ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵՐԻՑ ՀՈՒՇԵՆ` ԻՆՉ ԱՆԻ»
Արխիվ 12-16ՀՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ. «ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻՆ ՊԵՏՔ Է
ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏԵՂԵՐԻՑ ՀՈՒՇԵՆ` ԻՆՉ ԱՆԻ»
Արդեն հայտնի է, որ գյումրեցի Ավետիսյանների ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին հանձնելու են ՀՀ իրավապահներին: Սա կարելի է ասել գրեթե ողջ հայ հանրության պահանջն էր: Մինչդեռ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն այսօր հայտարարեց, որ Պերմյակովի գործի փոխանցումը չի ազդելու արդար դատաքննության վրա: «Իրավունքը» ՀՀԿ եւ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանից ու Մարտուն Գրիգորյանից պարզեց` ՀՀ-ին հանձնելու որոշումն ինչպես կանդրադառնա քրեական գործի վրա: «Լրացուցիչ վստահություն կունենա մեր ազգաբնակչությունը ՌԴ-ի հանդեպ: Երկրորդ` երկու երկրների`որպես ռազմավարական դաշնակիցների համար սա փոխվստահությունն ամրապնդելու միջոց է: Հատկապես գյումրեցիները պահանջում էին գործը հանձնել ՀՀ-ին»,- ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Պերմյակովի գործի փոխանցումը չի ազդելու արդար դատաքննության վրա, իրավապահներին հանձնելը հանրության աչքերին թոզ փչել է, ՀՀԿ պատգամավորն ասաց. «Չեմ ընդունում նման հայտարարությունները, որովհետեւ Զարուհի Փոստանջյանն առաջին օրվանից բողոքում էր, մեղադրում էր ՀՀ իշխանություններին, թե նրանք հետեւողական չեն, չեն ուզում այդ գործով զբաղվել: Հիմա քանի որ այդ խնդիրը լուծվել է, ինքն էլ անբավարարված է, պետք է նոր բան գտնի կամ հուշեն համապատասխան տեղերից, թե ինչ պիտի անի: Դրա համար էլ ինքն այսօր չի կողմնորոշվում»:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանի խոսքով էլ Պերմյակովիփոխանցումը ՀՀ-ին բոլորիս պահանջն է: «Դեռ փոխանցման գործընթացը չի սկսվել, բայց դա կնպաստի հանգամանալից ինֆորմացիա ստանալ սպանության պատճառի մասին»,- ասաց պատգամավորը:
Անդրադառնալով Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, Մարտուն Գրիգորյանը
դժվարացավ մեկնաբանել`ասելով. «Ինքն ավելի լավ կմեկնաբանի: Բայց ես մյուս տեսանկյունից եմ նայում` եթե հանկարծ Պերմյակովին չհանձնեին ՀՀ-ին, պիտի ասեին` էնքան չկանք, որ մեզ չեն հանձնում գործը: Ամեն դեպքում հունվարի 15-ին Շիրակի մարզի դատախազության առջեւ գյումրեցիները բողոքում էին եւ պահանջում ՀՀ-ին հանձնել Պերմյակովին եւ համոզվել` ոճրագործը Հայաստանում է: Այդ ամեն ինչին մասնակցում էր Զարուհի Փոստանջյանը: Ուղղակի այն ժամանակ ասում էին` հիմա հանձնեք, բայց դա պրակտիկորեն հնարավոր չէր»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk