ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է
Արխիվ 12-16ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՐԻՑ ՄԱՍՆԱՏՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌԱՋ Է

«Զվարճալի վերջաբան». նույնիսկ նման գնահատականներ տրվեցին Բաքվի եվրոպական խաղերի հետ կապված` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին քայլին: Այն է՝ Իլհամ Ալիեւը սեփական կնոջը՝ Մեհրիբան Ալիեւային պարգեւատրեց հոր՝ Հեյդար Ալիեւի անվան շքանշանով:
ԱԼԻԵՎԸ ՆԱԵՎ ՍԵՓԱԿԱՆ ԻՍԼԱՄԻՍՏՆԵՐԻ ԹԻՐԱԽՈՒՄ Է
Չնայած՝ սեփական կնոջը հոր անվան մեդալով պարգեւատրելու այդ պատմությունն արտաքին քարոզչամեքենաների կողմից զավեշտ գնահատելն ամենափոքր ձախորդությունն է, որին Եվրոպական խաղերի օրերին ստիպված էր բախվել Ադրբեջանի նախագահը: Այս իրավիճակի, ինչպես նաեւ՝ Արեւմուտքի հետ հարաբերությունների վատթարացման արդյունքում Ալիեւի առաջ ուրվագծվող «հեղափոխական» հեռանկարների, այդ իրավիճակում՝ դեպի Ռուսաստան շրջվելու հավանականության մասին շատ է խոսվել, ու չկրկնենք: Այնուամենայնիվ՝ այդ ամենի հետ կապված` դեռ որոշ նյուանսներ կան:
Սկսենք նրանից, որ բացի «դասական հեղափոխության» հեռանկարներից, Ալիեւը մեկ այլ, միգուցե՝ ավելի ծանր վտանգ եւս պետք է աչքի առաջ ունենա: Տարբեր գնահատականներով՝ վերջին տարիներին մինչեւ 10 հազարի կարգի ադրբեջանցիներ ներգրավվել են Սիրիայում պատերազմող տարաբնույթ խմբավորումների կազմում եւ այդ թվում՝ մինչեւ մոտ 5 հազարը՝ «Իսլամական պետության» ¥ԻՊ¤: Վերջին ամիսներին նկատվել են մի շարք կոնկրետ փաստեր, թե Ալիեւն ինչպես է փորձում տարաբնույթ իսլամիստական կառույցների ու մինչեւ իսկ՝ Սաուդյան Արաբիայի միջոցով եւ Թուրքիայի օժանդակությամբ գոնե չեզոք հարաբերություններ պահպանել ծայրահեղ իսլամիստական այդ շարժումների հետ:
ակայն այս փորձերից հետո էլ նույնիսկ ադրբեջանական որոշ աղբյուրներ են գնալով հաճախակիացող պարբերականությամբ այն հարցը բարձրացնում, թե Սաուդյան շեյխերը ներկայումս ի զորու են ինչ-որ կերպ ազդել ԻՊ-ի վրա: Այնուհետեւ, որ գնալով ավելանում են փաստերը, որոնք վկայում են ԻՊ-ի նկատմամբ Վաշինգտոնի ունեցած հստակ վերահսկողության մասին: Օրինակ՝ News.day.az-ը, թեեւ բավական զգուշորեն, ուրիշների խոսքերով, այնուամենայնիվ հասնում է այն մտքին, թե ԱՄՆ-ի «ահաբեկչության դեմ պայքարը ձեւականություն է. աշխարհում ահաբեկչության թիվ 1 պատվիրատուն հենց Վաշինգտոնն է»: Ավելին, որ ներկայումս. «Վաշինգտոնը լեգալացնում է ԻՊ-ը՝ ծրագրելով «Իսլամական պետությունը» իրականում վերածել Իսլամական Պետության՝ ճանաչված պետականության:
Թե ինչու Իլհամ Ալիեւը հենց այս պահին որոշեց տեսնել ծայրահեղ իսլամիզմից սպասվող վտանգը, երբ ընդամենը մեկ տարի առաջ հենց իր աշխատակազմի որոշ առանցքային չինովնիկներ էին վերահսկում նման ահաբեկչական խմբավորումների համար Ադրբեջանում վարձկաններ հավաքագրելու եւ Սիրիա գործուղելու հարցով, դժվար չէ կռահել: Նախ՝ Վաշինգտոնի հետ հարաբերությունների հետագա խորացման արդյունքում Ալիեւը ենթակա է ոչ թե պարզապես «դասական հեղափոխության» կամ սիրիական «հեղափոխության» կրկնության վտանգին ¥Սիրիայի օրինակով գրոհային խմբերի մասշտաբային ներթափանցումն Ադրբեջան հնարավոր չէ¤, այլ՝ կարող է գործել այդ երկուսի միջինացված տարբերակով: Այսինքն՝ ներքին «հեղափոխական» շարժման զուգահեռ՝ հարձակման հրաման կտրվի նաեւ ահաբեկչական խմբավորումների անդամ մինչեւ 10 հազար Ադրբեջանի քաղաքացիների:
Իսկ այն, որ Բաքվի հետ Վաշինգտոնի հարաբերությունները դեռ կվատանան, դժվար չէ կռահել:
Նկատի ունենք, որ Վաշինգտոն-Բաքու հարաբերություններում շատ բան կախված է Վաշինգտոն-Անկարա առնչություններից, իսկ այստեղ վիճակը գնալով միայն թեժանում է: Ընդ որում, դա հին հիմքեր ունի:
Օրերս նաեւ Wikileaks-ն ավելորդ անգամ բացահայտեց, թե որն էր սիրիական «հեղափոխության» իրական իմաստը. «Սաուդյան Արաբիան, Թուրքիան եւ Քաթարը 2012թ. գաղտնի համաձայնության են եկել Ասադի իշխանության տապալման շուրջ: Այդ երեք երկրների միջեւ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածությանն իրենց աջակցությունն են ցուցաբերել նաեւ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ Ֆրանսիան»: Թուրքիան, հասկանալի է, հույս ուներ, որ Սիրիայից հետո կգա Իրանի հերթը, որի տապալումը Անկարայի առաջ միանգամայն նոր հորիզոններ էր բացում: Ոգեւորված Ադրբեջանն էլ իր հերթին էր սկսել նույնիսկ քարտեզներ ստեղծել, թե ինչ չափով է իր տարածքներն ընդարձակելու Իրանի տապալումից հետո: Սակայն մոտ մեկուկես-երկու տարի առաջ պարզ դարձավ, որ Ասադը ռուսների եւ պարսիկների օգնությամբ հաջողությամբ կդիմադրի, որից հետո Վաշինգտոնը կարծես թե հիմնականում կենտրոնացավ Մեծ Քուրդիստանի ստեղծման գաղափարի վրա: Դժվար չէ կռահել, թե ինչու. անգամ ԱՄՆ-ի այնպիսի հավատարիմ դաշնակից, ինչպիսին է Սաուդյան Արաբիան, ռուսների հետ իր երկրում ատոմակայաններ կառուցելու բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքում: Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի պարզապես ոտատեղ չի մնում, եթե միայն արագորեն Քուրդիստան չստեղծի:
ՔՈՒՐԴԻՍՏԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՄՏՆՈՒՄ Է ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓՈՒԼ
Համենայնդեպս այն, որ ուղիղ մեկ տարի առաջ Վաշինգտոնի ծնած-սնած ԻՊ-ի կողմից Իրաքում սկսված պատերազմից եւ դրա սիրիական զարգացումներից ակնհայտորեն միայն քրդերն են շահել, դժվար չէ տեսնել: Նախ՝ քրդերը պատրվակ ստացան եւ ԱՄՆ-ի օգնությամբ հրաշալի զինվեցին: Երկրորդը՝ լրջորեն ամրապնդեցին իրենց ֆինանսատնտեսական ռեսուրսները: Եվ ամենակարեւորը. Իրաքի քրդաբնակ տարածքներից մինչեւ Սիրիայի քրդաբնակ հատվածներ ¥հիմնականում՝ Թուրքիային սահմանակից¤ այս պահին ստեղծված է մեկ միասնական քրդական գոտի ¥տե՛ս քարտեզը¤: Միաժամանակ՝ Սիրիայում եւ Իրաքում ԻՊ-ն իր վրա կենտրոնացնելով այդ երկրների պետական զինուժը, մի կողմից՝ Դամասկոսին ու Բաղդադին զրկում էին իրենց տարածքներում գնալով ամրապնդվող Քուրդիստանին հակազդելու միջոցներից: Այսպիսով՝ Քուրդիստանն այս պահին արդեն իրեն պետություն հռչակելու բոլոր հնարավորություններն ունի: Կներկայացնեն նաեւ հարմար պատրվակը. Իրաքն ու Սիրիան չեն կարողանում հակազդել միջազգային ահաբեկչության գրոհներին, մեզ էլ մնում է սեփական պետությունն ստեղծել, որ ինքներս մեզ պաշտպանենք:
Սակայն դժվար չէ նկատել, որ այս գործընթացն անլուծելի խնդիրներ է առաջ բերում Վաշինգտոն-Անկարա, զուգահեռաբար էլ՝ Վաշինգտոն-Բաքու հարաբերություններում, չնայած` Ալիեւի քրդական արմատներին: Համենայնդեպս՝ օրերս Էրդողանը հանդես եկավ միայն առաջին հայացքից անսպասելի թվացող նման հայտարարությամբ. «Թուրքիան երբեք թույլ չի տա, որ Սիրիայի հյուսիսում՝ Թուրքիայի հարավային սահմանների մոտ, ստեղծվի քրդերի պետություն: Անկարան գործի կդնի բոլոր հնարավոր ջանքերը, որ այդ նախագիծը երբեք չիրականացվի, ինչպիսին էլ որ լինի հարցի գինը»: Այն, որ այս իրավիճակը թշնամանքի է հասցրել Էրդողանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ, հայտնի փաստ է: Բայց նաեւ ակնհայտ է, որ չնայած դրան Վաշինգտոնն այս օրերին շեշտակիորեն թեժացնում է Մերձավոր Արեւելքի իրավիճակը, ակնարկ է այն մասին, որ Քուրդիստան պետության հռչակման պահը սարերի հետեւում չէ: Միակ խնդիրն է, որ Վաշինգտոնն արդեն պետք է գործընթացն արագացնի, ինչը կարող է այդ ողջ ծրագիրը ձախողելու պատճառ դառնալ: Այսպես՝ օրերս Ռուսաստանից հնչեց ԻՊ-ի դեմ ռեալ կոալիցիայի ստեղծման գաղափար: Դա, հասկանալի է, առաջ բերեց Վաշինգտոնի հիստերիկ արձագանքը, թե իր աջակցությունը չի ստանա ցանկացած նման կոալիցիա, որը ենթադրում է Ասադի ներգրավվածությունը: Չնայած՝ խնդիրը արդեն Ասադը չէ: Պարզապես ի տարբերություն ԱՄՆ-ի հայտարարած ծաղրանկարային պատերազմի, ռեալ կոալիցիան հաշված շաբաթների ընթացքում հիմքից կոչնչացնի ԻՊ-ին, որից հետո Քուրդիստանի գաղափարն էլ միանգամից կդառնա անհասանելի:
Ամեն դեպքում՝ ինչ ուղղությամբ էլ գնան զարգացումները, մեկ է՝ դա տարածաշրջանում գլոբալ փոփոխություններ է ենթադրում: Եվ հասկանալի է, որ Հայաստանը եւս այդ փոփոխություններից չի կարող զերծ մնալ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk