ԴԵՍՊԱՆ. «ԵՎՐՈՊԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՈՐՊԵՍ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ »
Արխիվ 12-16ԴԵՍՊԱՆ. «ԵՎՐՈՊԱՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՕԳՏԱԳՈՐԾԵԼ
ՀԱՅԱՍՏԱՆԻՆ` ՈՐՊԵՍ ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ »
Արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյան այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Բաղրամյան պողոտայի դեպքերի մասին, հորդորեց դրանք դիտել համաշխարհային իրողությունների շրջանակներում: Արտաքին եւ ներքին քաղաքական խնդիրները, ըստ վերլուծաբանի, կարծես թե ողջ աշխարհում միահյուսվում են եւ հանդես գալիս մի միասնություն: «Այն, ինչ կատարվեց Հայաստանում, սրա փայլուն օրինակն է: Հայկական քաղաքական իրադրության մեջ ի հայտ եկավ նոր ֆենոմեն, որի հետ, եթե իշխանությունը հաշվի չնստի, կհայտնվի պատմության լուսանցքում»,- կարծում է բանախոսը:
Դեսպանի խոսքով` Բաղրամյանի դեպքերն իրենց ազդեցություն են ունենում միջազգային հարաբերությունների` Արեւմուտքի ու Արեւելքի վրա: «Իմ կարծիքով` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը վերջին շրջանում գրանցում են բավական հաջող քայլեր: Նկատի ունեմ` փորձում են վարել դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն` սկսած Չինաստանից ու վերջացրած Ռուսաստանով: Այս կես տարվա ընթացքում` Ռիգայի գագաթաժողովում, բաց տեքստով Հայաստանին ասվեց` կարող է լինել ե՛ւ ՆԱՏՕ-ում, ե՛ւ ՀԱՊԿ-ում»,- մանրամասնեց վերլուծաբանը:
Արման Նավասարդյանի խոսքով` Եվրոպան կարծես ցանկանում է օգտագործել Հայաստանին որպես տրոյական ձի, որովհետեւ այլ ելք չկա: Անգամ ռուսական քաղաքական որոշ ուժեր են Հայաստանին այդպես վերաբերվում: Ես կարծում եմ` Հայաստանը կարող է ոչ միայն բուֆերի դեր խաղալ, այլեւ օգտակար լինել երկու բեւեռների` Արեւմուտքի ու Արեւելքի միացմանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk