Զարմացած է
Արխիվ 12-16
Սեւին սապոնն ի՞նչ անի, իսկ խեւին` խրատը... Ուրիշ բան մարդու մտքով չի անցնում, երբ մտաբերում ես ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆԻ հերթական արարքը: Նա այդքան առնչվել է հայ ցուցարարների բացասական վերաբերմունքի հետ` Եվրամիության դրոշի հանդեպ, տեսել է, որ այդ կապույտ լաթերից ժողովուրդը գազազում է անգամ, եթե հարթակին Րաֆֆի Հովհաննիսյանը կանգնած լինի, բայց միեւնույնն է` հերթական անգամ նա երեկ այդ դրոշը շալակած եկավ Բաղրամյան պողոտա: Ցուցարարները վանկարկեցին` հեռացի՛ր, նրան սադրիչ անվանեցին, թուքումուր տվին, նույնիսկ քաշքշոց եղավ... Իսկ «Ֆեյսբուքում» նույնիսկ շրջանառվեց հետեւյալ բանաձեւը` «Հիմա ո՞վ է ԿԳԲ-ի ագենտ, պարոն Հայրիկյան»:
Չէ, մենք միայն մեր մեռնելու օրը չգիտենք: Ընդամենը 2 ժամ առաջ ենթադրեցինք, որ Բաղրամյան պողոտայում հարթակին կանգնած երիտասարդ «ժառանգականներն» ու «ազատ դեմոկրատները» անպայման կմատնեն սեփական լիբերաստ եւ արեւմտամետ էությունը...
Եվ հոդվածը հազիվ էր հասցրել դուրս գալ տպիչից ու գնալ սրբագրության, երբ լուր ստացանք, որ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ ներողություն է խնդրել Հայրիկյանից` Բաղրամյան պողոտայից թուքումուր տալով` նրան ցուցարարների կողմից հեռացնելու համար. «Հայրիկյանն ու նրա ընկերները ինձ դիմել էին, ասել էին, որ հայտարարություն ունեն անելու, ես նրանց ասել էի, որ սա որպես սադրանք է դիտվելու, զգուշացրեցի, որ կքննարկենք եւ կպատասխանենք: Զգուշացնելուց հետո սխալ որոշում էր այդ դրոշներով գալ այստեղ: Բայց դա չի ենթադրում, որ պետք է դրոշ պատռեն ու տրորեն, այդ արարքը կատարողները մեր շարժման մասնակիցները չեն, նրանցից շատերին այսօր առաջին անգամ եմ տեսել այստեղ: Պետք է զգույշ լինենք եւ այսուհետեւ նրանց թույլ չտանք Բաղրամյանում գտնվել»: Դե տեսաք, թե ինչպես մղկտաց Սանասարյանի եվրոպասեր սիրտը, որ Եվրամիության դրոշը տեսավ ոտատակ վիճակում: Արդեն այդ պատճառով ցույցի եկած երիտասարդների մի մասին պիտակում է, թե «մեր շարժման անդամը չեն»: Դե ինչ, երեւի թե ինքը` Սանասարյանն էլ շուտով Հայրիկյանի ճակատագիրը կիսի:
Մեզ զարմացրեց հայտնի դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԸ, երբ իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Կուզեի Հունան Պողոսյանին տեսնել Հայաստանի Հանրապետության գլխավոր ոստիկանապետի պաշտոնում»: Միայն դերասանի կարծիքն էր պակաս, թե ով պետք է լինի այս կամ այն պետական կառույցի ղեկավարը: Լավ, եթե վաղը պետական այրերը սկսեն խրատել նույն Հովոյին, թե ինչպես պետք է իր կլոունությունն անի, նրա դուրը կգա՞, նա չի՞ ասի` ձեր ինչ գործ, դուք ինչ եք հասկանում դերասանական արվեստից: Ինչեւէ, զարմանքով պետք է արձանագրենք` հենց դերասանն սկսում է քաղաքական հարցերով զբաղվել, համը դուրս է գալիս:
Պարզվում է, որ երեւանյան ցույցերից հույժ հիասթափված է ամերիկյան «ՍՏՐԱՏՖՈՐ» հետազոտական կենտրոնը. «Սակայն մինչեւ հիմա ցուցարարների մոտ աշխարհաքաղաքական շարժառիթ կամ արտաքին օժանդակության նախանշան չի նկատվել: Քանի որ ռուսական «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ը Հայաստանի էլցանցերի սեփականատերն է, ոմանք կարծում են, որ բողոքի ցույցերն ուղղված են Մոսկվայի ազդեցության դեմ: Սակայն ցուցարարները հասկացրեցին, որ իրենց ուշադրությունը կենտրոնացած է էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու մասին կառավարության որոշումը չեղյալ հայտարարելու ուղղությամբ, այլ ոչ թե ավելի լայն ռազմավարական հարցերի»: Դե, չեն էլ թաքցնում ուզածները, ու դառնորեն մատնանշում են, որ իրավիճակը կարող են փոխել բախումները, սակայն ՀՀ իշխանություններն այնքան սրիկա են, որ համառորեն զսպվածություն են ցուցաբերում ցույցերի հանդեպ:
Իսկ Բիբինը, երեւի թե, հաստատ չի համարձակվի վերադառնալ Հայաստան, քանզի գեներալ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ արտահայտել է զարմանալիորեն սուր կարծիք նրա վերաբերյալ. «Դրանց գլուխները պիտի ջարդվի»: Պարզվում է, որ գեներալը զարմանալիորեն նաեւ շատ լավ է տրամադրված Բաղրամյան պողոտայում ընթացող ցույցի նկատմամբ. «Դե ժողովուրդ են, ամեն մարդ իրա գործն ա անում: Թող մարդիկ պողոտայում մնան` ինչքան ուզում են, կարգին էլ գործ են անում: Ժողովուրդ են, եկել են հանգստանում են, ինձ չեն խանգարում»: Ինչեւէ, այսքանից հետո մնում է միայն, որ գեներալն ինքը հայտնվի ցուցարարաների կողքին... Սակայն, դժվար թե:
Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk