ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀՍՏԱԿԵՑՎԵՑ` ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ, ԻՍԿ ՈՎՔԵՐ` ՄԱՅԴԱՆՉԻ
Արխիվ 12-16ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵԺ ԱՐԵՎԱԴԱՐՁ. ՀՍՏԱԿԵՑՎԵՑ` ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՅ, ԻՍԿ ՈՎՔԵՐ` ՄԱՅԴԱՆՉԻ

Եվ այսպես, ՀՀ նախագահը հստակություն մտցրեց «էլեկտրական» պատմությունների մեջ: Սակագինը չի բարձրանա մինչեւ չլինեն աուդիտի արդյունքները: Գումարած դրան` հաճելի «բոնուսներ». Պերմյակովը հանձնվեց ՀՀ-ին, վարորդ Հրաչյա Հարությունյանն արտահանձնվում է մեր երկրին, 200 մլն դոլարի զենքի վարկ է հատկացվում, հատկացվում են անհրաժեշտ գումարները` մեր ատոմակայանը արդիականացնելու:
ԴՐԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԸ
Ճիշտ է, սակագնի բարձրացումը ոչ թէ չեղարկվեց, այլ կասեցվեց, բայց... Ամենակարեւորը` ՀԷՑ-ում աուդիտի անցկացումն է, այն էլ` հանրային հսկողության ներքո: Հենց աուդիտն էլ կպատասխանի այն հարցին, թե ինչպիսի չարաշահումներ են եղել, որոնց պատճառով ամեն տարի սակագնի բարձրացման հարց է դրվում: Եվ թե ինչեր կբացահայտվեն` ինչպես մեր պաշտոնատար անձանց արածից, այնպես էլ` Չուբայսի «ճտերի»:
Ի դեպ, ինչ վերաբերում է տխրահռչակ Բիբինին: «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում ՍԻՄ նախագահ Հայկ Բաբուխանյանը որոշ փակագծեր բացեց Բիբինի եւ ՀՀԿ խմբակցության հանդիպումից, որի ժամանակ ինքը Բիբինին ասել էր, որ առկա չարաշահումների համար ԽՍՀՄ-ի օրոք պարզապես կգնդակահարեին: Ի դեպ, նույն «Կոմսոմոլսկայա պրավդան» նաեւ նույն Բիբինի կենսագրությունից հետաքրքիր դրվագներ է ներկայացրել, մասնավորապես, թե ինչպես այդ վայ-մենեջերը ժամանակին փորձել էր պարտքերի դիմաց հոսանքազրկել Վոլգոգրադ քաղաքն ամբողջությամբ:
Կարելի է ասել, որ աուդիտի անցկացումը նույնիսկ ավելի կարեւոր նվաճում է, քան սակագնի կասեցումը, քանզի վերջապես կբացվի բազմամյա չարաշահումների եւ գողությունների թարախապալարը: Պարզ է, որ ոչ քիչ թվով չինովնիկներ դրանից, մեղմ ասած, չեն ուրախանա: Ու եւս կարեւոր հանգամանք` Սերժ Սարգսյանը տեղեկացրեց, որ աուդիտի համապատասխան արդյունքի դեպքում կարող է հարց բարձրացվել էլցանցերի սեփականատիրոջ փոփոխության եւ անգամ ազգայնացման վերաբերյալ: Իսկ դա արդեն նշանակում է երկրի ինքնիշխանության աստիճանի բարձրացում:
Ի դեպ, հարկ է նշել, որ ինքնիշխանության տեսակետից Պերմյակովի հանձնումը մեր երկրին աննախադեպ երեւույթ է, եւ նշանակում է ԵՏՄ-ում մեր կարգավիճակի բարձրացում: Աննախադեպ է նրանով, որ գերտերությունը` Ռուսաստանը, սեփական քաղաքացուն հանձնում է իր դաշնակցին, ինչը, համաձայնեք, գերտերությունների պրակտիկայում եզակի երեւույթ է: նաեւ հետաքրքիր փաստ` նախագահի խոսքից հետո, որ երեւանյան մայդանի մասին պնդումները, մեղմ ասած, անհիմն են, սսկվեցին նաեւ «էլեկտրական» ցույցերը մայդան պիտակավորող ու դրանով մեր քաղաքացիներին վիրավորող ռուսական հեռուստաալիքները, նրանց տոնայնությունը միանգամից փոխվեց: Իսկ զուտ ներքաղաքական «պլյուսներից»` երիտասարդական «Ոչ թալանին» նախաձեռնությունը, չունենալով ոչ փորձ, ոչ էլ հանրահայտ առաջնորդ, կարողացավ հանրությանն ի ցույց դնել մեր «նարնջագույն» ընդդիմության զրոյին մոտեցող իրական գինը:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՄԱՅԴԱՆՉԻՆԵՐԸ ՄԻԱՆԳԱՄԻՑ ԻՐԵՆՑ ՄԱՏՆԵՑԻՆ
Բնականաբար, ՀՀ նախագահի հայտարարությունից հետո «Ոչ թալանին» նախաձեռնությունը պետք է կոնկրետ դիրքորոշում արտահայտեր, ինչն այդքան էլ հեշտ չէ, քանզի մայրաքաղաքի կարեւորագույն պողոտան մեկ շաբաթ շարունակ գրաված ցուցարարների թեկուզ զուտ իներցիան բավականին մեծ է: Գումարած դրան` մեկ շաբաթ շարունակ իրենց քրտնաջան քարոզչական աշխատանքն էին անցկացնում բոլոր տեսակի շպիոնօնիկները, իսկ քաղաքական լուսանցքում հայտնված «նարնջագույն» կուսակցություններն ու գործիչները, ինչպես նաեւ տարատեսակ «աբիժնիկները» հույս ունեին, որ երիտասարդական սոցիալական շարժումը կքաղաքականացվի, կլինեն թեժ զարգացումներ, որոնք իրենց երկրորդ շնչառություն կնվիրեն:
Բայց, այնուամենայնիվ, շարժման փաստացի առաջնորդներից Վաղինակ Շուշանյանը, չնայած ծանր հոգեբանական բեռին եւ ամբողջ գիշեր առկա բարոյահոգեբանական ճնշումների փորձերին, կարողացավ ցուցարարներին կոչ անել հեռանալ Բաղրամյան պողոտայից եւ բողոքի գործողությունները շարունակել Ազատության հրապարակում: Ու վերաբերմունքն այդ քայլին դարձավ այն լակմուսի թուղթը, որը ցույց տվեց` ովքեր էին սոցիալական շարժման անկեղծ մասնակիցներ, իսկ ովքեր էին հետապնդում մութ նպատակներ: Միանգամից դիմակները թռան` «Հիմնադիր խորհրդարանը» կոչ արեց մնալ Բաղրամյանում, հիշատակվեցին նաեւ «ռեժիմը հեռացնելու» արդեն մոռացված կարգախոսները, իսկ «դիպլոմով փչացած» հին հաստիքային մայդանչի Արգիշտի Կիվիրյանը սկսեց խոսել «Ոչ թալանին» նախաձեռնության ղեկավար կազմի «փչանալու» եւ այլնի մասին:
Ե՛վ ԶԼՄ-ներում, ե՛ւ սոցցանցերում միանգամից տեղի ունեցավ հստակ տարանջատում` ովքեր են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող նորմալ հայ մարդիկ, իսկ ովքեր են բացահայտ կամ ծպտյալ մայդանչիները: Միանգամից երեւում էր` ովքեր փորձեցին 22-ամյա Շուշանյանից եւ այլ տղաներից խլել ազդեցությունը ցուցարարների զանգվածի նկատմամբ եւ ցանկացած գնով փորձել պահել զանգվածին Բաղրամյան պողոտայում, որը երիտասարդներին հաջողվեց մեկ շաբաթ շարունակ փակ պահել, ինչի մասին ցանկացած ընդդիմադիր միայն երազել կարող էր:
Նպատակները երեւացին նաեւ լուսաբանման եղանակներից: Այսպես, եթե 1in.am կայքը բավարարվում էր չորուցամաք ուղիղ հեռարձակումով` ինչպես որ կա, ապա ԱՄՆ-ին պատկանող «Ազատություն» ռադիոկայանը ոչ միայն անընդհատ դա ուղեկցում էր սադրիչ մեկնաբանություններով եւ սադրիչ դեմքերից վերցրած հարցազրույցներով, այլեւ որոշ պահերի ավելի հին կադրերը հեռուստադիտողի վրա սաղացնում էին` որպես ուղիղ եթեր: Դե, իսկ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կեղծավոր «մտահոգությունը» մեր վարչապետի հայտարարությունից առաջ անընդհատ հնչեցնելը այնքան էր զահլահան արել «Ֆեյսբուքի» հայ օգտատերերին, որ այդ ռադիոկայանի վերաբերյալ բազում կծու մեկնաբանություններ ի հայտ եկան:
Դե պարզ է, որ ամերիկացիները հերթական անգամ փորձեցին իրենց քիթը խոթել մեր ներքին գործերի մեջ, «Ազատություն» ռադիոկայանն էլ սեփականատիրոջ հանձնարարությունը պետք է կատարեր` փորձելով գրգռել մայդանային կրքեր: Սակայն ամենաարգահատելին Վարդան Օսկանյանին պատկանող «Սիվիլնեթ» ինտերնետ հեռուստաալիքի վարքագիծն էր, որի համեմատ նույնիսկ «Ազատությունը» կարելի է համարել չեզոքության ու օբյեկտիվության էտալոն: «Սիվիլնեթը» չխորշեց եւ ոչ մի կեղտոտ տեխնոլոգիայից եւ լրիվ արդարացրեց հայ բլոգերների կողմից կնքված իր ոչ պաշտոնական անունը` «Զիբիլիթաս»:
Ինչեւէ, փաստ է, որ այլեւս բոլորի աչքի առաջ է, թե ովքեր են մեր մայդանչիները: Սակայն, օրինակ, «Հիմնադիր խորհրդարանի» եւ Ժիրայր Սէֆիլյանի պարագայում առկա է նաեւ վարկած, որ նա ունի ոչ միայն (իսկ միգուցե ոչ այնքան) մայդանային դրդապատճառ, որքան մեր բյուրոկրատիայի որոշակի հատվածի պատվերի կատարումը: Չէ՞ որ առկա է չինովնիկության մի շերտ, որին աուդիտի ավարտից հետո լավագույն դեպքում սպասվում է խայտառակ պաշտոնանկություն, իսկ վատագույն դեպքում նաեւ երկար տարիներ` համապատասխան աստվածահաճո վանդակավոր հիմնարկությունում: Պարզ է, որ այդպիսի չինովնիկները ոչ մի ջանք չեն խնայի` բզբզելու ցանկացած փողոցային գործընթաց, միայն թե ամեն կերպ վարկաբեկեն աուդիտի գաղափարը:
Դե ինչ, ամփոփելով, կարող ենք նշել, որ «էլեկտրական» զանգվածային ցույցերից դուրս եկանք պլյուսով: Ե՛վ օտարին սպասարկող ուժերն ու տարրերը բացահայտվեցին, ե՛ւ երիտասարդական շարժումն իր բոլոր թերություններով հանդերձ, դարձավ կատալիզատոր այն գործընթացների ու որոշումների, որոնք մեր երկրին եւ պետությանը միանշանակ օգտակար են:
Իսկ ՀՀ նախագահը այդ գործընթացում իրեն դրսեւորեց որպես շրջահայաց եւ սառնասիրտ ղեկավար, ով կարողանում է առանց ավելորդ խոսքերի, առանց պիտակավորումների արձագանքել նաեւ հսկայական թափ հավաքած բողոքի ակցիաներին:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

