ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՆՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
Արխիվ 12-16ԻՆՉՊԵՍ ԵՆ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑՈՎ ԱՆՈՒՄ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ
Այն, որ «Հայբիզնեսբանկը» պարբերաբար հայտնվում է տարաբնույթ տհաճ եւ մինչեւ իսկ՝ քրեական բնույթի իրադարձությունների կենտրոնում, նոր բան չէ: Իսկ թե ժամանակի ընթացթում ինչքան ավելի «անմեղ» բողոքներ եւ տրտնջոցներ են լսվել այս բանկի առօրյա գործունեության հետ կապված, դժվարանում ենք ասել: Եվ ահա «Հայբիզնեսբանկից» հերթական դժգոհողն է ԱԺ նախկին պատգամավոր, գործարար, աղմկահարույց բանդայի գործով տուժող Նապոլեոն Ազիզյանը, թե բանկն ապօրինի քայլերի եւ իրավական նորմերի բազմաթիվ խախտումներով խլել է գրավադրված գույքը` էլիտար շենքի տարածքները:
Ընդ որում՝ պարոն Ազիզյանի փաստաբանի կողմից մեզ տրամադրված փաստաթղթերից պարզվում է, որ այդ իրավիճակը ծավալվել է բանկ-ԴԱՀԿ-կադաստր օղակով: Մի խոսքով՝ փաստաբան ԼԵՌՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ներկայացրեց հետեւյալ պատմությունը.
Նապոլեոն Ազիզյանը 2005թ. գնել է Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղու ներկայիս թիվ 1/2 եւ 1/3 հասցեների շենքի զբաղեցրած 1 հա հողամասը եւ գործընկերոջ հետ 2006թ.-ին սկսել են բազմաֆունկցիոնալ շենքի շինարարությունը: 2007թ.-ին` համաշխարհային տնտեսական ճգնաժամի նախաշեմին, շենքի շինարարությունը շարունակելու համար անհրաժեշտություն էր վարկային միջոցներ ներգրավել: Այդ հարցում Ն.Ազիզյանի եւ վարկատու բանկի միջեւ ծագած տարաձայնության արդյունքում, չխախտելով շենքի նախագիծը, Ն. Ազիզյանն ու իր գործընկերը, իրենց կողմից կատարված ներդրումների փայաբաժնին համապատասխան, կառուցվելիք շենքի հողամասն առանձնացրել են միմյանց միջեւ` Ծիծեռնակաբերդի խճուղի թիվ 1/2 եւ 1/3 հասցեների, որոնցից վերջինը մնաց Ն.Ազիզյանին:
1/3 հասցեի մասնաշենքի շինարարությունը Ն.Ազիզյանն ավարտել է 2010թ. սեպտեմբերին:
2008-2009թթ. տնտեսական ճգնաժամի խնդիրներով պայմանավորված՝ «ՆՈՐՎԻԿ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հրաժարվեց հետագա ֆինանսավորումից, եւ 2007թ. կազմված «ԼԱՆ» ՍՊԸ-ի 28.000.000 ԱՄՆ դոլար կազմող բիզնես ծրագիրը ձախողվում էր: Ստեղծված իրավիճակում Ն. Ազիզյանը որոշում է ստեղծել երկրորդ ընկերությունը` «Միլլար» ՍՊԸ-ն, որն էլ հետագայում գրավադրվում է «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում, որտեղից ՍՊԸ-ին պարբերաբար վարկեր են տրվել: Համաձայնագրով ծագած պարտավորության համաձայն՝ «Միլլար» ՍՊԸ-ի անունից 1 տարվա ընթացքում` մինչեւ 29.12.2012թ. «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին վճարվել է 1.218.816 ԱՄՆ դոլար, որից 804.000-ը՝ մայր գումար, իսկ 414.816 դոլարը` տոկոսներ եւ տույժեր: Ընդ որում՝ 2012թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին պարտավորության դիմաց բանկին են անցել թվով 7 բնակարան: Մի քանի ամիս վճարումներ չեն իրականացվել, եւ պարտքը ¥մայր գումար, տոկոսներ, տույժեր¤ այդ պահի դրությամբ կազմել է 2.750.000 ԱՄՆ դոլար:
- Ինչո՞ւմն են կայանում բանկի ապօրինությունները:
- Վերջին մեկ տարվա դատական գործերով ստացված փաստաթղթերից պարզվել է, որ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 2013թ. ապրիլի 11-ին լիազորագիր է տալիս «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերությանը, որպեսզի բանկի անունից դիմեն կադաստրին՝ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող գրավի առարկա անշարժ գույքերը «Միլլար» ՍՊԸ-ին պարտավորությունների դիմաց արտադատական կարգով ի սեփականություն անցնեն` անվանափոխվեն բանկի անվամբ: Այդ կապակցությամբ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ Ա. Կիրակոսյանը համապատասխան որոշում է կայացնում: Սակայն այդ որոշման մեջ նշված չէ, թե «Միլլար» ՍՊԸ-ի պարտավորությունը որքան է կազմում, եւ որ գույքը ինչ գնով պետք է անցնի բանկին: Ավելին՝ որոշման մասին «Միլլար» ՍՊԸ-ն չի տեղեկացվել: Մինչդեռ՝ գործող օրենսդրության համաձայն, կոնկրետ գույքի ողջամիտ շուկայական արժեքը պետք է որոշվի բանկին ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ, եւ այդ մասին պետք է տեղեկացվի «Միլլար» ՍՊԸ-ին, քանի որ պարտապանը նախ` կարող է առարկել գույքի արժեքի ցածր գնահատման դեմ, բացի այդ` կարող է վճարել գույքի արժեքը: Ի վերջո, եթե գույքի ողջամիտ շուկայական գինը գերազանցում է վարկային պարտավորության գումարին, ապա` գրավատուն իրավունք ունի բանկից ստանալ տարբերություն գումարը:
Սակայն կադաստրից ստացվում է պատասխան` առ այն, որ Ծիծեռնակաբերդի խճուղու 1/3 հասցեի «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող անշարժ գույքերի վրա ԴԱՀԿ-ի կողմից արգելանք է դրված, եւ հնարավոր չէ իրականացնել անշարժ գույքերի անվանափոխումը: Ուստիեւ՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից հանդես եկող «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերության ներկայացուցիչ ոմն Հովսեփ Մկրտչյան, կադաստրից ստանալով տեղեկանքները եւ ներկայացնելով «Ափթայմ» ՍՊԸ-ի տնօրեն Մհեր Ղահրամանյանի կողմից տրված` Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեում «Միլլար» ՍՊԸ-ին պատկանող բնակարանների եւ տարածքների կեղծ գնահատման վերաբերյալ գրության պատճենը, դիմելէ ԴԱՀԿ ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ բաժնի պետ Ա.Հակոբյանին եւ խնդրել է` Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի արգելանքները վերացնել, թեեւ այդ արգելանքին վերաբերող կատարողական վարույթով «Հայբիզնեսբանկը» մասնակից չի հանդիսանել, ուստիեւ՝ նման պահանջով իրավասու չէր դիմել ԴԱՀԿ: Բացի այդ՝ հարկադիր կատարողն առանց համապատասխան իրավական հիմքերի իրավասու չէ գույքն արգելանքից հանելու որոշում կայացնել: Համենայնդեպս՝ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի անունից ԴԱՀԿ ծառայություն ներկայացված այդ դիմումի հիման վրա արգելանքները չեն վերացվում:
Սակայն բանկի եւ ԴԱՀԿ-ի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ «Ունիվերսալ Բիզնես Սոլուշնս» ընկերության տնօրեն Ա. Հարությունյանը «Հայբիզնեսբանկի» անունից կրկին դիմում է ԴԱՀԿ ծառայություն՝ Ա. Հակոբյանին, եւ այս անգամ ոչ թե խնդրում, այլ առաջարկում է արգելանքները վերացնել, բացառությամբ` թիվ 1 եւ 2 բնակարանների, նշելով, որ այդ բնակարանների մասերով էլ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն 8.000.000 ՀՀ դրամի պահանջ ունի: Ահա այդ դիմումի հիման վրա, նույն օրը` 06.06.2013 թ. հարկադիր կատարող Արսեն Ստեփանյանը` առանց որեւէ իրավական եւ փաստական հիմքի, անտրամաբանական որոշում է կայացնում` Ծիծեռնակաբերդի 1/3 հասցեի անշարժ գույքերի վրա դրված արգելանքը վերացնելու մասին:
Գուցե գիտակցել են, որ մի օր այդ հարցը կպարզվի, ու վախեցել են, այնուամենայնիվ, այդ որոշման հիման վրա գործողություն չեն կատարում, հասկանալով, որ ոմանք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել: Ավելի զավեշտալի քայլի են դիմում: Ստեղծված իրավիճակում, արգելանքները հանելու հարցում շահագրգիռ անձինք` «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն եւ ԴԱՀԿ ծառայությունը, ապավինում են այդ հարցում իրենց երրորդ «գործընկերոջ»` նման իրավիճակներում խնդրի լուծումը գտնող, փորձառու կադաստրի հնարամտությանը:
Թե ինչպես է կադաստրը օժանդակել այս ամենին, ինչպես է բանկը փորձում դատարանում իրենն առաջ տանել, կներկայացնենք առաջիկա համարներում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk