«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
Արխիվ 12-16«ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՑ ԷԼ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ ՄԱՐԴԻԿ ԵՆ»
Գրեթե մեկ շաբաթ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշումը չեղյալ հայտարարելու նպատակով Բաղրամյան պողոտան փակած ցուցարարների կողքին են նաեւ մշակույթի գործիչները: Շատերը կարծում են, որ սա էլ «մայդան» է` հայկական տարբերակով: Ստեղծված իրավիճակը կվերածվի՞ հայկական «մայդանի», թե՞ կունենա իր «happy end»-ը: «Իրավունքի» հետ զրույցում կիթառահար, երգիչ ԵՂԻՇԵ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով մի քանի օր է նրանց կողքին է ասաց. «Անկախ նրանից, թե ինչ հանգուցալուծում կունենա այս ամենը, կարեւոր քայլ եմ համարում` կարեւոր ճանապարհ անցնելու համար: Ո՛չ մի երկիր, ո՛չ մի ժողովուրդ միանգամից ոչնչի չի հասել: Այնքան հեղափոխություններ են արել, այնքան արյուն է թափվել, այնքան պայքար է գնացել, որ հիմա դարձել են երկրներ, որոնց մատնացույց են անում: Բայց ինձ ամենից շատ ուրախացնում է երիտասարդությունը, որը չի ենթարկվում որեւիցե ուղղորդվող տրամաբանության, իրենք ինքնուրույն որոշումներ են կայացնում: Այսինքն` անկաշառ շարժում է դառնում: Ոչ ոք չի ուզում ոչինչ ջարդել-փշրել, եթե նման բան է լինում, սադրիչները տեղավորվում են, որպեսզի առիթ ունենան ցրելու միտինգը: Այդ պատնեշը, որ ստեղծեցինք մտավորականներով ու քաղաքական գործիչներով, հրաշալի գաղափար էր, բարիդրացիական մթնոլորտում անցկացրեցինք գիշերը, ինչը մարդկանց ավելի բարի է դարձնում, երիտասարդներին ու ոստիկաններին` ավելի վստահ, որ չեն լինի սադրանքներ: Իսկ մենք նրանց կողքին ենք, որովհետեւ մեր պարտքն է` ամեն բան անենք, որպեսզի այս առաջընթացը հնարավորինս խաղաղ պայմաններում գնա: Չէ՞ որ երկու կողմից էլ մեզ համար կարեւոր մարդիկ են` մեր հայրենակիցներն են, ամեն մեկի համար պարտավոր ենք սրտացավ լինել: Հուսանք` այս ամենը լավ ավարտ կունենա, եւ արդեն մեր պետական այրերը պարտավոր են շատ լուրջ մտածել ընդհանրապես իրենց արած ամեն մի սխալ որոշման ու քայլի համար: Չի՛ կարելի կեղեքել ժողովրդին, այս հրաշալի ժողովուրդը լավ ապրելու իրավունք ունի եւ դա վաստակել է»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk