«ԱՐԱՅԻ» ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է
Արխիվ 12-16«ԱՐԱՅԻ» ԶՈՀՎԱԾ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋ ԴՍՏԵՐ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՔԱՇՔՇՈՒԿՆ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է

«Արայ» ընկերության նախկին սեփականատեր, 2011թ.-ին իր մեքենայում սպանված Արմեն Պետրոսյանի 6-ամյա դուստրը շարունակում է մնալ մոր` Տատյանա Չադենկովայի մոտ, չնայած որ երեխայի տատիկը երկու տարի առաջ դիմել էր դատարան` թոռան խնամակալությունը վերցնելու համար: Եվ ահա երկու տարուց ավել ընթացող դատական նիստը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Տատյանա Չադենկովայի փաստաբան ՆԱՐԻՆԵ ՌՇՏՈՒՆԻՆ, կարծես թե հասնում է իր հանգուցալուծմանը.
-Դատավարությունը մոտենում է ավարտին, արդեն դատաքննության փուլ ենք մտել, այնպես որ, մի երկու նիստից հետո կհրապարակվի վճիռը: Երեխան այժմ գտնվում է Հայաստանից դուրս` ՌԴ-ում` մայրիկի հետ: Նա շատ երջանիկ է Տատյանայի կողքին, իսկ փոքրիկի տատիկը` Կ. Սուքիասյանը, ոչ մի ապացույց չի ներկայացրել դատարանին, ըստ որի` հենց նա պետք է զբաղվի թոռան խնամակալությամբ: Դատերին էլ, մենք ներկայացուցիչներով ենք լինում. ո՛չ Տատյանան, ո՛չ էլ Կարինե Սուքիասյանն այսքան ժամանակ չեն եկել դատարան:
Փաստաբանի այս խոսքից ենթադրելի է, որ Ա. Պետրոսյանի աղջիկը կմնա մոր մոտ: Այդ տպավորությունը ստուգելու համար փորձեցինք կապվել նաեւ կռվախնձոր դարձած փոքրիկի տատիկի` Կ. Սուքիասյանի փաստաբան ՍԱՄՎԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ հետ, պարզելու` ինչով է պայմանավորված, որ հակառակ կողմը շարունակում է պնդել, որ նրանք չունեն բավարար ապացույցներ` երեխային մորից զրկելու համար: Սակայն, ինչպես եւ նախորդ անգամները, այս անգամ եւս փաստաբանը խուսափեց, որեւէ պատասխան տալուց` նշելով.
- Մենք առհասարակ չենք ցանկանում, որ լրատվամիջոցները լուսաբանեն այս թեման, եւ ոչ մի տեղեկություն չենք ցանկանում հրապարակել: Ուստի խնդրում եմ չանհանգստացնել ո՛չ ինձ, ո՛չ վստահորդիս:
Ի դեպ, Արմեն Պետրոսյանի 6-ամյա դստեր խնամակալության այս պատմությունը որոշ աղբյուրներ կապում են նաեւ այս հանգամանքի հետ: Ըստ այդ տեղեկությունների՝ Արմեն Պետրոսյանից մնացած սեփականությունը, մասնավորապես՝ «Արայի» բիզնեսը Կ. Սուքիասյանի ձեռքին է, թեեւ ենթադրվում է, որ ունի այլ օգնող ձեռքեր: Բայց ժառանգության իրավունք, հասկանալի է, ունի նաեւ Ա. Պետրոսյանի դուստրը, որը կվերահսկի նրա խնամակալը: Այսինքն՝ ի՞նչ պատկեր ի հայտ կգա այս խնամակալական վեճերից հետո, առավել եւս, որ ունեցվածքը հաստատ միայն «Արայով» չի սահմանափակվում: Սակայն մեր այս հարցին Կ. Սուքիասյանի փաստաբանը տվեց անհասկանալի պատասխան՝ թե դա լրատվամիջոցներին վերաբերող հարց չէ, եւ նորից խնդրեց իրեն չանհանգստացնել: Չնայած, եթե խնամակալության դատը ավարտվում է, այս հարցերի պատասխանները շուտով կհստակեցվեն: Իսկ դա կարեւոր է նաեւ նրանով, որ ժամանակին այդպես էլ անհերքելիորեն չներկայացվեց Արմեն Պետրոսյանի մահվան պատճառը, մինչդեռ վարկածներից մեկն ամեն ինչ կապում էր հենց այդ սեփականության հետ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk