ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾՆՆԴԱՏԱՆԸ
Արխիվ 12-16ԻՆՉ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԾՆՆԴԱՏԱՆԸ

Երեկ առավոտյան Երեւանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի կենտրոնում արտակարգ դեպք է գրանցվել: Ամուսինը եկել է հիվանդանոց, կրակել ժամեր առաջ կեսարյան հատմամբ ծննդաբերած կնոջ վրա, ապա՝ ինքնասպան եղել: Ամուսնու՝ Հայկ Վարդանյանի մոտ իրավապահները երկու զենք են հայտնաբերել: Ըստ նախնական վարկածի` կինը նստած է եղել բազմոցին, երբ ամուսինը կրակել է նրա ուղղությամբ: Դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել:
Կնոջ առողջական վիճակի մասին առողջապահության փոխնախարար ԳԱԳԻԿ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԸ դեպքից շատ չանցած մեզ տեղեկացրեց. «Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտում վիրավորված կինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, կատարվել են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները, այդ թվում կոմպյուտերային տոմոգրաֆիա: Կինը գտնվում է ծանր վիճակում, ունի հրազենային վնասվածքներ: Նրա բուժումը կազմակերպելու համար գումարվել է մասնագիտական կոնսիլիում: Աշխատանքները կոորդինացնում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: Ամենայն հավանականությամբ, կարիք կլինի նեյրովիրաբույժի միջամտության, որովհետեւ կա գանգուղեղի վնասվածք: Մեկ փամփուշտ գտնվում է թիակի հատվածում»:Իսկ ահա երեկոյան կողմ արդեն, ինչպես մեզ հետ զրույցում ասաց ԱՆ մամլո պատասխանատու Ա. ՀԱՅԹԱՅԱՆԸ. «Երեք ժամ տեւած վիրահատության ընթացքում կատարվել է հրազենային գանգուղեղային վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում: Պարզվել է, որ կնոջ մոտ առկա է ծոծրակոսկրի բեկորային ներհրված կոտրվածք, միջաձիգ սինուսի վնասվածք, ուղեղիկի ձախ կիսագնդի ներուղեղային արյունակույտ եւ կոնտուզյոզ օջախ: Արյունահոսությունը դադարեցվել է, հեմատոման` հեռացվել: Վիրահատությունն ավարտվել է բարեհաջող, մասնագետները կնոջ վիճակը գնահատում են կայուն ծանր: Հետվիրահատական շրջանում պահպանվում է արհեստական շնչառությունը»:
Նշենք, որ 27-ամյա կինը, ինչպես մեզ հաջողվեց պարզել, Արարատի մարզի Դվին գյուղից է, երկու տարի առաջ է ամուսնացել: Դվինի գյուղապետ Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ խոսքով.
- Ծնողներից երբեւէ չեմ լսել, որ աղջիկը ընտանեկան խնդիրներ կամ տարաձայնություններ ունի: Հակառակը` հարազատների փոխանցմամբ՝ զույգը երկար ժամանակ երեխա չի ունեցել, ու այս փոքրիկը երկար սպասված պտուղ էր: Ծնողների պատմելով՝ իրենց դստեր ամուսինը` Հայկը, շատ երջանիկ էր հայր դառնալու պահին, եւ նրա արարքը բացատրել չեն կարող:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած կնոջ հոր` ԱՐԳԱՄԻ հետ, ով սակայն ի վիճակի չէր ոչինչ ասելու, հուզմունքը հազիվ զսպելով` միայն ասաց. «Ա՜խ, որ իմանայի ի՞նչն է պատճառը, ի՞նչ խնդիր է եղել, չգիտեմ... Հանգիստ թողեք էլի»:
Բայց ահա երեկ օրվա երկրորդ կեսին բավականին տհաճ խոսակցություններ սկսեցին մտնել շրջանառության մեջ: Նման լուրերի աղբյուրներն ակնարկում են, թե երեխայի ծննդով անչափ ուրախացած հորը այդ առիթը բավականին երկար նշելուց հետո ոմանք ակնարկել են, թե այդ ինչպե՞ս եղավ, որ այդքան երկար սպասելուց հետո կինդ հանկարծ երեխա ունեցավ: Թե այդ ակնարկները հիմնավորող փաստեր հորը` Հ. Վարդանյանին ներկայացրել են, հիշատակված աղբյուրները շրջանցում են, ընդգծելով միայն, որ զինված ծննդատուն գնալը արդեն իսկ խոսում է, որ սպանությունը նախապատրաստված էր, եւ որ անակնկալ շարժառիթներն առաջ էին եկել երեխայի ծնվելուց հետո` անցած ժամերի ընթացքում: Չնայած՝ շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ կնոջը սպանելու դրդապատճառ Հայկն ավելի շուտ էր ունեցել, եւ սպասել էր մինչեւ ծննդաբերությունը: Եվ վերջապես, կա նաեւ վարկած, որ Հայկը հոգեկան խանգարում ուներ, որը սրվել է երեխայի ծնունդը «հավուր պատշաճի» նշելու արդյունքում:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝