ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ԱՂԲԱՄԱՆՆԵՐԸ ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻՆ

ԱԺ արտահերթ նիստը ընդամենը մեկ` Զարուհի Փոստանջյանի դեմ քվեով վավերացրեց «էլեկտրական» բողոքների հաճելի եւ օգտակար «հավելվածներից» մեկը` սպառազինություն ձեռք բերելու համար նախատեսված ռուսական վարկը: Ճիշտ է, ելույթները շատ էին, սակայն միակ ապակառուցողականը Զարուհի Փոստանջյանինն էր: Մյուսները կա՛մ դրական կարծիք էին հայտնում այդ ծրագրի վերաբերյալ, կա՛մ օգտվում թեմայից` ի ցույց հանելու սեփական «ինտելեկտի զորությունը», կամ էլ` հերթական պոպուլիստական կարգախոսները հնչեցնելու:
ՌՈՒՍԱՖՈԲԻԱՆ` ՈՐՊԵՍ ՄՈՌԱՑՎԱԾ ԿԱՏԵԳՈՐԻԱԱրտահերթ նիստի ընթացքը ի ցույց հանեց այն հանգամանքը, որ բացառությամբ շատ քչերի` քաղաքական գործիչներն այժմ ձգտում են հեռու մնալ ակնհայտ հակառուսական դիրքորոշումից: Դրա վկայությունն է ե՛ւ ռուսական ռազմական վարկի քվեարկությունը, ե՛ւ այն, ինչ հնչել է խորհրդարանում եւ խորհրդարանից դուրս:
Բավականին հետաքրքիր էր հուլիս ամսվա առաջին օրով լսել ուղնուծուծով ամերիկաամետ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հարցազրույցը: Սույն քաղաքագետը, որն օրեր առաջ Բաղրամյան պողոտայում հրապարակավ երդվում էր, որ եթե հանկարծ ոստիկանությունը ուժի կիրառումով ցրի ցուցարարներին, ապա ՀՀԿ-ին անհապաղ կհեռացնեն ԵԺԿ-ից, այժմ դատողություններ անելով Հայաստանի անվտանգության համակարգի մասին` հայտարարեց, որ ռուսական ռազմաբազան` որպես անվտանգության բաղադրիչ, այժմ այլընտրանք չունի:
ՈՒ այլընտրանքը կարող է գոյանալ միայն մի դեպքում` եթե ՆԱՏՕ-ն գործուն միջոցներ ձեռնարկի` Թուրքիայի եւ Ադրբեջանի ագրեսիվությունը չեզոքացնելու ու հայ-թուրքական սահմանը ապաշրջափակելու համար: Ճիշտ է, նա դեռեւս ավելորդ էր համարում Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, բայց ուշագրավ է, որ հայ-ռուսական ռազմական համագործակցության եւ ռուսական ռազմահենակետի անհրաժեշտությունը նույնիսկ չնչին կասկածի տակ չի դնում:
Արձանագրենք` մեր երկրում անհետացող տեսակ է դարձել ռուսական զորքը դուրս բերել պահանջողների դասը, ու երեւի թե շուտով մարտնչող հակառուսական ելույթներ կկարողանանք գտնել թերեւս միայն արխիվներում: Այսինքն` բոլորը գնալով ավելի ու ավելի են համակերպվում այն իրողությունների հետ, որ ԵՏՄ անդամակցության տրամաբանական հետեւանք են, ու դա վերաբերում է նաեւ արեւմտյան ծագումնաբանություն ունեցող կառույցներին եւ գործիչներին: Դե, հասկանալի է ինչու` հաշվի առնելով ե՛ւ օբյեկտիվ գործոնները, ե՛ւ հանրային կարծիքը, ոչ ոք չի ուզում դուրս մղվել լուսանցք: Բաղրամյան պողոտան փակած աղբարկղների շարանը դարձել է կենդանի հիշեցում, թե քաղաքական առումով ինչ է սպասվում ծայրահեղական գործիչներին:
ԱՂԲԱՐԿՂԸ` ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱՏԵԳՈՐԻԱ
«Էլեկտրական» բողոքների ընթացքում Բաղրամյան պողոտայի աղբարկղները բավականին սրընթաց կլանել են շատ-շատերին: ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» պատգամավորները ցուցարարների եւ ոստիկանների միջեւ «կենդանի պատ» կազմելու ընթացքում քաղաքականապես արժեզրկվեցին, քանզի պատի «շինանյութի» կարգավիճակից այն կողմ այդպես էլ չկարողացան անցնել, ակնհայտորեն երեւաց, որ բացառվում է նրանց կողմից պատրաստի շարժումը գլխավորելու տարբերակը: Այդպես պատահեց նաեւ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող նախագծի հետ: Այդպես պատահեց եւ տարատեսակ արտախորհրդարանական ուժերի հետ:
Սակայն երիտասարդական շարժմանը տիրանալու եւ այն մայդանային ուղղությամբ շուռ տալու փորձերը չեն դադարում: Այն բանից հետո, երբ «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգողները հեռացան Բաղրամյան պողոտայից, սակայն ցուցարարների զանգվածի կեսը մնաց տեղում, շատերը փորձեցին գլխավորել այդ կեսին: Սկզբում «Հիմնադիր խորհրդարանի» կադրերն էին, սակայն նրանց մոտ բան չստացվեց, արմատական կարգախոսները լայն արձագանք չգտան, փոխարենը ցույցի վայրում հայտնվեցին տարատեսակ վարկաբեկիչ կերպարներ, որոնց ցուցադրումը ուղիղ հեռարձակման ռեժիմում քաղաքացիներին պարզապես վանում էր Բաղրամյան պողոտայից:
Իսկ հետո սէֆիլյանականներին փոխարինելու եկան թեեւ երիտասարդ, սակայն թունդ արեւմտամետ եւ լիբերալ կադրերը: Կազմվեց նոր կազմկոմիտե, ուր ընդգրկվեցին «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» ջահելները: Նույնիսկ «Ժառանգության» խոսնակ Դավիթ Սանասարյանը կիսատ թողնելով եվրոպական ուսումը` վերադարձավ Երեւան, որպեսզի Բաղրամյան պողոտայում ելույթներ ունենա: Ամեն ինչ արվում էր, որպեսզի տպավորություն ստեղծվի, թե «նորացված» շարժումը նախորդ, ամբողջովին երիտասարդական շարժման շարունակությունն է: Դավիթ Սանասարյանը առաջ քաշեց մի թեզ, որից ցանկացած քաղաքագետի մազերը բիզ-բիզ կկանգնեն` թե պետք չէ խուսափել քաղաքականացումից, որ կեցցե քաղաքականացումը, բայց կորչի կուսակցականությունը: Բայց, դժվար թե, «նարնջագույն» կուսակցությունների ականջները հաջողվի տեւական ժամանակ թաքցնել հանրությունից: Իսկ «ապակուսակցական քաղաքականացումը» չինական այբուբեն է մնում ոչ միայն ՀՀ հասարակ քաղաքացիների ջախջախիչ մեծամասնության, այլ անգամ ակտիվ ուսանողության համար:
Իսկ կրկնօրինակումը նաեւ որոշակի դրամատիկ հետեւանքներ ունեցավ: Ճիշտ է, «առաջադիմական» ռոքի փոխարեն ազգային երգ ու երաժշտություն հնչեցնելը դրական բան է, սակայն լրիվ անփորձ պատանիների կողմից «Բերդ» պարը պարելու փորձը հանգեցրեց նրանցից մեկի` վնասվածքներով շտապօգնության մեքենայով տանելուն: Համ էլ, կրկնօրինակման գործելաոճը ինքնին թույլ գործելաոճ է, եւ չի կարող այնպես լինել, որ մի գեղեցիկ օր, կամա թե ակամա, երիտասարդ «ժառանգականների» եւ «ազատ դեմոկրատների» մոտ դուրս չժայթքի լիբերաստությունը, հանդուրժողական վերաբերմունքը գենդերի նկատմամբ, պաշտամունքն առ Ամերիկա եւ այլն: Առավել եւս, որ նույնիսկ խնամքով այդ ամենը թաքցնելու դեպքում «Ֆեյսբուքի» դարաշրջանում համացանցում անպայման կհայտնվեն այդ երիտասարդ արեւմտամետ գործիչների իրական նկարագիրը ներկայացնող նյութեր:
Այնպես որ, դժվար չէ կանխատեսել, որ այս փորձի նախաձեռնողներին էլ քաղաքական առումով անհամբեր սպասում են Բաղրամյան պողոտայի աղբամանները, որպեսզի ախորժելի ձայն հանելով` կլանեն:
Հիմա, ի դեպ, շատերն են իրենց հարց տալիս` ինչու ոստիկանությունը չի ցրում Բաղրամյան պողոտայի ցուցարարներին, երբ գիշերային եւ առավել եւս շոգ կեսօրի ժամերին նրանք ոչ թե քիչ են, այլ ահավոր քիչ: Բայց նայելով քաղաքականացման փորձերի ընթացքին, կռահում ես` ինչու ցրեն, ինչու հեռացնեն աղբամանների շարքերը, եթե այդ աղբամանները լավ սրընթաց տեմպով էլ կլանում են բոլոր նրանց, ովքեր վաղուց պատկանում են քաղաքական թափոնների դասին, բայց իներցիայով դեռ շարունակում են համարվել քաղաքական դերակատար:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk