ՍՅՈՒՆՅԱՑ ԱՆԴՈՐՐԸ ԿՐԿԻՆ ՓՈԹՈՐԿՎԵՑ. ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
Արխիվ 12-16ՍՅՈՒՆՅԱՑ ԱՆԴՈՐՐԸ ԿՐԿԻՆ ՓՈԹՈՐԿՎԵՑ. ԱՐԱ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻՆ
ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եւ նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով, այսօր ձերբակալվել էր ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի բնակիչներ՝ Գարեն Ռոմիկի Աթաջանյանը, Հենրիկ Շահենի Ավագյանը եւ Գորիս քաղաքի բնակիչներ՝ Վիտալի Վլադիմիրի Մինասյանը եւ Արա Էմիլի Բուդաղյանը: Այս մասին ասված էր ՀՀ ԱԱԾ Քննչական վարչության տարածած հաղորդագրության մեջ: Սակայն ժամեր առաջ Օմբուդսմենի գրասենյակից տեղեկացրեցին հետեւյալը. « Ժամեր առաջ Արա Բուդաղյանի հարազատները զանգահարել են Օմբուդսմենի թեժ գծին եւ հայտնել, որ Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանին թույլ չեն տալիս տեսակցել իր վստահորդի հետ: Օմբուդսմենի ներկայացուցիչ Մարտիկ Մարտիրոսյանն անմիջապես այցելել է Ազգային անվտանգության ծառայության ձերբակալվածների պահման վայր: Օմբուդսմենի ներկայացուցչի այցելության արդյունքում պարզվել է, որ այդ ժամանակ Արա Բուդաղյանը գտնվում ոչ թե ԱԱԾ –ում, այլ` Ոստիկանության ձերբակալվածների պահման վայրում: Այնուհետեւ Օմբուդսմենի ներկայացուցիչը այցելել է Ոստիկանության ձերբակալվածների պահման վայր, առանձնազրույց է ունեցել Արա Բուդաղյանի հետ եւ պարզաբանել նրա իրավունքների պաշտպանության հնարավորությունները: Արա Բուդաղյանի հետ տեսակցությունից հետո Օմբուդսմենի ներկայացուցիչը հանդիպել է ՁՊՎ-ի մոտ սպասող Բուդաղյանի հարազատներին եւ փաստաբանին, տեղեկություններ հաղորդել Արա Բուդաղյանի եւ կատարված գործողությունների մասին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk