«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է»
Արխիվ 12-16«ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՏԱՆԴ ՎԵՐՑՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ Է»
«Եթե ՀՀ խորհրդարանում կա մեկ պատգամավոր, ով վստահ է իր ուժերի վրա, որ կարող է Ադրբեջանի կողմից պատանդ վերցված Եվրոպայի խորհրդում աշխատել շատ ավելի արդյունավետ, քան աշխատում է մեզնից յուրաքանչյուրը, ինքս պատրաստ եմ «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով իմ տեղը զիջել այդ առավել արդյունավետ աշխատող պատգամավորին: Մենք, ըստ էության, աշխատում ենք Միլի Մեջլիսում, քանի որ Եվրոպայի խորհուրդն այսօր Ադրբեջանի կողմից պատանդ վերցված կազմակերպություն է», - ահա այսպիսի եզրակացության է եկել ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ` վերադառնալով Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ ամառային նստաշրջանից, ինչի մասին երեկ կայացած ասուլիսի ժամանակ անկեղծացավ լրագրողներիս հետ:
Անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանյան պատվիրակության հաղթանակին` առ այն, որ հաջողվեց ադրբեջանական հակահայկական զեկույցից հանել «ԼՂ օկուպացված տարածքներ» տերմինը, տիկին Զոհրաբյանը համարեց դա աննախադեպ, ինչպես աննախադեպ էր այն, որ պատվիրակության թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր ներկայացուցիչներն այս անգամ ոչ թե հակադարձում են իրար, այլ գովերգում. «Ուղղակիորեն, փայլուն աշխատեցին Եվրոպական միությունում մեր մի քանի դեսպանները, եւ ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել: Հրաշալի աշխատեցին Սփյուռքի մեր մի քանի կառույցներ, եւ իհարկե, փայլուն աշխատեց մեր պատվիրակության յուրաքանչյուր անդամ: Այո՛, մենք` մեր երկրի ներսում տարբեր քաղաքական ուժերս, կարող ենք ունենալ տարաձայնություններ եւ ունենք: Ու ազատ ենք` մեր տարաձայնությունները հրապարակային հայտնելու, բայց շատ կարեւոր է, որ կարողացանք միջազգային հարթակներում հանդես գալ որպես մեկ միասնական թիմ»: Ապա ավելացրեց. «Մենք հասկանում էինք, որ միջազգային որեւէ փաստաթղթում` անկախ նրանից այդ փաստաթուղթը իրավական ուժ ունի, թե` ոչ, չի կարող սպրդել մի ձեւակերպում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը երբեւէ չի եղել որեւէ միջազգային փաստաթղթում: Իսկ Ադրբեջանի նպատակն էր անել հնարավորը, որպեսզի նույնիսկ զեկույցի ամբողջ տեքստը հանվի, միայն թե այդ տերմինը մնա: Ընդհուպ իրենք համաձայն էին, որ տեքստում արձանագրվի, որ Ալիեւը Եվրոպայի վերջին դիկտատորն է, որ ադրբեջանական բանտերը լցված են լրագրողներով, ակտիվիստներով, քաղբանտարկյալներով, որոնք կտտանքների են ենթարկվում եւ պատրաստ էին կողմ քվեարկել հակաադրբեջանական ցանկացած ձեւակերպման, միայն Վեհաժողովը այդ ձեւակերպումն ընդուներ այդ տերմինը եւ ասեր, որ քաջատեղյակ է ԼՂ-ի եւ 7 տարածքների օկուպացիայի մասին»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk