ԵՎՐՈՊԱԿԱՆ Ա՞ՅՍ «ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱՆ ԷԻՆ ՄԵԶ ԽՈՍՏԱՆՈՒՄ
Արխիվ 12-16ԵՎՐՈՊԱԿԱՆ Ա՞ՅՍ «ՊԱՅԾԱՌ» ԱՊԱԳԱՆ ԷԻՆ ՄԵԶ ԽՈՍՏԱՆՈՒՄ

Թեեւ հաշված օրեր են անցել, ինչ ԱՄՆ-ում լեգալիզացվեց միասեռական ամուսնությունները, նախագահ Օբաման արդեն հասցրել է ամուսնական առաջարկ ստանալ: Այսպես՝ Օբամայի առաջ իր «սիրտն է բացել» Զիմբաբվեի 91-ամյա առաջնորդ Ռոբերտ Մուգաբեն. «Քանի որ նախագահ Օբաման աջակցում է միասեռական ամուսնություններին եւ աջակցում է հոմոսեքսուալիստներին, եւ բացի այդ` հաճելի արտաքին ունի, ես պատրաստ եմ, եթե անհրաժեշտություն լինի, տեղափոխվել Վաշինգտոն, ծնկի իջնել եւ խնդրել նրա ձեռքը»:
ՕԲԱՄԱՆ ԿԸՆԴՈՒՆԻ՞ ԱՖՐԻԿՅԱՆ ՎՈԺԴԻ ԱՄՈՒՍՆԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ
Կընդունի՞ նախագահ Օբաման իր գենետիկական հայրենակցի այդ առաջարկը՝ դեռ հայտնի չէ: Բայց հազիվ թե, ու երկու հիմնական պատճառով: Առաջինը. Մուգաբեն այդ առաջարկից երկու տարի առաջ էր Օբամային մեղադրում. «Այդ ամերիկյան նախագահը՝ Օբաման, ում հայրը աֆրիկացի է, ասում է, թե մեզ չի օգնի, եթե մենք հոմոսեքսուալիստներին աջակցություն չցուցաբերենք: Մենք հարցնում ենք նրան՝ Ձեզ հոմոսեքսուալիստնե՞րն են լույս աշխարհ բերել: Իսկ մեզ պետք է, որ մեր ցեղը շարունակություն ունենա, որի համար տղամարդիկ եւ կանայք են պետք, եւ ոչ թե սեքս-փոքրամասնությունների ներկայացուցիչներ»: Դրանից հետո ո՞վ կկասկածի, որ ի դեմս Մուգաբեի՝ գործ ունենք խելքը գլխին, իսկական աֆրիկյան վոժդի հետ, եւ Օբաման էլ հաստատ նրա «ամուսնական նպատակների» ազնվությանը կասկածելու տեղ ունի:
Եվ երկրորդը. նախագահ Օբաման արդեն երկար ժամանակ է, որ «արտասովոր» ջերմ հայացքով է Ուկրաինային նայում, ու հազիվ թե Պորոշենկոյին Մուգաբեով փոխի: Չնայած ո՞վ գիտի. Օբամայի եւ Պորոշենկոյի այդ «ջերմ սերը» Ուկրաինային կամաց-կամաց հասցրել է սնանկացման: Այս պահին, պատկերացրեք, Կիեւն անգամ գազ գնելու փող չունի, եւ նախօրեին «Գազպրոմը» չվճարումների պատճառով հերթական անգամ դադարեցրեց այդ երկրի գազամատակարարումը:
խնդիրը ամենեւին էլ քաղաքական չէ, այլ հենց փողի բացակայությունը, հաշվի առնելով, որ եթե առաջներում նման անջատումների դեպքում Կիեւը սկսում էր, այսպես ասած, ռեվերսային սխեմայով ռուսական գազը գնել եվրոպական երկրներից, սակայն այս անգամ այդ ուղղությամբ եւս սկսել է գնումները դադարեցնել: Չնայած՝ Կիեւում փողի բացակայության փաստը նորություն չէ. անգամ ուկրաինական համապատասխան պաշտոնյաներն են քանիցս հաստատել, որ արդեն այս ամսվա վերջին Ուկրաինան կարող է պետական դեֆոլտ՝ անվճարունակություն հայտարարել, եւ գրեթե հույսեր չեն մնացել, որ պետության պարտատերերի հետ հնարավոր կլինի լեզու գտնել: Մի խոսքով՝ սնանկ Պորոշենկոն հազիվ թե Օբամային հետաքրքրի, ինչի մասին են ակնարկում նաեւ «Մի խառնվիր մեր կյանքին» կարգախոսներով Կիեւում ամերիկյան դեսպանատան առաջ գնալով թափ հավաքող զանգվածային բողոքները: Ու արդյունքում, հասկանալի է, Մուգաբեի շանսերը նկատելիորեն ավելանում են...
Բայց ավելի լուրջ մոտենանք հարցին: Այն, որ պետական դեֆոլտից խուսափելու հարցում Արեւմուտքը հազիվ թե օգնի Կիեւին՝ փորձագետները գրեթե հանգում են միասնական կարծիքի: Ճիշտ է, Եվրոպան գրեթե խուճապահար հայտարարում է, թե պատրաստ է գազի համար մեկ միլիարդի չափ գումար հատկացնել, սակայն դա էլ գոնե այս պահին չի աշխատում ու շատ պարզ պատճառով. Կիեւն այդպես էլ որեւէ երաշխիք չտվեց, որ այդ միլիարդը կծախսի հենց գազի գնման եւ ոչ թե իր հազարավոր ֆինանսական ծակերը գոնե մի փոքր փակելու համար: Արդյունքում՝ հերթական ձմեռը սարերի ետեւում չէ, ու Եվրոպայում նորից սկսել է մղձավանջի կարգավիճակ տեղափոխվել էներգետիկ ճգնաժամի թեման:
Ընդ որում, այս անգամ այդ ճգնաժամային հեռանկարները շատ ավելի սարսափազդու տեսք են ստացել հունական իրադարձությունների ֆոնին: Բայց մինչ դրան հասնելը՝ հատուկ հայաստանյան արեւմտամետների համար շեշտենք ստեղծված իրավիճակը. ինչպես նշեցինք՝ գրեթե անխուսափելի դեֆոլտի շեմին է կանգնած եվրաասոցացված Ուկրաինան, նույն վտանգի տակ է մյուս ասոցացվածը՝ Մոլդովան: Սա՞ էր նաեւ մեզ խոստացված եվրոպական պայծառ ապագան, առավելեւս, երբ արդեն ոչ թե ասոցացված, այլ՝ Եվրամիության լիարժեք անդամ, եվրագոտու մեջ ներգրավված Հունաստանը արդեն իսկ փաստացի դեֆոլտի մեջ է:
ՀՈՒՆԱԿԱՆ ԱԿԱՆԸ
Այն բանից հետո, երբ նախօրեին Հունաստանն այդպես էլ չվճարեց Արժույթի միջազգային հիմնադրամի վարկային 1,2 միլիարդ դոլար տոկոսը, բոլոր օրենքներով երկիրը պետք է համարվեր դեֆոլտ: Ճիշտ է, այդ բառից դեռ խուսափում են, եւ չբացառենք, որ Եվրոպան ի վերջո կտա հերթական պարտքն ու Հունաստանին այս վիճակից ետ կքաշի, բայց դա էլ բան չի փոխում: Վիճակը պարզ նկարագրմամբ, հետեւյալն է. երկար ժամանակ Հունաստանը վերցրել է հսկայական վարկեր, այն արդեն իսկ նկատելիորեն գերազանցում է ՀՆԱ-ն, եւ հիմա պարզապես չի կարողանում տոկոսները տալ, ուր մնաց մայր գումարը: Մի խոսքով՝ նույն վիճակում է, ինչ բանկային տոկոսների տակ ճռռացող մեր շատ քաղաքացիներ, երբ հերթական վարկը տալու համար արդեն ստիպված ես նոր վարկ վերցնել: Այսինքն, եթե նույնիսկ Եվրոպան տա Հունաստանի այդ նոր վարկը, դա միայն էլ ավելի է ծանրացնում վարկային եւ տոկոսային վիճակը: Կա նաեւ գերխնայողությունների ռեժիմի անցնելու տարբերակը: Բայց այս դեպքում էլ շարքային հույներն են պարզ հարց բարձրացնում. եթե լավանալու փոխարեն մեր վիճակը վատանում է, ուրեմն ո՞րն է ԵՄ անդամ լինելու իմաստը: Հասկանալի է, Հունաստանն իր տնտեսությամբ ԵՄ-ի չնչին մասն է: Սակայն հունական հարցը դարձել է աշխարհի մասշտաբով հիմնախնդիր` այն պարզ պատճառով, որ բոլորն էլ նույն վիճակում են. ԵՄ-ի մյուս անդամները եւս տարիներ շարունակ վարկերով են ապրել ու այս կամ այն չափով՝ հիմա բոլորն էլ Հունաստանի վիճակում են: Մի քիչ էլ վեր գնանք. ԱՄՆ-ն է աշխարհի թիվ 1 պարտապանը՝ իր մոտ 18,5 տրիլիոն դոլար պարտքով: Եվ, վերջապես, տարիներ շարունակ նույն «վարկայի ասեղին» նստեցրել են աշխարհի բազում այլ երկրների: Այսինքն՝ ԱՄՆ-ի Ֆեդերալ ռեզերվային համակարգ կոչվող մասնավոր կառույցը տարիներ շարունակ դոլարի լեռներ է տպել, նույն կառույցի սեփականատերերի մասնավոր բանկերով վարկերի տեսքով բաժանել աշխարհով մեկ ու տոկոսների միջոցով քերթում է բոլորին: Սա է ժամանակակից համաշխարհային ֆինանսական համակարգ ասվածը, եւ ահա եկել է պահը, որ մեխանիզմը պարզապես չի աշխատում. տոկոսները հասել են առավելագույն մակարդակի, ու մարդիկ փող չունեն, որտեղի՞ց տոկոս տան: Եվ մյուս կողմից. եթե շղթայական ռեակցիայից խուսափելու համար պարտապանները որոշեն ներել Հունաստանի պարտքը, ապա այս պատմությունը «վատ» օրինակ կդառնա մյուս բոլորի համար. եթե կարելի է պարզապես հրաժարվել տոկոսները տալուց եւ հասնել պարտքերի ներման, ապա ինչո՞ւ մենք էլ չգնանք այդ ուղղությամբ: Այսինքն՝ այս անգամ կփրկե՞ն Հունաստանին, բա մեկ ամիս հետո ինչպե՞ս է հերթական անգամ տոկոսները տալու: Կամ՝ արդեն քանի՞ նման հունաստաններ են ի հայտ եկել, այդ թվում՝ նույն ԵՄ-ում: Ի՞նչ նոր դեֆոլտներ եւ ֆինանսական ցնցումներ են հետեւելու, եթե որպես լուծում` որոշեն հույներին ԵՄ-ից հեռացնել, ու այդ «ցեցը» ի՞նչ հարված է հասցնելու ԵՄ-ի քաղաքական եւ տնտեսական ամբողջականությանը:
Մի խոսքով՝ որ ուղղությամբ էլ գնա հունական իրավիճակը, մեկ է, մի բան արդեն իսկ հաստատ է՝ ժամանակակից համաշխարհային ֆինանսական համակարգը, ինչպես որ բազմիցս ենք ներկայացնելու առիթներ ունեցել, ոչ թե պարզապես չի գործում, այլ մեծ պայթյունի շեմին է, եւ բացի նույնքան մեծ պատերազմից, գլոբալ լուծումների որեւէ տեսանելի հեռանկար պարզապես չկա: Ու որ այս պահին նախագահ Օբաման զբաղված է Սպիտակ տունը ԼԳԵՊ-ական գույներով ներկելով եւ ամուսնական առաջարկներ է ստանալով, արդեն իսկ ակնարկ է, որ իրավիճակի նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքն առնվազն ոչ ադեկվատ է:
Իսկ ահա Եվրոպան, բացի Հունաստանից, արդեն նաեւ ստիպված է աչքն Ուկրաինայից եւս չկտրել: Ռուսական գազամատակարարումը ռեալ վտանգի տակ է, ու եթե հունականին գումարվի գազային ճգնաժամի մասին թեկուզեւ ակնարկը, ապա արդեն դժվար կլինի ասել, որ դեռ քիչ թե շատ կառավարելի այս քաոսային իրավիճակը ինչ անկառավարելի գործընթացների մեկնարկ կարող է դառնալ:
Եվ, վերջապես, որ այս բոլոր իրողությունները էլ ավելի ռեալ են դարձնում առաջիկա աշնանը դոլարի մեծ պայթյունի մասին կանխատեսումները, իր հերթին դժվար չէ տեսնել: Այդ դեպքում արդեն բոլոր դոլարային պարտքերը միանգամից «կջրվեն»:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk