ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՖԵԿՏԻՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԷՖԵԿՏԻՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ
Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող ցուցարարները երկու շաբաթ մնալով Բաղրամյան պողոտայում` ոստիկանության թեթեւ ձեռքով կրկին հայտնվեցին Ազատության հրապարակում: Այս անգամ ՀՀ ոստիկանությունը գործի դրեց ոչ թե ջրցան մեքենաները, այլ «ջան ու ջիգյարով» վերջիններիս հեռացրեց փողոցից: Մինչդեռ այս ցույցի հետ կապված` հայտնվել էին մարդիկ, որոնք ունեին որոշակի կիսատ թողած քաղաքական ծրագրեր` մայդանային տեխնոլոգիաների գիտակ, «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանի «ականջն էլ կանչի»: Ինչեւէ, Բաղրամյան պողոտայում տիրող երկշաբաթյա իրադարձությունների ու դրանց հետագա զարգացումների մասին էլ «Իրավունքը» զրուցեց «Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԻ հետ:
«ԲՈԼՈՐԻՆ ՀԱՍԿԱՆԱԼԻ ԷՐ, ՈՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՆ ՊԵՏՔ Է ԲԱՑՎԻ»
–Պարոն Մինասյան, ի՞նչ կասեք այն մասին, որ երեկ վերջապես ոստիկանությունը որոշեց բացել Բաղրամյան պողոտան:
– Տրամաբանական էր: Բոլորին հասկանալի էր, որ Բաղրամյան պողոտան պետք է բացվի, այլ խնդիր էր, թե ինչպես կլիներ այդ: Կարծում եմ, որ այս անգամ, կարելի է ասել, բավականին համերաշխ ստացվեց այդ:
– Կարելի՞ է ասել, որ գոնե Հայաստանի պատմության մեջ, սա առաջին դեպքն էր, երբ ընդվզող ցուցարարներին, խաղաղ ճանապարհով ցրեց ոստիկանությունը:
– Խնդիրը տեխնոլոգիաների մեջ չէ: Այսինքն` եթե 30 հոգի մարդ է մնացել այդ տեղում, պարզ է, որ կարելի է առանց մեծ ուժի կիրառման` ցրել այն: Բայց այլ հարց է, թե արդյոք հնարավոր է խուսափել պատճառներից, ինչի արդյունքում մարդիկ փողոցներում ցույցեր են անում, դժգոհում են եւ այլն: Սա ավելի լուրջ խնդիր է, քան այսօր Բաղրամյան պողոտան տեխնիկապես բացելը:
ՊԵՏՔ Է ԲԱՑԵԼ ՈՉ ՄԻԱՅՆ ԲԱՂՐԱՄՅԱՆԸ, ԱՅԼԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱ՞ՇՏԸ
–Ըստ Ձեզ` այս ցույցերն արդեն իսկ քաղաքականացվա՞ծ են, թե՞ շարունակում են որպես սոցիալական պահանջ մնալ:
– Կարծում եմ` այս ցույցերը սոցիալ-տնտեսական հարցի շուրջ էին սկսվել եւ այդպես էլ ընթանում էին, որը, բնականաբար, ինձ համար նշանակում է բավականին լուրջ քաղաքական եւ սոցիալական դժգոհության առիթ: Երկրում լուրջ խնդիրներ կան, եւ քաղաքական էֆեկտիվ ընդդիմության բացակայության դեպքում, պարզ է, որ դրա արդյունքը կլինի սոցիալական դժգոհության ինչ-որ շարժումներ ձեւավորվելը, որոնք տեսնում ենք: Հետեւաբար, այդ առումով չնայած խոսում են էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին, բայց մարդիկ այդ թանկացած 7 դրամի շուրջ չեն խորանում, որովհետեւ դժգոհությունը ոչ թե 7 դրամն է, այլ այն իրավիճակը, որը գոյություն ունի երկրում:
– Այսօր արդեն ցույցը համակարգողների կազմում են այնպիսի դեմքեր, որոնք չկային առաջին օրերին եւ այդ թվում` ուկրաինական մայդանի ջատագով «Ժառանգություն» կուսակցության խոսնակ Դավիթ Սանասարյանը: Չե՞ք կարծում, որ այսօր էլ ոմանք հայաստանյան մայդանի թաքուն ծրագրեր են մշակում:
– Չեմ կարծում, թե խոսքն այսօր մայդանի մասին է, բայց եթե իշխանությունները կամ քաղաքական ուժերը քաղաքական դաշտը չբացեն, նմանատիպ իրավիճակներ, ակնհայտ է, որ կլինեն, կշարունակվեն ու կզարգանան: Եվ այս մասին պետք է մտածել, որովհետեւ այս անգամ երեւի թե վերջացավ, բայց հետագայում կրկնվելու է:
«ՖՈՐՄԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՉԷՐ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ»
–Բայց ինչպե՞ս բացել քաղաքական դաշտը, երբ ընդդիմության կարկառուն ներկայացուցիչներն անգամ չեն ընդունվում նույն ցուցարարների կողմից:
– Խնդիրն այն էր, որ նույնիսկ այդ ֆորմալ ընդդիմության ներկայացուցիչների առկայությունը չէր բավարարում սոցիալական ընդվզման մասնակիցներին: Նրանց տեսանկյունով` այդ մարդիկ, նույնիսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի պես մարդը, համեմատաբար, ոչ բավարար ռադիկալ է: Եվ կարծում եմ, որ հենց այդ հանգամանքը պիտի լինի իշխանությունների համար առաջնային, թե ինչքան կարեւոր է բացել քաղաքական դաշտը, ինչքան կարեւոր է ֆորմալ քաղաքական ընդդիմության ներկայությունը:
– Ի վերջո, հաշվի առնելով քաղաքական վերադասավորումները` նոր կուսակցությունների բացվելն ու նույն քաղաքական ուժերի` այլ միավորումների մեջ տեղավորվելը, կնպաստի՞, որ աշնանը ձեւավորվի իրական ընդդիմություն:
– Չգիտեմ, ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ քաղաքական զարգացում կունենա Հայաստանի պատմությունը մոտակա մի քանի ամսվա ընթացքում: Կրկնում եմ` եթե չբացվի քաղաքական դաշտը, եթե ընդդիմությունը չմասնակցի իրական քաղաքական պայքարին, ապա այդ մարդիկ կլինեն բոլորիս համար անհայտ ինչ-որ ոչ քաղաքական դեմքեր, որոնք, պարզապես, իրադարձությունների բերումով կղեկավարեն հանրային ընդվզման մի փոքր մասը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk