ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԷԿՐԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ
Արխիվ 12-16ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻՆ ՉԵՆ ԷԿՐԱՆԱՎՈՐՎՈՒՄ ՀԱՅ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ
Վերջին շրջանում Հայաստանում ակտիվորեն էկրանավորվում եւ բեմադրվում են բազմաթիվ մանկական ստեղծագործություններ, սակայն դրանք չեն վերաբերում վերջին 20-25 տարիներին ստեղծված մանկական գրականությանը: Սրա վերաբերյալ հասարակության մեջ տարածված է երկու կարծիք` կամ ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները չեն հետաքրքրում բեմադրիչներին ու ռեժիսորներին, կամ էլ` դրանք շատ թույլ գործեր են: Չնայած` մանկական շատ ստեղծագործություններ ծանոթ չեն հանրությանը, քանի որ ինչպես հրատարակվում են, այնպես էլ` մնում են գրապահարաններում: Ինչն էլ առիթ է տալիս ենթադրելու, որ այսօր մանկական գրականություն գրեթե չի ստեղծվում: Անդրադառնալով այս հրատապ խնդրին` «Իրավունքը» թեմայի շուրջ զրուցեց ոլորտի ներկայացուցիչների հետ, թե ինչո՞ւ այսօր չեն էկրանավորվում եւ բեմադրում ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները:
«ԾԱՆՈԹ ՉԵՄ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՄԱՆԿԱԳԻՐՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԻՆ»
Ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ.
- Վերջին 20-25 տարիներին ստեղծված մանկական գրակությունից որեւէ բան չեմ էկրանավորել: Մեր ստուդիան արդեն աշխատում է երկրոդ ստեղծագործության վրա, որը վերցված է հայ գրականությունից, սակայն՜ ոչ ժամանակակից մանկական: Երբեւէ չենք մտածել էկրանավորել հին կամ նոր մանկագիրների գործերին: Անկեղծ ասած, առանձնապես ծանոթ չեմ ժամանակակից մանկագիրների աշխատանքներին: Այսօր մի քանի ֆիլմեր ստեղծելու հնարավորություն չկա, աշխատում ենք միայն մի ֆիլմի վրա: Ահա այս դեպքում ավելի շատ էկրանավորում ենք ժամանակին շունչ տված ստեղծագործությունները: Եթե հնարավություններ լիներ, թեկուզ հեռուստասերիալի ձեւով կարելի էր անդրադառնալ նաեւ մեր օրերի մանկագիրների ստեղծագործություններին:
ԱԶԳԱՅԻՆ ԿԻՆՈԿԵՆՏՐՈՆԸ ԵՎՍ ՓԱՍՏԵՑ
Հայաստանի Ազգային կինոկենտրոնի տնօրեն ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆ.
- Վերջին շրջանում, կարծեմ, ժամանակակից մանկագիրների ստեղծագործություններից չեն էկրանավորվել: Այս խնդրի հետ կապված օրերս Գրողների միությունում քննարկում էր, որին մասնակցում էր նաեւ մեր կենտրոնի խմբագիրը, ու այդ ժամանակ նա բոլոր տվյալները մանրամասնորեն ներկայացրել է այնտեղ: Բայց որ այս ընթացքում իրոք չեն էկրանավորվել, դա փաստ է:
Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk