին հայացքից են կասկած հարուցում եւ բավականին վիճահարույց են:
«Մեզ մոտ թող այնպիսի տպավորություն չստացվի, որ կիրառվել է մի այնպիսի մեթոդաբանություն, որի պարագայում սխալվել հնարավոր չէ: Այդպես չէ»,- ասում է տնտեսագիտության դոկտորը:
Անդրադառնալով էլեկտրաէներգիայի կորուստներին, Վ. Բոստանջանի կարծիքով, եթե ողջ մեղքը բարդվի կորուստների վրա, ապա նույնիսկ բազմակի անգամ խաշած հավի ծիծաղը կգա, քանի որ այդ համակարգում բավականին մեծ են կոռուպցիոն ռիսկերը, եւ այդ ամեն ինչի հանրագումարն էլ հենց դարձել է հասարակության անհնազանդության պատճառը: Իսկ իշխանությունների նման կեցվածքն ինչո՞վ է պայմանավորված, եւ արդյո՞ք հնարավոր է` չեն տիրապետում իրականությանը հարցին` նա պատասխանեց.
«Հնարավոր է, որ չեն տիրապետում, բայց ավելի շուտ նման կեցվածք են ընդունում, որովհետեւ դա իրենց ձեռնտու է»,- ասում է Վ. Բոստանջյանը:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝