ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԸ «ԾԼԿՈՒՄ» ԷՐ ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ
Արխիվ 12-16ԱՍՏՂԱՅԻՆ ՊԱՏԸ «ԾԼԿՈՒՄ» ԷՐ ՎՏԱՆԳԻ ԺԱՄԱՆԱԿ

Վերջին մեկ շաբաթվա երեւանյան լարված իրադարձությունները դեռեւս շարունակում են լինել ոչ միայն հայաստանյան, այլ նաեւ գրեթե ողջ աշխարհի լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Այս ընթացքում հայտնի ու անհայտ մշակույթի գործիչներն իրենց ներկայությամբ կենդանի պատ էին կազմում ոստիկանների ու ցուցարարների միջեւ: Հատկանշական է, որ այդ օրերին Բաղրամյան պողոտայում ժամանակ առ ժամանակ հայտնվում էին նաեւ PR-ի կարիք ունեցող ինքնակոչ «աստղեր», որոնք, կարծես թե, իրենց պարտքն էին համարում մի քանի հաջողված սելֆիից կես ժամ անց հեռանալ Բաղրամյան պողոտայից ու ճանապարհին ճարպկորեն լուսանկարները տեղադրել համացանցում, թե իրենք էլ ետ չեն մնացել այդ «պայքարից»:
Մի խոսքով` էժան PR-ի տարբերակից օգտվեցին նաեւ մի քանի քաղաքական գործիչներ, բայց քաղաքականությունը թողնենք քաղաքական գործիչներին, քանի որ ի տարբերություն նրանց, որոշ PR-ամոլ շոուբիզնեսախառը «աստղեր» լարված իրավիճակներում լավ էլ հաջողացնում էին «ծլկել» վտանգավոր գոտուց ու պատսպարվել, այսպես ասած, «իջնել ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը»: Իրավիճակի հանդարտվելուն պես, կրկին վերադառնում էին «պոստ» ու հնարավորինս փորձում տեսախցիկների աչքին լավ երեւալ: Դե, մարդ ես, մեկ էլ երբ լինի նման հնարավորություն:
Այդ օրերին նաեւ կենդանի պատ կազմողների շարքում, մեկ օրով ու մի քանի ժամով ներկա էր վաղուց ազգի դավաճանի պիտակը ճակատին փակցրած կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով տարածքից հեռանալուն պես, որոշեց եւս մեկ անգամ թարմացնել դավաճանի պիտակը ու երկրորդ անգամ հարցազրույց տվեց ադրբեջանական լրատվամիջոցին... Դրանից հետո ցուցարարները մասնավոր զրույցների, ապա նաեւ համացանցի միջոցով հայտարարեցին, որ եթե հաջորդ անգամ Խզմալյանին տեսնեն Բաղրամյան պողոտայում, ապա այդ հանդիպումը ոչնչով չի տարբերվի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ «հանդիպումից»: Չնայած Խզմալյանի դեպքում կգործի գորտի հայտնի տարբերակը` թքում են երեսին, ասում է` անձրեւ է գալիս:
Կույտը մշակեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk