ՀԻՄԱ ԷԼ ԼԵՅՇՄԱՆԻՈԶ
Արխիվ 12-16ՀԻՄԱ ԷԼ ԼԵՅՇՄԱՆԻՈԶ
Երեկ հանրապետությունում տեղեկություն տարածվեց վարակի տարածման հերթական փաստի մասին: Այս անգամ արդեն ինչ-որ լեյշմանիոզ անունով վարակ է նկատվել Սյունիքի մարզում: Կան խոսակցություններ, որ այն տարածվում է մլակների խայթոցից: Թե որքանով է վերոնշյալ լուրը համապատասխանում իրականությանը, ինչ վտանգ է իրենից ներկայացնում եւ ինչ ախտանիշներով է ի հայտ գալիս, պարզեցինք Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ ԼՈՒՍԻՆԵ ՊԱՐՈՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
- Լեյշմանիոզ վարակը երեք հիվանդությունների խումբ է, որը հարուցվում է մակաբույծների, միաբջիջ կենդանիների միջոցով: Վարակի աղբյուրը հիմնականում շներն են, այն փոխանցվում է մլակի խայթոցի միջոցով: Այս վարակը մշտապես արձանագրվում է հանրապետությունում, ու այսօր ունենք հատուկենտ դեպքեր: Հիմնականում վարակը տարածվում է Սյունիքում, Տավուշում եւ Լոռիում:
- Ունե՞ք տվյալներ, թե այս պահին լեյշմանիոզով վարակված քանի անձ կա:
- Մենք տարեկան ունենում ենք 10-15 դեպք: Սյս տարի Սյունիքում ունեցել ենք երեք դեպք: Հիմա էլ լեյշմանիոզի կասկածով այսօր մի երեխա ընդունվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց:
- Ի՞նչ վտանգ է իրենից ներկայացնում հիվանդությունը եւ ի՞նչ ախտանշաներով է ի հայտ գալիս:
- Ինքն իր բնույթով շատ թեթեւ վարակ է, եւ նույնիսկ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը այս հիվանդությունը դասել է արհամարհված հիվանդությունների ցանկին: Եթե ժամանակին է ախտորոշվում, հիվանդությունը բարվոք է ընթանում: Ինչ վերաբերում է ախտանշաններին, ապա տվյալ վարակի դեպքում հիմնականում արձանագրվում է անկանոն տենդ, մաշկը դառնում է մոմագույն, մեծանում են փայծաղը, ավշային հանգույցները: Լեյշմանիոզի վարակի տարածման սեզոնը սկսվում է հունիսից:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝