«ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ»
Արխիվ 12-16«ԻՆՁ ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՒՄ Է ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԱԳՐԵՍԻՎՈՒԹՅՈՒՆԸ»

Օրերս մի քանի օր շարունակ Բաղրամյան պողոտայում ստեղծված իրավիճակի մասին Երեւանի պատվավոր քաղաքացի, ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր, ջազմեն ՄԱՐՏԻՆ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻ արտահայտած կարծիքը բուռն ընդունվեց հանրության կողմից, նույնիսկ բանը հասավ հայհոյանքների: «Իրավունքի» հետ զրույցում կոմպոզիտորն ասաց, որ այստեղ դեր խաղաց կրթության եւ դաստիարակության փոփոխությունը:
Այն կրթությունը եւ դաստիարակությունը, որ ստանում էինք դպրոցում, տալիս էր իր պտուղները, արդյունքում մեր խոսքը կիրթ էր ու գրագետ: Մի անգամ դպրոցից դուրս եկանք, ընկերներիցս մեկն ասաց` այս ժամին որտե՞ղ կլինես, ես ասացի` տունը: Մի տարիքով մարդ ինձ կողքից ասաց տղա ջան, տունը չես լինի, դու տանը կլինես: Հիմա եթե ես համարձակվեմ մեկին փողոցում ինչ-որ հարցի վերաբերյալ դիտողություն անել, խորհուրդ տալ, չգիտեմ ինչ պատասխան կստանամ: Այ այդպիսի մի բան էլ եղավ այս դեպքում, որտեղ դեր խաղաց կրթության եւ դաստիարակության փոփոխությունը: Ինձ անհանգստացնում է մարդկանց` երիտասարդների ներքին ագրեսիվությունը, որը երեւի գալիս է զբաղվածության պակասից: Նրանց հիմնական զբաղմունքը սկսվում եւ ավարտվում է սրճարանում, դիսկոտեկում, գնանք տժժանք... Գուցե ծերունական փնթփնթոց կարող է հնչել, բայց ինքնագնահատականի չափազանցում կա: Իսկ ամենագիտակ մարդկանցից մեկն ասել է, որ ինքը գիտի միայն այն, որ ոչինչ չգիտի, ինչն ասում է այն մասին, որ նա շատ բան գիտի:
«ԻՆՉՊԵՍ ԿԱՐՈՂ Է ՄՏԱՎՈՐԱԿԱՆԸ ԽՈՐՀՈՒՐԴ ՏԱԼ, ԵՐԲ ՆՐԱ ԱՍԱԾԸ ՏԵՂ ՉԻ ՀԱՍՆՈՒՄ»
-Պարոն Վարդազարյան, նման դեպքերում մտավորականի խոսքը ե՞րբ է տեղ հասնում:
- Մտավորականի խոսքն ընդունվում է, արձագանք է գտնում, երբ դիմացինի սպասելիքն է արդարացնում: Դրա համար քննադատական խոսքը, որպես այդպիսին, թե՛ արվեստում, թե՛ գրականությունում կորցրել է իր տեսակարար կշռի նշանակութունը: Մակարդակը մի փոքր իջել է, հիմա թամաշայի է վերածվում ամեն ինչ, նույնիսկ շատ բարձր, վեհ գաղափարները, որովհետեւ հարկավոր է, որ ամեն ինչ լինի արագ` շոու: Հիմա ուշադրություն դարձրեք արվեստի մեջ շատ ցայտուն ստեղծագործություններ պակասեցին, փոխարենը գալիս է կրկնօրինակումը, նույնի պատճեն անելը: Անհատականությունն անցնում է երկրորդ պլան, եւ ինչպե՞ս կարող է մտավորականը խորհուրդ տալ, եթե նրա ասածը չի հասնում տեղ, ընկալելի չէ` պարարտ հողի մեջ չի ընկնի:
- Գուցե դա գալիս է նրանից, որ մշակույթի տարբեր ոլորտներում բացակայում է քննադատների աշխատանքը:
- Անուն չեմ տա, բայց իսկապես ունենք թատերական մեկ քննադատ, որի խոսքը տեսակարար կշիռ ունի` թե՛ գովելիս, թե՛ թերություններ նշելիս: Ժամանակին ունեինք անվանի քննադատներ, որոնց խոսքը ընդունվում էր, մենք շատ լավ երաժշտագետների սերունդ ունեինք: Այսօր էլ ունենք, բայց նրանց խոսքը մնում է միայն մասնագետների հետ շփման մեջ: Շատ բան փոխվել է, գուցե լավ է, բայց ես չեմ կարողանում հասկանալ` թե ինչու:
- Ասում են, որ լավ սերունդ ունենք, ձեր ոլորտում հատկապես մեծ ապագա է սպասվում:
- Հիանալի երաժիշտներ ունենք, բայց դուրս գալու համար ասպարեզ չկա, ինչն էլ դժվարություն է ստեղծում: Դասական երաժշտության կողքին, նույնպես հիանալի դեմքեր ունենք նաեւ ջազային երաժշտության բնագավառում, որոնք ցանկացած երկրի նվագախմբի առաջին ձայնը կարող են լինել: Ամեն եվրոպական քաղաք չէ, որ կարող է պարծենալ 2 պետական ջազ նվագախմբերով, ինչպես մեզ մոտ` Պետական ջազ նվագախումբը` Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ եւ Հանրային ռադիոյի էստրադային-սիմֆոնիկ նվագախումբը կամ Սիմֆոջազը` Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Կարծում եմ` հնարավոր կլինի 2 նվագախմբին համատեղ ծրագրեր մշակել գուցե ոչ հենց այսօր, բայց` արժե: Իսկ երիտասարդները հաճախ չեն կարողանում գնալ դրսում մասնակցել մրցույթների կամ փառատոների` հենց նյութականի բացակայության պատճառով: Տաղանդավոր մարդկանց բոլոր դեպքերում պետական հովանավորությունն անհրաժեշտ է, խթանում է` որպես ստեղծագործող եւ որպես պատասխանատու` իր երկրի առջեւ:
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՂԹԱՆԱԿ ԵՆԹԱԴՐՈՒՄ Է ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԻ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ»
- Իսկ որքանո՞վ են մրցույթները նպաստավոր:
- Միշտ չէ, որ մրցույթներում արժանին է հաջողության հասնում, յուրաքանչյուր հաղթանակ ենթադրում է ինչ-որ մեկի պարտությունը: Իսկ արվեստում երեւի հարկավոր չէ այդպիսի չափանիշներով մոտենալ` հատկապես «Եվրատեսիլում»: Ամեն անգամ ուզում եմ համոզվել, գուցե սխալվում եմ, սակայն կրկին գալիս եմ եզրակացության, որ այնտեղ ո՛չ երգը, ո՛չ բովանդակությունը, ո՛չ մակարդակը, ո՛չ մեղեդայնությունը նշանակություն չունեն, այնտեղ բոլորովին ուրիշ չափանիշներ են, որոնք, ըստ երեւույթին, արվեստի հետ կապ չունեն:
«ԵԹԵ ԱՆՋԱՏԵՆ ԷԼ, ՈՉԻՆՉ, ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ»
-Կհամաձայնե՞ք, որ այսօր համերգասրահներում դասական համերգներն են գերիշխում, որտեղ դահլիճները լեցուն են:
- Այո, պիտի հաճելիորեն նաեւ նշեմ, որ հեռուստատեսությունում էլ այսօր դասական երաժշտությունը տեղ է գրավում: Մի ժամանակ կիսալուրջ-կիսակատակ առաջարկեցի` բոլոր հեռուստակայանները նույն ժամին դնեն նույն երաժշտական դասական ծրագիրը: Գիտեք ինչ կստացվի, մի քանի անգամ կփոխեն ալիքները, 6-րդ անգամ կուզենան լսել: Եթե անջատեն էլ, ոչինչ, էլեկտրաէներգիայի խնայողություն կլինի: Ցավոք, այսօր հայ կոմպոզիտորների երգերն այդքան շատ չեն հնչում, բայց պիտի ասեմ, որ շնորհակալ գործ է անում Ստեփան Ռոստոմյանը` հիանալի արվեստագետներ է հրավիրում Հայաստան: Սա էլ արդեն չափանիշ է` ոչ միայն հնարավորություն ես ունենում լսելու նրանց, այլ գնահատելու մեր ունկնդրին, մեր հնարավորությունները, դահլիճները... Ինչ-որ տեղաշարժ կա, բայց քիչ է` մեզ մոտ տաղանդավոր մարդիկ շատ են` մի քառակուսի մետրի համար: Այո, մենք բոլոր բնագավառներում տաղանդավոր ազգ ենք` մեր բոլոր ծայրահեղություններով հանդերձ: Մեզ թվում է` ամբողջ աշխարհը մեզ շատ լավ գիտի, բայց ամբողջ աշխարհը նույնիսկ քարտեզի վրա միշտ չէ, որ կարողանում է գտնել, թե որտեղ է Հայաստանը: Այնպես որ, մեր յուրաքանչյուր լավ արվեստագետի ելույթը աշխարհի ցանկացած ծայրամասում նպաստում է դրան, որ քարտեզի վրա փնտրեն Հայաստանն ու գտնելով ասեն` ա՜, ուրեմն սա է Հայաստանը, որ այսքան տաղանդներ է տվել:
«ՄԵԶ ԹՎՈՒՄ Է` ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀԸ ՄԵԶ ՇԱՏ ԼԱՎ ԳԻՏԻ»
-Այս տարի, կարծես թե, Հայաստանի տեղը լավ իմացավ ամբողջ աշխարհը:
- Այո, ինձ թվում էր, որ Քարդաշյանի այցն այդպիսի նշանակություն չի ունենա` լավ, եկել է իր հայրենիքը, բայց պարզվեց, որ նրա տեսակարար կշիռը, ճանաչված լինելու մեջ, նույնպես մեծ դրական նշանակություն ունեցավ: Չեմ կարող ասել, որ ինձ համար նա կուռք է, բայց ողջ աշխարհում նա դեր խաղաց դրանով եւս: Սերժ Թանգյանի երեւանյան համերգը նույնպես: Էլ չեմ ասում Շառլ Ազնավուրի մասին: Իսկ Հռոմի պապի հայտարարությունը բացարձակ նշանակություն ունեցող էր, սա արդեն կոչ էր` ողջ աշխարհի ոչ միայն կաթոլիկներին` ճանաչել, հասկանալ, գնահատել եւ վերաբերմունք ցուցաբերել: Մենք ո՛չ նավթ, ո՛չ գազ ունենք, մեր հարստությունը մշակույթն է: Ի վերջո, բոլոր ժամանակներում ստեղծված արվեստի լավագույն գործերը` թեկուզ ուշացումով, իրենց գնահատականին արժանանում են: Բայց ավելի լավ է, որ հեղինակի կենաց օրոք է դա արվում, որ Վան Գոգի նման սոված չմեռնի, հետո միլիոններով վաճառեն նրա նկարները...
«ՔԻՉ ԺԱՄԱՆԱԿ Է ՄՆԱՑԵԼ, ՀԱՍՑՐՈՒ ՄԻ 2 ԲԱՆ ԷԼ ԱՐԱ»
-Առաջիկայում ի՞նչ նոր գործերի վրա եք աշխատում:
- Մտահղացումներ ունեմ, բայց շատ դանդաղ են շարժվում, հետագա կյանքը դեռ չտեսնելով` չեմ կարող ամբողջությունը պատկերացնել: Չնայած, այդ դանդաղության մեջ էլ առավելություն կա` յուրաքանչյուր քայլին քննադատորեն եմ մոտենում: Երգային բնագավառում կան մի քանի ստեղծագործություններ, բայց հիմնականում տանեցիների համար:
- Ինչո՞ւ:
- Երբ հասունանա պահը, որ գտնեմ արդեն արժանի են ձեր ունկնդրմանը, այդ ժամանակ դուք էլ կլսեք: Վերջին շրջանում սպասելիքներս ինքս ինձանից մի քիչ ավելի շատ են, քան ես դա անում եմ:
- Փաստորեն ծուլացել եք:
- Երեւի, կաշխատեմ ինքս ինձ խթանել եւ համոզել, որ վերջապես արդեն քիչ ժամանակ է մնացել, հասցրու մի 2 բան էլ արա: Միշտ ասում եմ` այն պահին, որ ես աշխատում եմ, ինձ թվում է մարդկությունը կկործանվի` առանց այդ նոտայի, դրա համար անպայման պիտի գրեմ: Գրելուց հետո է պարզվում, որ մարդկությունը շատ լավ էլ կարող է ապրել` առանց իմ գրած նոտայի:
- Իսկ ի՞նչն է եք ամենից շատ կարեւորում:
- Երբ մարդ հասկանում է, որ անտեղի չի ապրել եւ ապրում: Ամենամեծ երջանկությունը, երբ մարդ կարողանում է իր զավակին գրկի վրա պահել, հետո տեսնել նրան մեծացած: Իսկ հետո թոռին` իր հետ փոքրանալով ու մեծանալով: Այնուհետեւ ծոռը, որը ես արդեն 3-ն ունեմ: Ա՛յ, երեւի դա է կյանքի իմաստը, իրական անմահությունը: Կուզենայի, որ բոլորն էլ վայելեին ծոռների քաղցրությունը եւ արժանանային կոռների քաղցրությանն ու ուրախությանը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk