ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆ. «ՄԵՐ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՄԻՋԱՄՏԵԼ»
Արխիվ 12-16ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆ. «ՄԵՐ ՄԱՐԶԱՁԵՎՈՒՄ ՉԷԻՆ ԿԱՐՈՂ ՄԻՋԱՄՏԵԼ»
Բաքվում անցկացված Եվրոպական առաջին մարզական խաղերը ադրբեջանական գովազդն ապահովելու համար էին նախատեսված, ուստի դրանց մարզական նշանակությունը ի սկզբանե մղված էր երկրորդ պլան: Այս ամենի լավ արտացոլումը երեւաց, երբ ակնհայտ դարձավ, որ անգամ մրցավարական գործողությունները բացարձակ չէին համապատասխանում միջազգային բնույթի մրցաշարերին:
Մի խոսքով՝ չնայած հսկայական գումարին, որն օգտագործվել էր խաղերը կազմակերպելու համար, Ադրբեջանն ամեն բան անցկացրեց իրեն հատուկ եղանակով, եւ արդյունքում՝ Եվրոպական օլիմպիադա հորջորջված այդ միջոցառումն այդպես էլ չդարձավ մարզական տոն եւ որպես այդպիսին՝ կարեւոր արժեք ձեռք չբերեց: Հայ մարզիկներն էլ ստիպված էին Բաքվից վերադառնալ մեկ արծաթե մեդալով, անկախ նրանից` որքանով էր մեր այս կամ այն ներկայացուցիչը պատրաստ մրցակցության: Այսինքն՝ նման խաղերում չտուժելու համար պարզապես պետք էր ներկայացնել մարզաձեւ, որում մրցավարների միջամտությունը մինիմալ է: Ուստիեւ՝ հրաձիգ ՀՐԱՉԻԿ ԲԱԲԱՅԱՆԸ համեմատաբար լավ տպավորություններով է վերադարձել:
«Բաքվում ամեն ինչ նորմալ էր, մեզ շատ լավ դիմավորեցին, հսկում էին մեր անվտանգությունը, լավ էլ ճանապարհեցին»,- մեզ հետ զրույցում նշեց հայ մարզիկը: Իր ելույթների մասին երիտասարդ հրաձիգն ասաց. «Ելույթներիցս գոհ եմ, որովհետեւ արդյունքս երիտասարդների ռեկորդ էր, ու առաջին անգամ կարողացա անցնել եզրափակիչ` մեծահասակների պայքարում: Եզրափակչիս արդյունքը նույնպես լավ եմ գնահատում. մեկ կրակոցի պատճառով դուրս մնացի պայքարից, քանի որ կրակոցս մի փոքր շուտ ստացվեց»:
Իսկ մրցահարթակում տիրող ճնշման մասին, որն ամենաշատն է քննարկվել մեր պատվիրակության կողմից Հրաչիկ Բաբայանն ասաց. «Ճնշում չկար, քանի որ հրաձգությունն այնպիսի մարզաձեւ է, որ անգամ մեծ ցանկության դեպքում նրանք չէին կարող միջամտել, խանգարել կամ ճնշում գործադրել: Այլ մարզաձեւերի դեպքում չեմ կարող ասել ճնշումներ եղել են, թե` ոչ»:
Հիշեցնենք, որ հրաձգության մրցաշարում 18-ամյա Հրաչիկ Բաբայանը մասնակցեց հրացանի 50 մետրից 3 դիրքով վարժությանը եւ գրավեց 29-րդ տեղը: Որակավորման փուլում 2014թ. պատանեկան Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոնը գրանցեց 1131 միավոր, իսկ եզրափակիչ դուրս եկան 1-8-րդ տեղերը գրաված հրաձիգները: Հրաչիկ Բաբայանը Եվրոպական խաղերում մասնակցել էր նաեւ 10 մետր օդամուղ հրացանով վարժությանը, որում գրավել էր 5-րդ տեղը:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk