ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՍԱԾԸ ՉԻ՞ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
Արխիվ 12-16ԲՀԿ-Ի ՈՒ «ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ» ՏԵՍԱԾԸ ՉԻ՞ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ
Բաղրամյան պողոտան երեկ «ազատագրվեց» ցուցարարներից ու բարիկադների վերածված, հակահիգիենիկ միջավայր ստեղծող աղբամաններից: Ոստիկանությունը որոշեց այս անգամ դիմել ծայրահեղ զգուշության ու նույնիսկ նյարդայնացնող հանդուրժողականություն դրսեւորել ընդդիմացող ցուցարարների հանդեպ: Սակայն, այս անգամ էլ «Ժառանգություն» կուսակցությունը, ի դեմս ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ, տեղի ունեցածը մեկնաբանեց այնպես, ինչպես երազում էր: Վերջինս շտապեց լրատվամիջոցներին հայտնել, որ Բաղրամյան պողոտայում կատարվածը ոստիկանության կողմից ոչ իրավաչափ ուժի կիրառում էր ու դատապարտելի երեւույթ: Մինչդեռ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ, ով նույնպես ականատեսն էր կատարվածի, «Իրավունքի» հետ զրույցում շեշտեց.
–Ժամը 12:30-ից ես, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը եւ մեր խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Բաղրամյան պողոտայում էինք: Մենք բանակցեցինք ոստիկանների հետ, եւ իրենք վստահեցրին, որ որեւէ ուժ չի գործադրվելու ցուցարարների հանդեպ: Եվ ինչպես տեսաք, երեք ոստիկանական մեքենաներով ցուցարարներին տեղափոխեցին տարբեր բաժիններ: ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն անձամբ մեզ երաշխավորեց, որ երեք ժամվա ընթացքում, այդպես էլ ասաց` պլյուս-մինուս 5 րոպե, բոլորը կլինեն ազատության մեջ: Այժմ մեր խնդիրն է, որ հետեւենք երեքժամյա ռեժիմին եւ տեսնենք, թե արդյոք բոլոր ցուցարարները ազատության մեջ են: Եթե կլինի գոնե մեկը, որը չի լինի ազատության մեջ, ապա անձամբ ես եւ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը այցելելու ենք բոլոր այն տեղամասերը, որտեղ, ինչպես խոստացավ փոխոստիկանապետը, երեք ժամից հետո անազատության մեջ որեւէ ցուցարար չի լինի:
– Իսկ իրավաչա՞փ եք համարում ոստիկանության գործողությունները:
– Դրա համար պետք է զրուցենք նաեւ երիտասարդների հետ, նոր միայն կարողանանք որեւէ գնահատական տալ: Ուստի` դրա վերաբերյալ անպայման զրուցելու ենք բաժիններում իրենց հետ:
– Ըստ Ձեզ, այնուամենայնիվ, արդյո՞ք ժամանակը չէր` ոստիկանության կողմից Բաղրամյան պողոտայի նստացույցը ցրելու:
– Քանի որ երիտասարդները մեզ հորդորել են չքաղաքականացնել իրենց շարժումը, իրենք էլ բոլոր հարցերի պատասխանները տալու են: Եվ ես հարգում եմ իրենց հորդորը:
– Իսկ որպես` ՀՀ քաղաքացի, ի՞նչ կասեք այս մասին:
– Կարծում եմ, որ Հայաստանում սոցիալական բոլոր հարցերը պետք է լուծվեն քաղաքական հարթությունում: Մինչդեռ երիտասարդները գտնում էին, որ քաղաքական ուժերը չպիտի խառնվեին այս շարժմանը: Հետեւաբար, մենք մեր գործառույթը համարել ենք մեկ բան` լինել այստեղ` բռնությունը կանխելու համար, եւ ըստ իս` պատգամավորները` անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն էին ներկայացնում, իրենց գործառույթը կատարեցին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk