ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԻՃԱԿՈՎ
Արխիվ 12-16ԵՐԱԺՇՏԱԳԵՏՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ Է ՕՊԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆԻ ՎԻՃԱԿՈՎ

Վերջերս «Թատրոն X» թատերական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ քննարկում` «Մասնագիտական խոսքի սպասումով» խորագրով: Քննարկումը, որն այս տարի իր մեջ ներառել էր մի քանի ոլորտներ` թատերագիտություն, երաժշտություն եւ գրականություն, այդ կերպ ազդարարեց փառատոնի մեկնարկը: Երաժշտագետ ԱՆՆԱ ԱՐԵՎՇԱՏՅԱՆՆ «Իրավունքի» հետ զրույցում խոսեց ոչ միայն ոլորտի բացթողումների, այլեւ ձեռքբերումների ու կայացած քննարկման հետագա ազդեցությունների մասին:
«Կարծում եմ` այս հավաք-քննարկումը Բյուրականի նորաստեղծ հրաշալի ակադեմիայում, նոր որակ կբերի մեր արվեստագիտական քննարկումների մեջ: Գուցե դրան իրոք հետեւեն ինչ-որ գործնական քայլեր, որոնք մինչեւ հիմա չեն արվել: Անձնական փորձից եմ ասում` տարիներ շարունակ անտեսվում է քննադատների, արվեստագետների, մտավորականների խոսքը, կարծիքը եւ շարունակվում է նույն սխալ կադրային-խաղացանկային քաղաքականությունը` իր բոլոր հետեւանքներով: Որեւէ օրինակ չեմ կարող բերել, երբ քննադատական լուրջ վերլուծական մի ելույթ կամ հոդված ունենա իր դրական արդյունքը: Խորհրդային միությունն իր բոլոր թերություններով հանդերձ` ուներ նաեւ դրականը` կար մշակութային քաղաքականություն, պետական հովանավորություն` մշակույթի, արվեստի, գիտության ոլորտում: Այն միանգամից փլուզվեց եւ մնացինք, ինչպես ասում են` չոր տախտակների հույսին: Ստիպված էինք զրոյից սկսել կամ` ով ինչ անձնական կապեր, հնարավորություններ ուներ` գործադրեց»:
Երաժշտագետը անդրադարձ կատարեց նաեւ Օպերային թատրոնին, ըստ նրա` այսօր բացի «Անուշ» օպերայից, այլ հայկական գործեր չեն բեմադրվում. «Օպերային թատրոնը կայանում է ազգային երգացանկով, բայց արդեն քանի տարի է` մեր Օպերային թատրոնում բացի Ա. Տիգրանյանի «Անուշից», Տ. Չուխաջյանի «Արշակ 2-րդ»-ից, Ա. Սպենդիարյանի «Ալմաստից»` գրեթե ոչինչ չկա: Անընդհատ իրար են հաջորդում այդ 3 ներկայացումների նոր բեմադրությունները` իմաստը չեմ հասկանում: Դոփում ենք տեղում, մոռանալով, որ գոյություն ունի հրաշալի ազգային կոմպոզիտորական դպրոց, ստեղծագործողներ»: Այդուհանդերձ` Ա. Արեւշատյանը մատնացույց արեց 60-ական թվականները. «Վիճակը միշտ չէ, որ այդպիսին է եղել, հիշենք 60-ականները, լուսահոգի Էդգար Հովհաննիսյանի տնօրինության տարիները, դա մեր Օպերային թատրոնի ամենածաղկուն շրջանն էր: Այդ տարիներին Օպերային թատրոնը համարվում էր ԽՍՀՄ-ի լավագույն օպերային թատրոններից մեկը, նրա երգացանկը ընդգրկում էր 62 անվանում, ասելն է հեշտ... Էլ չեմ ասում հայ ժամանակակից կոմպոզիտորների օպերաների եւ բալետների մասին, որոնք իրար էին հաջորդում: Դրանց իրականացման համար ներգրավվում էին լավագույն օպերային ռեժիսորներ, բալետմայստերներ, երգիչներ, նկարիչներ... հիշե՛ք` ինչ անուններ էին աշխատում այդ տարիներին... Շատ եմ մտահոգված մեր Օպերային թատրոնի վիճակով: Հիմա կասեն` չէ՞ որ Ա. Տերտերյանի «Երկրաշարժը», Ալ. Հարությունյանի «Սայաթ-Նովան» բեմադրվեց, բայց 1-2-ը շատ քիչ է, երբ ունենք ազգային ժամանակակից կոմպոզիտորական դպրոց: Հիմա ասեք` ի՞նչ անի երաժշտագետը կամ երաժշտական քննադատը, երբ նրա բազմաթիվ ելույթները` ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր, ոչ մի արդյունքի չեն բերում»:
Ա. Արեւշատյանը նաեւ շեշտեց, որ հոռետես չէ` նկատում է նաեւ դրական տեղաշարժերը. «Չեմ կարող չնկատել նաեւ այն դրական քայլերը, որն անում է մեր ղեկավարությունը` խոշոր դասական փառատոների հովանավորությունը, բոլորովին վերջերս Կաննում տեղի ունեցած եվրոպական խոշորագույն միջազգային երաժշտական ֆորումը, Կաննի շուկան... Նաեւ այն, որ այդ խոշոր միջազգային իրադարձությանը իր մասնակցությունն ունեցավ մեր նախագահը, մշակույթի նախարարը եւ այլ պետական այրեր, խոսում է այն բանի մասին, որ ամեն ինչ կորած չէ եւ նրանք նույնպես գիտակցում են` մեր մշակույթը այն հիմնական բրենդն է, որով կարող ենք ներկայանալ ամբողջ աշխարհին,- նշեց երաժշտագետն ու փաստեց, որ այսօր ավելի շատ տեղ է տրվում դասական արվեստին. «Որովհետեւ ղեկավարությունը համոզվեց` այդ արվեստին հովանավորելը տալիս է իր դրական արդյունքը եւ միջազգային արձագանքը, մեծանում է մեր մշակույթի վարկանիշը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk