ՕՏԱՐ ՇՈՒՆՈՒՇԱՆԳՅԱԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ
Արխիվ 12-16ՕՏԱՐ ՇՈՒՆՈՒՇԱՆԳՅԱԼԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱԴԱՇՏՈՒՄ

Բաղրամյան պողոտայում մեկ շաբաթից ավելի տիրող իրավիճակը Քարդաշյանի` Հայաստան այցից ոչ պակաս լուսաբանվեց միջազգային մամուլով: Սակայն այս դեպքում ավելի շատ էր ապատեղեկատվությունն ու երեւանյան «մայդան» բղավողների հիստերիան: Ամփոփելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ կազմակերպված ցույցի ողջ ընթացքում մեդիա դաշտի աշխատանքը` «Իրավունքը» զրուցեց տեղեկատվական անվտանգության փորձագետ, բլոգեր ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ.
–Տեղեկատվական անվտանգությունն առաջին մի քանի օրը բավականին թույլ վիճակում էր, որովհետեւ էլի ներխուժեցին օտար խաղացողներ, հիմնականում` Ռուսաստանից ու Ուկրաինայից: Ցավոք սրտի, նրանք ներխուժեցին` Հայաստանում մայդանի լինելու տպավորությամբ եւ լավ տարածում էին այդ միտքն իրենց մոտ: Իրենց փորձագիտական եւ լրագրողական շրջանակներում իրոք տպավորություն էր, թե Հայաստանում մայդան է: Ինչքան էլ փորձ էր արվում ապացուցելու, որ այդպես չէ, այնուամենայնիվ, բարդ էր: Հետեւաբար, ստիպված ստացվեց այնպես, որ ե՛ւ Բաղրամյանում գտնվող ժողովուրդը, ե՛ւ մեր տեղեկատվական դաշտի մասնագետներն ու լրագրողները նույնիսկ մի քիչ «բռի» ձեւով սկսեցին ստիպել այդ լրագրողներին հասկանալ, ով չէր հասկանում, ով չէր պատկերացնում, բացատրել, իսկ ով հատուկ էր անում, ուղղակի դուրս էր հանվում Բաղրամյան պողոտայից ընդհանրապես: Նրանց պարզապես ասվում էր, որ պետք չէ պղտոր ջրում ձուկ որսալ: Կարծես թե, ռուսական մեդիաներով արդեն հիմնականում տալիս են իրական տեղեկատվություն, որ այստեղ սոցիալական բնույթի բողոք է, այլ ոչ թե ինչ-որ մայդանի տեխնոլոգիա: Իսկ ուկրաինացիների մոտ վերջին երկու օրվա ընթացքում կարելի է որոշակի տրամադրության անկում տեսնել: Ի վերջո, նրանք էլ հասկացան, որ, փաստորեն, այստեղ մայդան չէ, ու հուսախաբված են: Ի դեպ, նույնպիսի իրավիճակ ստեղծվեց Պերմյակովի դեպքի ժամանակ: Եվ էլի հայկական մեդիա դաշտն ինքն իրենով չէր, այլ ռուսներ, վրացիներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ այստեղ ներկա էին եւ բավականին դժվար էր պայքարել 4-5 ճակատով: Մինչդեռ այս անգամ հիմնական խաղացողները ռուսներն ու ուկրաինացիներն էին, Արեւմուտքը մի փոքր ավելի նեյտրալ էր, եւ կարծես թե կարողացանք իրավիճակը շտկել:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk