«Իրուր խետ». «Ազատագրված տարածքներում բոլոր ապրողները հերոսներ են»
Արխիվ 12-16«ԻՐՈՒՐ ԽԵՏ». «ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԲՈԼՈՐ ԱՊՐՈՂՆԵՐԸ ՀԵՐՈՍՆԵՐ ԵՆ»
Հունիսի 29-ից հուլիսի 5-ը Քաշաթաղի Վարդուտ գյուղում կազմակերպվել էր «Ազգայինի հետքերով Քաշաթաղում» ամառային ճամբարը: Նախաձեռնությունը հղացավ, երբ Բերձորի ազատագրման 23-րդ տարեդարձին ընդառաջ «Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ-ն ու «Հիմք» ԲԲՀԿ-ն «Ազգայինի հետքերով» երկօրյա ծրագրի շրջանակներում Քաշաթաղում էին` Աղավնատուն եւ Բերձոր համայնքներում: Այս ծրագիրը շարունակական դարձնելու նպատակով «ՀԱՅԱՊԱՏՈւՄ» ԵՀԿ-ն Երեւանից ժամանած կազմակերպությունների հետ նախաձեռնեց 12-18 տարեկան 20 պատանիների եւ երիտասարդների համար ամառային ճամբար, որի իրականացմանն աջակցել են Արցախի վարչապետ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժինը, ԼՂՀ փրկարար ծառայությունը, Վարդուտի միջնակարգ դպրոցի տնօրեն ՌԱԻՍԱ ԲԱՂԻԿՅԱՆԸ:
«Ազգայինի հետքերով Քաշաթաղում» ճամբարը նպատակ ուներ նպաստելու ազգային երգի ու պարի, հերոսների, խաղերի ճանաչմանն ու տարածմանը: 7-օրյա ճամբարի հարուստ օրակարգը իր մեջ ներառում էր ազգային խաղեր, երգ, պար, զարգացնող խաղեր, «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրով ֆիլմերի դիտում: Նշենք, որ մասնակիցներին ազգայինի հետքերով ուղեկցում էին Անի Ասատուրյանը («Երիտասարդների աջակցման կենտրոն» ԵՀԿ), Գուրգեն Մելքոնյանը («Կայթ» ավանդական պարի համույթ), Հերմինե Կարապետյանը, Նարինե Թեքնեջյանը, Արմեն Մխիթարյանը եւ Անի Հովհաննիսյանը (երկուսն էլ` «ՀԱՅԱՊԱՏՈւՄ» ԵՀԿ): Վարդուտից, Բազմատուսից, Շալուայից, Հիմնաշենից, Մովսեսաշենից, Վազգենաշենից, Արտաշավիից, Նորաշենիկից, Վակունիսից եւ Վաղազինից ժամանած մասնակիցները առաջնորդվում էին «իրուր խետ» («իրար հետ») սկզբունքով եւ այնպիսի ոգով էին երգում եւ պարում, որ կազմակերպիչները վստահություն ձեռք բերեցին` այս ծրագիրը անպայմանորեն պետք է լինի շարունակական` ընդգրկելով Քաշաթաղի, Արցախի այլ բնակավայրեր եւս:
Ի դեպ, ճամբարի ընթացքում մասնակիցները կիսվել էին Հայրենիքի, հերոսի, իրենց ապագայի մասին պատկերացումներով: Մասնակիցներից` Տիգրան Օհանջանյանը (գ. Նորաշենիկ) «ո՞վ է հերոսը» հարցին նշել էր, որ «հերոսը` Արաբոն ու Ազգալդյանն են, որոնք պահել են եւ չեն թողել, որ թուրքը գրավի եւ մենք հիմա հանգիստ ապրում ենք: Ընդհանրապես ազատագրված տարածքներում բոլոր ապրողները հերոսներ են, որ գնան, թուրքը կգա տեր կկանգնի»: Իսկ Անի Վարդանյանը (գ. Վարդուտ) Հայրենիքը համարում էր ամենակարեւոր գաղափարը, որը պետք է դավանել մինչեւ կյանքի վերջը: Վաղազինցի Կարապետն էլ 5 տարի հետո գումար է հավաքելու, որ մանկատան եւ աղքատ երեխաներին ապահովի ամեն ինչով: Օրինակ` ընտանքի ջերմությամբ, սննդով: «Ես ուզում եմ որ բոլոր երեխաները ունենան հայր եւ մայր եւ աղքատներ չլինեն», - ասել էր նա:
«Ինչպես Վարդուտում, այնպես եւ Քաշաթաղի այլ բնակավայրերում ապրում են տաղանդավոր երեխաներ, ովքեր Քաշաթաղի անունը հասցրել են մինչեւ Երեւան` մասնակցելով եւ հաղթելով տարբեր օլիմպիադաներում ու մրցույթներում», -ճամբարի փակմանն ասաց Վարդուտի դպրոցի տնօրեն տիկին Բաղիկյանը: Նա հույս հայտնեց, որ բնակարանաշինության ծրագրին կհաջորդի նաեւ Վարդուտում մշակութային օջախի կառուցումը, որը կնպաստի ոչ միայն երեխաների այլեւ համայնքի մյուս բնակիչների կյանքի աշխուժացմանը: Իսկ մինչ այդ նման միջոցառումների կազմակերպումը կարեւոր է ` ի նպաստ համայնքի: «ՀԱՅԱՊԱՏՈւՄ» ԵՀԿ նախագահ Արմեն Մխիթարյանն էլ նշեց, որ տեսնելով ազգային երգի ու պարի ուսուցման ժամանակ մասնակիցների ոգու ուժը, որ նրանց մեջ ներարկել էր «Կայթ» ավանդական պարի համույթի ներկայացուցիչ ԳՈՒՐԳԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ` ինքը հույս ունի, որ ճամբարից վերադառնալիս մասնակիցներն այստեղ սովորածը կփոխանցեն իրենց համագյուղացիներին` թե՛ պատանի կամ երիտասարդ, եւ թե՛ հասուն: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց վարչապետ պարոն Հարությունյանին ծրագրին աջակցելու համար: Անի Ասատուրյանն էլ, իր հերթին, կարեւորեց ճամբարի անցկացումը հենց Քաշաթաղում, շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաների ծնողներին, որոնք ջանք չեն խնայում իրենց երեխաների հայեցի դաստիարակման համար:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk