ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴՈՒԽԸ ՏԵՂՆ Է՞ ԳԱԼԻՍ
Արխիվ 12-16ՆԱԶԱՐՅԱՆԻ ԴՈՒԽԸ ՏԵՂՆ Է՞ ԳԱԼԻՍ
Հուլիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կգումարի իր հերթական նիստը, որի օրակարգը բավականին հագեցած է: Այս անգամ այն բաղկացած է 21 կետից, որոնք բոլորն էլ որքան էլ զարմանալի է ՀԷՑ-ի մասով են:
Օրակարգում տեղ գտած հարցերը վերաբերում են ինչպես ընկերության կողմից իրականացված ու իրականացվելիք ներդրումային ծրագրերին, այնպես էլ էլեկտրաէներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստների մեծությունների հաշվարկման կարգը հաստատելուն և նախկինում ընդունված որոշումներում փոփոխություններ կատարելուն: Ուշագրավ է, սակայն, որ ներկայացված որոշման նախագծերից մեկի համաձայն հանձնաժողովը պատրաստվում է ուժը կորցրած ճանաչել իր կողմից 2013 թվականի դեկտեմբերի 25-ին ընդունած ՀԷՑ-ի 2014-2018 թ.թ. ներդրումային ծրագրին համաձայնություն տալու մասին №462Ա որոշումը, իսկ մինչև 2015-ի հոկտեմբերի 15-ն էլ հանձնաժողովը որոշել է ժամանակ տալ ՀԷՑ-ին իր համաձայնեցմանը ներկայացնելու ընկերության 2016-2018 թ.թ. ներդրումային նոր ծրագիրը:
Հետաքրքիր է նաև, որ հանձնաժողովի այդ օրվա նիստի օրակարգի 21 հարցից 14-ով Նազարյանը որոշել է տուգանել ՀԷՑ-ին: Նշված բոլոր որոշումներն ընդունելու դեպքում ՀԷՑ-ը կտուգանվի 75 միլոն դրամով: Հետաքրքիր է, սակայն այն հանգամանքը, որ սպառողներից մի քանիսը հանձնաժողովին դիմում ներկայացրել են դեռևս այս տարվա ապրիլ, մայիս ամիսներից սկսած, սակայն Նազարյանի հանձնաժողովը միայն հիմա՝ 3 ամիս անց է խիզախել դրանք քննության առնել և համապատասխան որոշում կայացնել:
Մնում է ասել՝ Ռոբերտ Նազարյան բա մինչև հիմա ու՞մ էիք սպասում, որ քաղաքացիների հարցերին օպերատիվորեն չէիք արձագանքում: Թե՞ կարող է հենց սա այն կոռուպցիոն կոչվող գործերից էր, դրա համար էլ նստել ու կանաչ լույսի էիք սպասում, որը սակայն այս անգամ այդպես էլ չվառվեց, դրա համար էլ որոշում ընդունվեց առիթից օգտվել ՀԷՑ-ին տուգանել ու հերոսանալ:
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk