«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԿԻՐ Է, ԵՎ ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՅՆ» (Տեսանյութ)
Արխիվ 12-16«ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ԱՊԱԳԱՅԻ ԵՐԿԻՐ Է, ԵՎ ԵՍ ՍԻՐԵՑԻ ԱՅՆ» (Տեսանյութ)
Այս օրերին Երեւանում է Իսպանիայից ժամանած աշխարհահռչակ սոպրանո, Իսպանիայի օպերային թատրոնի մեներգչուհի ԿԱՐՄԵՆ ԱԿՈՍՏԱՆ, ով հանդես է եկել Վերդիի, Պուչինիի, Մոցարտի, Մասնեի եւ այլ կոմպոզիտորների օպերաներում: Հայ հանդիսատեսն արդեն իսկ առիթ է ունեցել վայելել անվանի օպերային երգչուհու բացառիկ կատարումները: Հուլիսի 1-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճը լեփ-լեցուն էր, իսկ առիթը Կ. Ակոստայի եւ նույնպես Իսպանիայից ժամանած հայազգի օպերային երգիչ, տենոր ԴԱՎԻԴԻ (Հովհաննիսյան) համերգն էր, որն ընդունվեց ավելի քան ջերմ: Հայ-իսպանական ջերմ մթնոլորտից, իտալական դասականների երգերի կատարումից ու չդադարող ծափահարություններից հետո, «Իրավունքն» առիթ ունեցավ նախ զրուցել հայ հանդիսատեսի կողմից հարազատ դարձած Կ. Ակոստայի հետ:
«ԱՅՍ ՔԱՂԱՔԸ, ԿԱՐԾԵՍ, ԻՄ ՏՈՒՆԸ ԼԻՆԻ»
-Հարգելի՛ Ակոստա, ինչպես նկատեցիք, հայ հանդիսատեսը ջերմորեն ընդունեց Ձեզ ու բարձր գնահատեց Ձեր արվեստը: Ե՞րբ կրկին սպասենք Ձեզ մեր հայրենիքում:
- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Երբ ասեք, երբ լինի ծրագիր, երբ հրավիրեք, սիրով կգամ: Պարզապես, այս շրջանում բավական շատ են համերգային ծրագրերս հենց Իսպանիայում: Շատ սիրեցի Հայաստանը, հայ ժողովրդին, հայ հանդիսատեսին: Կյանքում չէի պատկերացնի, որ կհանդիպեմ այսքան կյանքով լի, ուրախ ու երջանիկ մի ժողովրդի, որը բաց սրտով, ժպտերես կընդունի: Այս քաղաքը, կարծես, իմ տունը լինի: Ընդհանրապես չեմ զգում, որ իմ տանից հեռու եմ:
- Հետաքրքիր է` Հայաստանում ամենաշատն ինչի՞ց եք տպավորվել:
- Իհարկե, ժողովրդի դրական աուրայից: Անկեղծորեն պիտի ասեմ, որ այսպիսի բան Եվրոպայում հաճախ չես տեսնի: Վստահ եմ, որ Հայաստանը մեծ ապագայի երկիր է, եւ ես սիրեցի այն:
«ՍԿՍԵՑԻ ՀՈԳՈՎ ԵՎ ՍՐՏՈՎ ՊԱՅՔԱՐԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ»
-Հայաստանյան այս համերգը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Որքանո՞վ եք տեղեկացված, թե ինչ է տեղի ունեցել հայերիս հետ 1915 թվականին:
- Վերջերս, երբ արդեն հստակ էր համերգի օրը, ավելի շատ սկսեցի ուսումնասիրել Հայաստանի մասին` պատմությունը, հայ ժողովրդին: Արդյունքում բավական խորացա այդ ամենի մեջ, որը շատ վաղուց գիտեի: Եվ այդ փաստերն ուսումնասիրելով` սկսեցի հոգով եւ սրտով պայքարել Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այսօր ամեն ինչով պատրաստ եմ լինել հայ ազգի կողքին` իմ ձայնով, իմ հոգով, իմ սրտով: Մշտապես պատրաստ եմ ամեն ինչ անել, որ այլ ազգերին ներկայացնեմ Հայոց ցեղասպանության մասին: Ի վերջո, այլ հարց է, որ պետությունները պետք է ճանաչեն այն, առաջին հերթին պետք է յուրաքանչյուր ոք իր սրտի խորքում ընդունի եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Ի դեպ, համերգի ժամանակ հանդես եկաք երիտասարդ հայ օպերային երգիչ Դավիդի հետ, ով, եթե չեմ սխալվում, Ձեր ուսանողն է: Անդրադառնանք նաեւ Ձեր զուգերգին...
- Դավիդը հզոր ձայն ունի, եւ իր մասին դեռ շատ կլսեն, ու ոչ միայն հայ հանդիսատեսը: Կարծում եմ` այս համերգը Դավիդի համար մի մեծ ճանապարհի սկիզբ էր դեպի աշխարհի դասական երգեցողությունը: Նա այսօր պետք է էներգիան կենտրոնացնի ամբողջովին ուսման մեջ եւ հասնի մեծ բարձունքների:
«ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ ԱՌԱՋԻՆ ՄԵՆԱՀԱՄԵՐԳԸ ԼԻՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՈՒ ՀԵՆՑ 2015 ԹՎԱԿԱՆԻՆ»
Ի վերջո, թե ով է երիտասարդ, խոստումնալից տենոր ԴԱՎԻԴ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում Կարմեն Ակոստան կանխորոշել է մեծ բարձունքների նվաճում, «Իրավունքը» պարզեց հենց Դավիդից, ով իր մասին համեստաբար լռում էր.
- Ծնունդով Երեւանից եմ: 2013 թվականին տեղափոխվեցի Տեներիֆե` ուսում ստանալու: Այժմ սովորում եմ տեղի կոնսերվատորիայի վոկալի բաժնի 3-րդ կուրսում` հենց Կարմեն Ակոստայի դասարանում, միեւնույն ժամանակ սովորում եմ մենեջմենթի կառավարում: Հանդես եմ գալիս դասական եւ դասական քրոսովեր ոճերում:
- Դավիդ, համերգային ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
- Ծրագրեր շատ կան, բայց Իսպանիայում մենահամերգ չեմ տվել, որովհետեւ ուզում էի առաջին մենահամերգը լիներ Հայաստանում ու հենց 2015 թվականին:
- Համերգային առաջին քայլերը սկսեցիք` աշխարհահռչակ երգչուհու հետ հայտնվելով նույն բեմում, ինչպիսի՞ն կլինի շարունակությունը:
- Չգիտեմ, բայց շարունակություն հաստատ լինելու է:
Նյութը եւ տեսանյութերը` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk