ՈՐՔԱՆՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ
Արխիվ 12-16ՈՐՔԱՆՈՎ ՏՈՒԺԵՑԻՆ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ «ՕԿՈՒՊԱՑՎԱԾ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՋԱԽՆԵՐԸ
Ավելին քան մեկ շաբաթ Երեւանի կենտրոնում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիան ոչ միայն փակել էր Բաղրամյան պողոտայի երթեւեկությունը, այլեւ հարակից մշակույթի հաստատությունների մուտքն ու ելքը: Մասնավորապես այդ ամենի կիզակետում հայտնվել էր Հայաստանի գրողների միության շենքը` իր նորաբաց գրողների այգիով, Ա. Խաչատրյան եւ Ավ. Իսահակյան տուն-թանգարանները, ինչպես նաեւ Ճարտարապետների միության շենքում տեղավորված «32» թատրոնը, որը կարծես թե հայտնվել է շրջափակման մեջ` արդյունքում գրեթե տասը օր խափանվել է թատրոնի աշխատանքը: Օրերս էլ, ստեղծված իրավիճակի արդյունքում տղաները ստիպված եղան չեղյալ հայտարարել «Պարույր Սեւակ» ներկայացումը:
«ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՂԵԼ Է ՀԱՆԴՈՒՐԺՈՂ»
Ինչեւէ, «Իրավունքը» նախ այցելեց Գրողների միություն, որի նորակառույց այգին`
հատկապես վերջին 2 օրը, պարզապես վերածվել է բացօթյա ննջարանների: Այդուհանդերձ, մեզ հետ զրույցում ՀԳՄ նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ ասաց, որ չնայած ստեղծված իրավիճակին` իրենք աշխատել են ամեն օր:
- Մեր Միությունն ունի իր խմբագրությունները, աշխատակազմը, ունենք աշխատակիցներ, որ մինչեւ երեկոյան 9-10-ը աշխատում են: Այնպես որ, այդ ընթացքում միության դռները բաց են եղել` ելումուտ է եղել: Բնականաբար` մենք եղել ենք հանդուրժող, մտածել ենք, որ մի քանի օր է, կանցնի, որովհետեւ մարդիկ բոլորիս հուզող հարցն են բարձրացրել: Այս օրերին չկա այնպիսի մարդ, որ ասի` դեմ մի եղեք, ես ուզում եմ, որ էլեկտրաէներգիան թանկանա: Սա բոլորիս խնդիրն է: Կարծում եմ` ճիշտ որոշում եղավ, որ աուդիտ լինի, խորքից քննվի գործը` հատկապես երիտասարդների մասնակցությամբ:
«ՆԿԱՏԱԾ ԿԼԻՆԵԻՔ, ԹԵ ԻՆՉ ԳԵՂԵՑԻԿ ԷՐ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՅԳԻՆ»
-Միության հարեւանությամբ գրողների նոր կառուցված այգին` դեռ չբացված, փաստորեն հայտնվեց անմխիթար վիճակում:
- Այո, այգու ամբողջ խոտերը ոտնատակ է արված: Այդպես է, երբ շատ ժողովուրդ է հավաքվում մի տեղ, ամեն ինչ էլ հնարավոր է, մեղադրելու չէ, ուղղակի, ամեն ինչ պիտի օրինականության սահմաններում լինի: Եթե մի հարց ես բարձրացնում, ապա այն արա մի ուղղությամբ եւ մի խաթարի մարդկանց ազատ քայելու եւ աշխատելու իրավունքը: Բոլորն էլ
տեսնում են, թե ինչպես է ոտնատակ արվել այգում ամեն ինչ, իսկ մինչ այդ, երբ նոր էր այգում շինարարությունն ընթանում, ասում էին, թե կանաչ արածքը քիչ է, արդյունքում, երբ կանաչ տարածք եղավ, հիմա էլ` այս օրն ընկավ: Հիմա նորից կվերականգնենք այգին: Այնտեղ ծառեր ունեինք, որ տնկել էին տարբեր երկրների գրողներ: Երեկոյան անցնելիս` երեւի թե նկատած կլինեիք` ինչ գեղեցիկ էր Գրողների միության այգին, յուրաքանչյուր երկրի գրողի տնկած ծառի վրա մի լույս էր վառվում` ու այդ լուսարձակների վրա` տվյալ երկրի դրոշը: Բնականաբար, ընթացքում կվերականգնենք այգու նախկին տեսքը:
«ԱՅԴ ՕՐԵՐԻՆ ԳՐԱԽԱՆՈՒԹԸ ԳՈՐԾՈՒՄ ԷՐ»
-Տարածքում գտնվող գրախանութի աշխատանքները եւս չե՞ն խոչընդոտվել:
- Այդ օրերին գրախանութը գործում էր, մարդիկ մտնում դուրս էին գալիս, բայց արտառոց բան չի գրանցվել, որ նրանք գրախանութին վնասեին: Սկզբնական շրջանում շատ գրագետ էր ամեն բան ընթանում, պահանջ կար, բայց գնալով իհարկե այլ խնդիրներ, այլ մարդիկ առաջ եկան, արդեն մի քիչ թամաշայի է վերածվում:
«ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, ՈՐ ԲՈԼՈՐՆ ԱՅԴՏԵՂ ԳԱՅԻՆ` ՊԱՏ ԿԱԶՄԵԼՈՒ»
-Այս ընթացքում մշակույթի, արվեստի ու շոու-բիզնեսի որոշ գործիչներ կենդանի պատ էին կազմել, բայց, կարծես թե, գրողներից չնկատեցինք:
- Եղել են, մեր գրողներն էլ են եղել: Ունենք 504 անդամ, որից 100-ը արտասահմանում են, մեծ մասն այստեղ է, ու պարտադիր չէ, որ բոլորն այդտեղ գային` պատ կազմելու: Գրողների միությունը մանկապարտեզ չի, ամեն մարդ մտածում է իր ձեւով, մեկը գրում է, մյուսը` ելույթ ունենում, հաջորդը` պատ կազմում: Ի՞նչ պարտադիր է, որ բոլորը գային արեւի տակ կամ գիշերը կանգնեին այդտեղ ու պատ կազմեին: Բնականաբար, մենք ունենք մեր որոշակի խմբերի կարծիքը, բայց ամեն ինչ պետք է հասկանալիության սահմաններում անել, որ պղտոր, անհասկանալի վիճակ չստեղծվի, մեկն ասում է` Բաղրամյանում եմ կանգնում, մյուսը` Օպերայում... Խնդրի լուծման առաջարկներ եղել են, ուրեմն` պետք է քննարկվի, եւ քայլ առ քայլ գնանք դեպի խնդրի լուծմանը: Սա բոլորիս է անհրաժեշտ` ՀՀ կառավարությանը, ՀԷՑ-ի տնօրինությանը, ՌԴ կառավարությանը: Չեմ կարող ասել, թե ինչ կլինի, բայց կարծում եմ` խելամիտ ճանապարհն այն է, որ իրար հետ աշխատելով,
քննարկելով` մասշտաբային եւ թափանցիկ ներկայացվի հարցը:
ՆՍՏԱՑՈՒՅՑԸ ՆՊԱՍՏԵԼ Է ԳՐՔԵՐԻ ՎԱՃԱՌՔԻՆ
«Իրավունքի» հետ զրույցում գրախանութի աշխատակիցը չցանկացավ ներկայանալ, միայն ասաց, որ նստացույցի շնորհիվ շատերը իմացել են գրախանութի տեղը, ինչն էլ նպաստել է գրքերի վաճառքին: Ըստ նրա` նույնիսկ եղել են երիտասարդներ, որոնք գիրք են խնդրել աշխատակցուհուց, կարդացել գիշերն ու առավոտյան կրկին վերադարձրել:
ԱՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ 2 ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՀԵՏԱՁԳՎԵԼ Է, ՈՒ 4 ՕՐ ԱՅՑԵԼՈՒ ՉԻ ՈՒՆԵՑԵԼ
Այս ընթացքում խաթարվել է նաեւ Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի աշխատանքը` նույնիսկ թանգարանի տնօրինությունը ստիպված է եղել հետաձգել 2 միջոցառում: Արդյունքում` թանգարանը 4 օր այցելու չի ունեցել: Միայն վերջին երկու օրն է, որ հաջողվում է այցելուներին գնալ թանգարան, սակայն նվազ քանակով: Մեզ հետ զրույցում թանգարանի տնօրեն ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասաց, որ անկախ ամեն ինչից, թանգարանն աշխատում է եւ աշխատանքային ժամերը չեն փոխվել. «Աշխատակիցները մի փոքր դժվարությամբ, բայց պարտադիր ամեն օր ներկա են աշխատավայրում: Այս պահին էլ թանգարանի համերգասրահում համերգ է ընթանում, այսինքն` մեր միջոցառումները ընթանում են իրենց բնականոն ձեւով: Իհարկե անհանգստություն կար, որովհետեւ թանգարանում բացի այցելուներ ընդունելուց, մենք պիտի պահպանենք թանգարանի ողջ արխիվը, ցուցադրվող նյութերը, իրերը: Բայց այս պահին կարող եմ ասել, որ խնդիր չունենք, հուսով եմ` այդպես էլ կշարունակվի»,- հույս հայտնեց տնօրենն ու ենթադրելով` ասաց, որ այցելուները զգուշանալով չեն եկել թանգարան, գուցե ըմբռնումով են մոտենում, որ ինչ-որ հարցեր են լուծվում:
Տնօրենը նաեւ փաստեց, որ հետաձգված 2 միջոցառումը տեղափոխվել է աշնանը. «Մեկը երաժշտական դպրոցի հաշվետու համերգ էր, որը տեղափոխվեց աշնանը` դպրոցի տնօրենի խնդրանքով, որովհետեւ շատ երեխաներ պիտի գային, զգուշանալու համար համերգը տեղափոխվեց հոկտեմբերին: Մյուսն էլ` կրթական ծրագիր էր, որը նույնպես տեղի կունենա աշնանը»:
Ա. Գրիգորյանը տեղեկացրեց, որ թանգարան հասնելու համար կա եւս մեկ ճանապարհ` Կասկադի կողմից, ինչն էլ վերջին 2 օրերին օգնում է այցելուներին հասնել թանգարան. «Հիմնականում այդ ճանապարհի շնորհիվ է, որ երեկ մի ողջ դասարան` ուսուցիչների հետ եկել էին` կրթական ծրագրի մասնակցելու, դրանից հետո հյուրընկալեցինք Վանաձորի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական քոլեջի սաներին, որոնք հանդես եկան համերգով: Երեկոյան մեր համերգասրահում էլ ունեցանք եւս մեկ միջոցառում: Այսօր եւս ունենք միջոցառում, վաղը` մեր ավանդական համերգային հինգշաբթին է լինելու: Այնպես որ, սպասում ենք այցելուներին, որովհետեւ այս պահին քաղաքում աշխույժ տուրիստական շրջան է, եւ բավականաչափ զբոսաշրջիկներ կան տարբեր երկրներից: Հուսամ` նրանք հնարավորություն կունենան այցելել մեր թանգարան, որն այս օրերին գտնվում է ամենաթեժ վայրում` Բաղրամյան պողոտայում»:
ԹԱՆԳԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՉԵՆ ԽԱԹԱՐՎԵԼ` ԲԱՂՐԱՄՅԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՆԵՆ 2 ՃԱՆԱՊԱՐՀ
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը թերեւս քիչ «տուժածներից» է, ինչպես մեզ հետ
զրույցում տեղեկացրեց թանգարանի տնօրեն ՀԱՍՄԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ` թանգարան հասնելու համար բացի Բաղրամյան պողոտայից, կա եւս 2 ճանապարհ. «Գիտությունների ակադեմիայի եւ Կասկադի կողմից եւս կա ճանապարհ դեպի թանգարան: Այս օրերին աշխատողներն առանց արգելքի հասնում են աշխատանքի: Այցելություններ էլ ենք ունեցել, ուղղակի ամառվա ամիսներին, ինչպես գիտեք, մի քիչ պակասում է թանգարանի այցելուների թիվը, քանի որ մեր հիմնական այցելուները դպրոցականներն ու ուսանողներն են, իսկ հիմա հանգստի շրջան է»,- ասաց Հ. Մելքոնյանն ու տեղեկացրեց, որ այս մի քանի օրերին նախատեսված միջոցառումները չեն հետաձգել. «Այսօր էլ ունենք միջոցառում` Իսկահակյանի անվան դպրոցի շրջանավարտների ատեստատների հանձնման արարողությունն է լինելու, ինչպես նաեւ մի քանի պայմանավորված խմբեր ունենք` Համալսարանի մշակութաբանական ֆակուլտետի ուսանողներին ենք սպասում, այնպես որ, թանգարանն իր բնականոն աշխատանքը շարունակում է»:
Վերջում տնօրենն իր եւ աշխատակիցների համակրանքը ցուցաբերեց «Ո՛չ թալանին» նախաձեռնող երիտասարդների վերաբերյալ. «Ամեն դեպքում, բոլորս ենք մեր կաշվի վրա զգում այդ թանկացումները, որոնք միայն հոսանքի հետ կապված չեն, հույս ունենք` ելք կգտնվի»:
Ներկայացրեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk