«ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ»
Արխիվ 12-16«ԵՐԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՎՈՒՄ Է ՄՇԱԿՈՒՅԹԻՆ, ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՏՆՎՈՒՄ»

Այն, որ մարզերում թատերական ու մշակութային կյանքը չի եռում, ինչպես 25 տարի առաջ, գիտենք բոլորս: Վիճակն առավել անհույս է հատկապես սահմանամերձ քաղաքներում ու գյուղերում: Երբեմնի աշխույժ մշակույթի տների մի մասն արդեն 20 տարուց ավելի վերածվել են անասնագոմերի, մյուս կեսը` սովետական կողպեքով փակված, բացվում է միայն 5 տարին մեկ` ընտրությունից ընտրություն: Իսկ մի մասն էլ, արդեն անհույս վիճակում է ու գյուղացիների աչքի առաջ մնում է որպես մասունքի նման մի բան: Այդ իրավիճակն է տիրում նաեւ Տավուշի մարզի որոշ քաղաքներում ու գյուղերում:
«Իրավունքը» վերջերս Նոյեմբերյան քաղաքում հանդիպեց դերասան, ռեժիսոր, Կողբ գյուղի Մշակույթի կենտրոնի նախկին տնօրեն, եւ գյուղի տիկնիկային թատրոնի տնօրեն ՍԱՍՈՒՆ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ, ով նշեց, որ Նոյեմբերյանի տարածաշրջանում մարդիկ կարոտ են նորմալ մշակութային որեւէ միջոցառման: Նա նաեւ ցավով փաստեց, որ Կողբը լինելով մարզի ամենամեծ գյուղը` այսօր զրկվել է տարիներ առաջ իր հիմնադրած տիկնիկային թատրոնից. «Ինքս ունեցել եմ եւ ղեկավարել Կողբի տիկնիկային թատրոնը, որն ուղղակի չի գործում` ես դրա պատճառներն ունեմ... 7 տարի եղել եմ տեղի Մշակույթի կենտրոնի տնօրենը, ցավում եմ, որ այս պահին Կողբում ո՛չ թատրոն կա, ո՛չ էլ` տիկնիկային թատրոն: Այնպես չէ, որ իմ աշխատելու տարիներին ամեն երեկո ներկայացում էր լինում, բայց հավատացեք, մի քանի ամսվա մեջ մի անգամ մի բան անելն արդեն նորություն է, թարմություն, նույնիսկ քննադատությունն ես ընդունում, ամեն դեպքում` շարժ է: Իսկ հիմա ժամը 6-ից հետո երիտասարդությունը համակարգչի առաջ է նստած, զբաղմունք չունի»,- ասաց բեմադրիչն ու փորձեց վերլուծել իրավիճակը. «Ոչ մի դեպքում չեմ կիսում այն կարծիքը, թե հանրությունը թատրոն չի սիրում կամ չի ուզում նայել: Պարզապես, անտարբերությունը, հոգսերը մեզ տարել են այլ տեղ. խոսքս համապատասխան պետական վերաբերմունքի մասին է: Գուցե շատ բարձր բաների մասին եմ խոսում, բայց մենք այսօր մարզային հանդիսատեսին կտրել ենք թատրոնից: Մարդիկ թատրոնից կտրվել են, որովհետեւ այն արդեն դուրս է գալիս առօրյայից, ինչը շատ վատ է»:Բանախոսի փոխանցմամբ` արդեն 3 տարի ռեսուրսներ չկան` ներկայացում բեմադրելու համար, իսկ ժամանակին բեմադրվածներն էլ. «Տարածաշրջանում լավ ընդունվել են, բայց, ցավոք. կարճ կյանք են ունենում` հենց նույն խնդիրների պարճառով: Պատկերացրեք, արդեն 3 տարվա դադար ունեմ, 3 տարի բեմ եւ ռեսուրս չունեմ` ներկայացում բեմադրելու: Նոյեմբերյանի տարածաշրջանում պատճառները բազմաթիվ են, հիմա, եթե խոսեմ դրանց մասին, կհասնեմ քաղաքականություն: Իսկ երբ, քաղաքականությունը խառնվում է արվեստին ու մշակույթին, այսպիսի վիճակում ենք հայտնվում: Ինչեւէ, հիմա` որպես հրավիրված ռեժիսոր, Նոյեմբերյանում նոր ներկայացում եմ բեմադրում: Թեթեւ պիես եմ վերցրել` Ժիրայր Անանյանի «Լույս քեզ տեսնողին» պիեսը. խնդիր ունենք մարզային հանդիսատեսին էլի թատրոն վերադարձնելու, կներեք` փաստն եմ արձանագրում, խնդիր եմ դրել իմ առաջ, բայց ցավում եմ` այս ամենին ոչ մի պետական մոտեցում չկա: Խնդիր ունեմ թարմացնելու իրավիճակը, թեթեւ թեմա վերցրի, որպեսզի մարդկանց փորձեմ վերադարձնել թատրոն»,- եզրափակեց զրուցակիցը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk