«ԵԽ ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԻՐԵՆՑ ՔԱՅԼԵՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ»
Արխիվ 12-16«ԵԽ ԲԱԶՄԱԹԻՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԻՐԵՆՑ ՔԱՅԼԵՐՈՒՄ ԲԱՑԱՐՁԱԿ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ»
Ինչպես արդեն նշել է «Իրավունքը», այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ ամառային նստաշրջանի նիստում հայաստանյան պատվիրակությունն արձանագրել է բավական ակնառու հաղթանակ: Ադրբեջանում քաղաքացիական ինստիտուտների գործունեության վերաբերյալ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողների պատրաստած զեկույցն ընդունվել է առանց հակահայկական` «օկուպացված տարածքներ» ձեւակերպման, որը կար զեկույցի նախնական տեքստում: Արդյունքում ԵԽԽՎ պատգամավորների մեծամասնությունն իրենց քվեարկությամբ մերժել են պրոադրբեջանական դիրքորոշում ունեցող համազեկուցողներ Պեդրո Ագրամունդի եւ Թադեուշ Իվինսկու կողմից պատրաստված զեկույցի այդ հատվածը, որի հետ Ադրբեջանը մեծ հույսեր էր կապում:
Այս մասին «Իրավունքը» զրուցեց Ստրասբուրգից երեկ ժամանած ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻ հետ, ով ուշագրավ մանրամասներ հաղորդեց ԵԽԽՎ-յան գործընթացների մասին.
- Հեղինակներն Ադրբեջանում քաղաքական ինստիտուտների գործունեության մասին զեկույցում դրել էին մի կետ, որը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին ու նշում էին, թե այն օկուպացված տարածք է: Մենք խնդիր ունեինք սա հանելու, որովհետեւ մի քանի տրամաբանությամբ չէր համապատասխանում իրականությանը: Նախեւառաջ ոչ մի բանաձեւում նման ձեւակերպում չկա, երկրորդը` խոսքը վերաբերում է Ադրբեջանում տիրող իրավիճակին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղին: Արդյունքում մեզ հաջողվեց փոփոխություն մտցնել այդ կետի մեջ, չնայած` ադրբեջանական լուրջ լոբբինգին, բազմաթիվ եվրապատգամավորների իրենց կողմը քաշելուն:
- Ըստ էության, միայն այս զեկույցով չեն սահմանափակվում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները, քանի որ ԵԽԽՎ-ում ազատ քննարկման ձեւաչափում ադրբեջանցի պատվիրակը հիշատակել է «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործը` համարելով այն Ղարաբաղի եւ հարակից յոթ շրջանների օկուպացիայի իրավական այլեւս հաստատված հիմք:
- Մենք պետք է միաժամանակ հասկանանք, որ ադրբեջանական կողմը փորձելու է կատարել քայլեր այլ զեկույցներով, այլ տարբերակներով կրկին անդրադառնալու դրան: Պարզապես, սա պայքարելու հարթակ է: Նաեւ պետք է նշել, որ Եվրոպայի խորհրդի բազմաթիվ պատգամավորներ իրենց քայլերում բացարձակ չեն համապատասխանում այն արժեքներին, որոնք դրված են Եվրոպայի խորհրդի առաջ: Կա խավիարային դիվանագիտություն ու այդ մասին խոսվում է: Բացի այդ, բազմաթիվ այլ խնդիրներ կան ներքին կանոնակարգումների հետ կապված: Միեւնույն ժամանակ, կան պատգամավորներ, որոնք տեսնում են իրականությունը: Մասնավորապես անցյալ նիստի ժամանակ կլոր սեղան էր, որտեղ խոսվում էր Ադրբեջանի մասին, որ իրենց կողմից օգտագործվում է անհարկի փողեր եւ խավիարային դիվանագիտություն է իրականացվում: Այնպես որ, ներսում կան այսպիսի գործընթացներ, այսպիսի մոտեցումներ, բայց արժեքային դիրքորոշումները պետք է վերականգնվեն, եւ սա բոլորի համար պետք է ընդունելի լինի:
- Ի՞նչ կասեք ադրբեջանական պատվիրակության արձագանքների մասին, մասնավորապես երբ զեկույցից հանվեց «օկուպացված տարածքներ» եզրույթը:
- Ադրբեջանական ռեակցիան եղավ ընդհուպ մինչեւ վիրավորանքներ, վիրավորածություններ: ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը նաեւ քննարկումների ժամանակ բավականաչափ արհամարական մոտեցումներ ցուցաբերեց: Ուղղակի, իրենք մեծ ֆինանսներ են դնում ու փորձում են մոբիլիզացնել: Լոբբինգը մեծ չափերի է հասնում, ինչի համար էլ մենք հարց դրեցինք լոբբինգի իրավական կարգավարման վերաբերյալ, որովհետեւ ոչ թափանցիկ լոբբինգն անթույլատրելի է: Պաշտոնապես խոսեցինք, որ այս ամենը պետք է կարգավորվի եւ սա կարծում եմ` հետագա աշխատանքի, նույն Եվրոպայի խորհրդի իրավական զարգացման խնդիրներն են: Եվ այս խնդիրների մասին խոսում ենք ոչ միայն մենք, այլեւ եվրոպացի պատգամավորներն ու մասնագետները:
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ԵԽԽՎ ամբիոնն օգտագործեց` անդրադառնալով Բաղրամյան փողոցում տիրող իրավիճակին: Արդյո՞ք դա այն հարթակն էր, որտեղ պետք էր բարձրացնել մեր ներքին սոցիալական պահանջը:
- Պատգամավորը ներկայացնում է այն խնդիրը, որը տեսնում է, այստեղ գաղտնիքներ չկան, իրականություն է եւ մարդիկ իրականության մասին են խոսում…
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk
